Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ՕԲՅԵԿՏՆԵ՞Ր

Հուլիս 04,2009 00:00

\"\"Պատգամավոր Սամվել Ալեքսանյանը իր համայնքի երեխաներին չաղացնում ու փարթամացնում է՝ առանց որեւէ ակնկալիքի:

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վերջերս սկսել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի մի քանի մանկապարտեզների հովանավորել: Բոլոր այդ մանկապարտեզներում նոր երեխաների ընդունելությունը դադարեցվել է, ինչը հարուցել է համայնքի բնակիչների դժգոհությունը, ըստ որոնց, պատգամավորը, ամենայն հավանականությամբ, այդ մանկապարտեզներն ուզում է իրենով անել ու տեղը մի հերթական օբյեկտ բացել:

Ս. Ալեքսանյանի հովանավորության տակ գտնվող մանկապարտեզներում, ներկայանալով որպես ծնող, իսկապես մեզ էլ ոչ մի կերպ չհաջողվեց տնօրեններին համոզել, որ մեր երեխային ընդունեն իրենց մոտ. բոլոր տնօրենները միաբերան պնդում էին, որ այլեւս տեղ չունեն:

«Սեբաստիա» կրթահամալիրի տնօրեն Ալվարդ Թովմասյանն «Առավոտի» հետ զրույցում պարզաբանեց. «Երբ ես տնօրեն եկա, արդեն 200 երեխա կար, հիմա համարյա կրկնակի ավելացել է՝ մոտ 350 երեխա: Համարյա այդքան էլ հերթագրվածների ցուցակում կան, դրա համար էլ ընդունելություն չունենք»: Նա հերքեց այն լուրերը, որ մանկապարտեզի տարածքը հնարավոր է ծառայի այլ նպատակների համար:

Արդեն 5 ամիս է՝ համայնքի թիվ 17 մանկապարտեզի բոլոր ծախսերը՝ աշխատավարձերը, երեխաների սնունդը, մանկապարտեզի վերանորոգումը նույնպես, Ս. Ալեքսանյանն է հովանավորում: Երբ այս մանկապարտեզի տնօրեն Գոհար Թորոսյանին փոխանցեցինք համայնքի բնակիչների մտահոգությունն ու խնդրեցինք պարզաբանումներ տալ, նա վրդովվեց. «Ինչպե՞ս կարելի է պարոն Ալեքսանյանի պես բարերար մարդու անունն այդպես արատավորել: Նա անում է ամեն ինչ, որ մեր մանկապարտեզը ծաղկի: Ես ամեն օր ինքս իմ մեջ ասում եմ՝ երանի պարոն Ալեքսանյանի նման գտնվեր եւս 5 հոգի, որ կարողանային թեթեւացնել Մալաթիա-Սեբաստիա համայնքի ծնողների հոգսը: Այսօր, եթե երեխան իր տանն ամիսը մեկ անգամ միս չի ուտում, այստեղ ամեն օր մեր «մենյուում» միս կա, հավ, կաթնամթերք, կոնֆետ, միրգ, բանջարեղեն. ամեն օր մեզ մոտ աղցան են ուտում, այնքան կուշտ են սնվում, որ ծնողը կարող է իր երեխային տուն տանելուց հետո միայն մեկ բաժակ թեյ տալ ու քնեցնել»: Գոհար Թորոսյանը նկատել է, որ ինչ Ս. Ալեքսանյանը հովանավորում է իրենց մանկապարտեզը, երեխաները բավականին «չաղացել ու փարթամացել են»: Նրա խոսքերով՝ «Ես տեսնում եմ երեխայի կուշտ ու երջանիկ աչքերը, դա ինձ արդեն բավարար է: Հիմա ոչ միայն ես, այլեւ ցանկացած ծնող պարոն Ալեքսանյանի անունով է երդվում»: Թիվ 17 մանկապարտեզում ներկայումս սովորում է 90 երեխա: Երբ վերանորոգումն ավարտվի, տնօրենի հավաստմամբ, եւս 200 երեխայի կընդունեն, սակայն ընդունելությունն արդեն կկազմակերպվի նոր կարգով. «Պարոն Ալեքսանյանն այստեղ ուզում է հավաքել մեր համայնքի միայն սոցիալապես անապահով երեխաներին: Թաղապետարանում հանձնաժողով է ստեղծվել, որը մանրակրկիտ ստուգելու են երեխայի փաստաթղթերը, նա պետք է անպայման «Փարոս» ծրագրում ընդգրկված լինի: Դա այն ծնողների համար է արվում, որոնք ի վիճակի չեն իրենց երեխայի համար մանկապարտեզի վարձը տալ»:

Ըստ շրջանառվող լուրերի, ինչ պարոն Ալեքսանյանը սկսել է հովանավորել մի քանի մանկապարտեզների, այնտեղ միայն իր մարդկանց է աշխատանքի տեղավորել. այն բարեկամ-ծանոթներին, ում դեռ չի կարողացել աշխատանքով ապահովել «Երեւան սիթիներում», «Լուսաստղներում», «Kaiser»-ներում եւ իրեն պատկանող տասնյակ այլ օբյեկտներում, այժմ փորձում է տեղավորել մանկապարտեզներում: Օրինակ, «Սեբաստիա» կրթահամալիրի դայակից, դաստիարակից սկսած մինչեւ տնօրեն՝ ալեքսանյանականներ են, տնօրենն էլ բոլորովին վերջերս է նշանակվել: Տնօրեն Ալվարդ Թովմասյանի խոսքերով՝ «Իմ՝ տնօրեն նշանակվելը պարզապես համընկել է պարոն Ալեքսանյանի հովանավորության հետ: Նախկին տնօրենը՝ Վերոնիկա Գեւորգյանը, 85 տարեկան կին էր: Նրա տարիքը 10-15 տարի առաջ էր լրացել տնօրենի պաշտոնի համար, ուստի նրան ուղարկել են թոշակի, իսկ նրանից հետո տնօրեն էր դարձել իր աղջիկը, որը մասնագիտությամբ բժիշկ է: Նրանք երկուսն էլ ազատվել են սեփական դիմումի հիման վրա, իսկ ինձ նշանակել է ոչ թե Սամվել Ալեքսանյանը, այլ՝ թաղապետարանը»:

Գոհար Թորոսյանը նույնպես հերքեց, որ իրենց մոտ պատգամավորի ուղարկած մարդիկ են աշխատում. «Իսկապես՝ սրտի ցավ եմ ապրում: Չի կարելի Ալեքսանյանի պես մարդու աշխատանքը ջուրը գցել: Մեր աշխատակիցները բոլորն էլ 7 տարի է՝ այստեղ են: Մեր մանկապարտեզում չի կարող պատահական, կրթություն չունեցող մարդ աշխատել, հնարավոր է նա աշխատի դայակ, հավաքարար, բայց ոչ դաստիարակ: Ոչ մի կողմնապահություն ո՛չ պարոն Ալեքսանյանի, ո՛չ էլ թաղապետ Դավիթ Օհանյանի կողմից՝ չի եղել, մենք ներգրավում ենք նրանց, ովքեր համապատասխանում են տվյալ աշխատանքին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել