Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիության խորհրդատվական խումբը շարունակելու է աջակցել

Հուլիս 04,2009 00:00

Երեկ կայացել է Եվրամիության խորհրդատվական խմբի եւ տնտեսական քաղաքականության ու իրավաբանական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) հանձնախմբի համատեղ նիստը:

Նիստը վարել է ԱԱԽ քարտուղար, եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը: Վերջինս նշել է, որ ՀՀ-ԵՄ 2009-2011 թթ. գործողությունների ծրագրով նախատեսված է շուրջ 200 ուղղություններով ծրագրերի իրականացում, եւ այդ նպատակով արդեն ձեւավորվել են միջգերատեսչական մի շարք աշխատանքային խմբեր. «Մենք ակնկալում ենք, որ ԵՄ փորձագետներն ավելի ակտիվորեն կներգրավվեն այս գործում, որովհետեւ շուրջ 10 նախարարություններում աշխատող փորձագետները պետք է կարողանան նպաստել 2009-2011 թվականների գործողությունների պլանով նախատեսված ծրագրերի իրականացմանը»: Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը նշել է. «Կարծում եմ՝ ԵՄ խորհրդատվական խումբը, որն այստեղ է, որ տարբեր նախարարությունների խորհրդատվական աջակցություն ցուցաբերի, եւ AEPLAC-ը, որը վերապատրաստման ծրագրեր է իրականացնում, ձեզ լայն հնարավորություն է տալիս բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին: Որոշակի կոնկրետ արդյունքներ արդեն ունենք»:

Ծրագրի բարեհաջող իրականացումը կարեւորել են Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպան Գիեդրիուս Ապուոկասը եւ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը:

ԵՄ խորհրդատվական խմբի ղեկավար Ռոլֆ Բոեհնկեն ներկայացրել է խմբի աշխատանքը: Մասնավորապես՝ առաջին եռամսյակում (2009 թվականի ապրիլ-հունիս ամիսներին) խումբը ներկայացրել է հակակոռուպցիոն ծրագրի նախագիծը, նախագծել է հանրային բարեփոխումների ծրագիրը, առաջարկություններ է ներկայացրել հանրային ծառայությունների ոլորտի, ինչպես նաեւ մարդու իրավունքների ազգային ծրագրի վերաբերյալ: Խորհրդատվական խումբն աշխատում է նաեւ Հայաստանում դիվանագիտական ակադեմիայի ստեղծման ուղղությամբ, աջակցում է էկոնոմիկայի նախարարությանը Հայաստանի՝ ազատ առեւտրի համաձայնագրին միանալու գործում:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը աշխատանքների սկիզբը տպավորիչ է համարել. «Երբ մի քանի ամիս առաջ Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ քայլեր կատարվեցին եվրոպական խորհրդատուների ինստիտուտը Հայաստանում հիմնելու ուղղությամբ, դեռ քչերն էին պատկերացնում, թե այն որքան գործնական եւ ամենօրյա աջակցություն կարող է ապահովել Հայաստանում բարեփոխումների իրականացման գործում: Կարծում եմ՝ մենք այսօր հիմք ունենք, որի վրա կարող ենք զարգացնել այդ համագործակցությունը»:

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը եւս ողջունել է ծրագիրը եւ նշել, որ համապատասխան գերատեսչությունների ղեկավարները պետք է ամենօրյա համագործակցության մեջ լինեն իրենց հետ աշխատող փորձագետների հետ: ԵՄ խորհրդատվական խումբն առաջիկա 6 ամսվա ընթացքում նախատեսում է զբաղվել կառավարման համակարգի (հակակոռուպցիոն ծրագիր, հանրային ադմինիստրատիվ բարեփոխումներ, էլեկտրոնային կառավարում եւ թափանցիկություն եւ այլն) եւ կայուն տնտեսական զարգացման հարցերով, կշարունակվեն աշխատանքները նաեւ պետական պարտքի կառավարման, հարկային եւ մաքսային ոլորտներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել