Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վստահ են, որ վարկն իրենց «ցավին դարման չի անի»

Հուլիս 04,2009 00:00

\"\"«Առավոտի»՝ «Գեոպրոմայնինգի վերցրած վարկի ճակատագիրն անհայտ է» հրապարակման մեջ (17.06.2009) անդրադարձել էինք ընկերության մի շարք խնդիրներին: Հիշեցնենք, որ ընկերության աշխատակիցները մեզ դժգոհել էին, որ ընկերությունը դեռ նախորդ տարի «ՎՏԲ» բանկից $78 միլիոնի վարկ է ձեռք բերել, սակայն այդ գումարը գործարանի առաջընթացին ոչ մի կերպ չի ծառայել, բացի այդ, աշխատակիցները դժգոհել էին կոմբինատում ընթացող շարունակական կրճատումներից:

Թե ի՞նչ նպատակով է ծախսվել $78 մլն վարկը, գործարանի լրատվական ծառայությունից երեկ «Առավոտին» տեղեկացրին, որ «Գեոպրոմայնինգ գրուպը» 2007-ի դեկտեմբերին «ՎՏԲ» բանկից նշված գումարի չափով վարկ է վերցրել, որով գնել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերը»: Առաջին հայացքից արտասովոր ոչինչ չկա. վարկ են վերցրել՝ գործարան են գնել, սակայն հետաքրքիրն այն է, որ մեր կառավարությունը պղնձամոլիբդենային գործարանը վաճառել է մի ընկերության, որն իր բյուջեում ոչ մի կոպեկ փող չուներ:

Այս տրամաբանությամբ ստացվում է, որ ցանկացած մարդ կամ կազմակերպություն, որն իր գրպանում, ասենք՝ ընդամենը 1000 դրամ ունի, կարող է բանկից խոշոր վարկ վերցնել, այդ վարկի դիմաց այն գործարանը գրավ դնել, որը պատրաստվում է գնել եւ հանգիստ աշխատել, եկամուտներ ստանալ, ու կամաց-կամաց էլ ձեռքի հետ ստացած վարկից մարել: Հիշեցնենք նաեւ, որ դեռեւս 2004-ին Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը կառավարության կողմից $600 հազարով օտարվեց ամերիկյան մի ընկերության, որն էլ 3 տարի անց հանքը վերավաճառեց «Գեոպրոմայնինգ» ընկերությանը:

Ինչ վերաբերում է աշխատակիցների կրճատմանը, գործարանից վստահեցնում են, որ հուլիսի 1-ից, երբ կոմբինատը սկսի աշխատանքները, ապա հետ կկանչվեն հարկադիր պարապուրդում գտնվողները: Նշենք, որ կառավարությունը կոմբինատին տրամադրել է $14 մլն վարկ:

«Առավոտին» դիմած գործարանի մի խումբ աշխատակիցներ մտահոգ են, որ կառավարության տված վարկը իրենց ոչ մի օգուտ չի տալու եւ ետ չեն կանչվելու 200-ից ավելի աշխատակիցները, որոնք ազատվել են աշխատանքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել