Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՉ ԹԵ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ»

Հուլիս 04,2009 00:00

\"\"Ալբերտ Բաղդասարյանը ՀԱԿ-ին առաջարկում է փոխել խնդիրը

– ՀԱԿ-ի արտահերթ հանրահավաքում միտք հնչեց, որ համաներմամբ պայքարի նոր փուլ է սկսվում. կիսո՞ւմ եք այդ տեսակետը:

– Լավ է, որ Հայաստանում պայքար կա, բայց ես ցանկանում եմ անդրադառնալ ՀԱԿ-ի առաջարկած այն պլատֆորմին, որի շուրջ պետք է միանան ընդդիմադիրները: Շատ նման է մինչեւ նախագահական ընտրություններն արված այն առաջարկին, որ եթե նախագահի վեց թեկնածուները միավորվեն՝ ապա երկու տարով կլինեմ նախագահ: Նախապես անիրականանալի պայման: Ես չեմ պատկերացնում, որ Արտաշես Գեղամյանը, Վազգեն Մանուկյանը, Դաշնակցությունը միավորվեին Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության շուրջ: Այս 12 կետերն առանձին-առանձին ընդունելի են՝ մեկի համար 10-ը, մյուսին՝ 8-ը, երրորդին՝ 12-ն էլ, բայց վստահություն չկա: Մեկն էլ կարծիք էր հայտնել, թե այդ 12 կետերից քանի տոկոսն ընդունում ես՝ այնքան ընդդիմադիր ես: Բայց ես ընդդիմադիր լինելու իմ պատկերացումներն ունեմ՝ եթե դու ընդդիմադիր ես եւ քո թիվ մեկ առաջարկը համակարգը փոխելը չի, որը ներառում է նաեւ Սահմանադրությունը փոխել, մնացյալ կետերը՝ տվյալ պահի ներքաղաքական խնդիրների լուծման, կարելի է մի 10-20-ով էլ ավելացնել: Ես էլ կասեմ՝ մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի կողքին չլինի ԱԺ-ի լուծարման, նախարարների հրաժարականների պահանջ… ես դառնում եմ ավելի՞ ընդդիմադիր: Ինձ համար ընդդիմադիր են նրանք, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով լծված են Հայաստանի ավտորիտար համակարգը փոխելուն՝ ոչ թե քաղաքական լուծումների միջոցով՝ ես ավելի բարի մարդ կլինեմ կամ ռուսական վարկերն ավելի բարեխիղճ կբաշխեմ: Առաջարկներում հստակ պետք է նշված լինի իշխանափոխությունից հետո կամ առաջ ինչ-որ ժամկետ, որի ընթացքում Սահմանադրությունը կփոխվի, մնացած քաղաքական լուծումների հետ ես եւ շատերը կարող են համաձայն չլինել, բայց համակարգը փոխելու համար միավորվել՝ ինչպես 1988-ին: Այն ժամանակ ժողովուրդը միավորվել էր ոչ թե կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանին Սուրեն Հարությունյանով փոխարինելու համար, այլ տրանսֆորմացվեց, ընդլայնվեց ղարաբաղյան հարցի շուրջ, եւ համակարգը փոխելու խնդիր առաջացավ: Հենց համակարգը փոխվեց՝ միանգամից առաջացան ազգայնականներ, սոցիալիստներ եւ այլն, եւ դա էր հարստությունը:

– Դուք համարում եք, որ առաջին նախագահը եւ ՀԱԿ-ի շատ այլ լիդերներ իրենց հայտարարություններում անկե՞ղծ չեն:

– Ձեւակերպման հետ միանգամայն համաձայն եմ: Հատկապես, որ չի ասվում, որ նախորդ կյանքում մենք հիմք ենք դրել այս վայրագ համակարգին, ուղղակի ավելի բռի մարդիկ ավելի վայրագ են դրսեւորվում, եւ մենք գիտակցել ենք ու կգանք համակարգը կփոխենք, իսկ դրա համար հիմնական օրենքը կփոխենք՝ դրա հետ էլ Ղարաբաղի հարցում էլ ավելի «հայրենասեր» կլինենք: Չակերտներում, որովհետեւ հայրենասիրությունը չափորոշիչներ չունի: Իմ պատկերացմամբ՝ դա նորմալ, ամենօրյա աշխատանքով նորմալ երկիր կառուցելն է, ոչ թե խոսքերն են՝ թե ով ավելի քիչ կտա Ղարաբաղը: Ի վերջո, մի բան հասկանանք՝ ազատագրված տարածքները շատ կտանք, թե քիչ, թե կպահենք ամբողջությամբ՝ կախված է, թե ինչքանով է Հայաստանը նորմալ պետություն: Այլապես, եթե մեծ ութնյակը սեղանի շուրջ նստած հանկարծ որոշի 500 միլիոն եվրոյով Հայաստանը վաճառել ու ՌԴ-ի շահերն էլ Ադրբեջանի նավթի, Թուրքիայի հետ լուծումներ ստանան՝ լուծումները Հայաստանին կպարտադրեն: Առավել եւս այն Հայաստանին, որի ղեկավարությունը կապ չունի ժողովրդի հետ, որի պետական կառավարման համակարգը չի բերում ժողովրդի, պետական եւ ընդդիմադիր հատվածների միավորման: Նման երկիրը ո՞նց է պաշտպանելու Ղարաբաղը: Անցյալ դարասկզբին արտասահմանում նստած հուշեր գրելո՞վ: Չեմ կարծում, որ դա ճանապարհ է, բայց մենք այսօր ռեալ այդ ճանապարհի վրա ենք: Իշխանությունը, որպես իշխանություն, ընդդիմությունն՝ իր գիտակցված կամ չգիտակցված քայլերով:

– ԵԽԽՎ-ի՝ Հայաստանի մասին 1677 բանաձեւով մեր երկիրը շարունակում է մնալ մոնիտորինգի դաշտում: Ըստ Ձեզ՝ ի՞նչ է դա նշանակում եւ իրականում ինչ-որ բան մեզ տվե՞ց այդ բանաձեւը:

– Ժողովուրդը լավ խոսք ունի՝ «դուզ խոսքն էշին են ասում»: Ոչ ոք թող չպատկերացնի, որ ԵԽԽՎ-ն պետք է ուղիղ ասի՝ մեզ ձեռք է տալիս, որ ընտրություններն այդպես լինեն, դուք իրար սպանեք եւ մեզ հնարավորություն տաք միջամտելու եւ Ադրբեջան-Հայաստան հակադրությունում թույլ կետ լինեք ու դրանով հնարավորություններ տաք խնդիրներ լուծելու: Դարձեք ուժեղ՝ դուք օգտվեք այդ հնարավորություններից: Երեւանի ավագանու ընտրություններով էլ մենք ավելի թուլացանք: Հիմա պիտի մնանք մոնիտորինգի տակ, եթե այլ բան չեղավ՝ «Ա1+»-ի հարցն իբրեւ խաղաթուղթ կօգտագործեն՝ Եվրոպական դատարանը որոշում է կայացրել, չենք իրագործել: Եվրոպական կառույցներին ես վերաբերվում եմ իբրեւ քաղաքական մեսիջների աղբյուր: Ենթադրենք, ԵԽԽՎ-ն որոշեր, որ համաներմամբ բավարարված են, եւ մենք այլեւս մոնիտորինգի տակ չմնայինք, Հայաստանում իրավիճակը կփոխվե՞ր, բոլորս մեզ պաշտպանվա՞ծ կզգայինք, ոստիկանությունը՝ ժողովրդի պաշտպան, իշխանությունն էլ՝ ժողովրդի ծառա՞: Մենք կմնանք մոնիտորինգի տակ այնքան, ինչքան պետք է եվրոպացիներին՝ Անդրկովկասում իրենց հետաքրքրող քաղաքական հարցերը լուծելու համար: Առայժմ ՌԴ-ի շահերը դրանց հակադրվում են, բայց առաջին ծիծեռնակը՝ ՌԴ-Ադրբեջան, երեւաց: Եթե շահերը մի պահի համընկան՝ Հայաստանին կպարտադրեն տարբերակներ: Մեծ եղավ ներքին դիմադրողականությունը, քաղաքական օբյեկտից դարձանք սուբյեկտ՝ կշահենք, ընդ որում, դատողությո՞ւնները չպետք է լինեն պրիմիտիվ՝ մի ադրբեջանցու ստորագրությունն է հայրենասիրություն կամ հակահայություն, թե՞ նախագահի հետ ամիսը մեկ ադրբեջանցիների հանդիպումը:

– Ասում են՝ քաղաքական ամառը թեժ է լինելու: Հայաստանին ռեալ վտանգներ սպառնո՞ւմ են այս ընթացքում:

– ՌԴ-ի հետ եվրոպական երկրների մի մասի հակասությունները մինիմումի են հասցված. եթե ՌԴ-ի՝ աշխարհի ամենամեծ եւ ամենացինիկ շահերով առաջնորդվող եւ ամենաազնիվ երկրի, որը չի քողարկում իր շահն արդար ընտրությունների, մարդու իրավունքների ներքո, շահը համընկավ, այս ամռանը կարող են զարգացումներ լինել, որոնք ռեալ սպառնալիք կլինեն մեր երկրին: Համենայնդեպս, բոլորի ցանկությունն է դա:

– Ներքին ուժեղ շարժումը կարո՞ղ է ստիպել, որ մեր իշխանությունները ճակատագրական փաստաթղթեր չստորագրեն:

– Եթե արտաքին շահը համընկավ իշխանության շահին՝ «դաբրոն» կտան, ուժով կսանձեն: Ինձ համար միակ տարբերակը սա է՝ այսօրվա՝ անձերի հարցը լուծելու ճանապարհից անցնել համընդհանուր նպատակի ու միավորել ժողովրդին: Նկատի ունեմ՝ համագործակցության այնպիսի առաջարկ անել, որ ոստիկանությունը հավեսով չծեծի ցուցարարին, քրեականի պետը չմտածի, որ սրանք եկան՝ ինձ կհանեն աշխատանքից, ուրեմն՝ պայքարեմ, որ չգան: Եվ ծեծող ոստիկանի հոգեբանությունը պետք է փոխվի, եւ հրաման տվողի: Դա մենք արել ենք՝ 1988-ին: Այդ դեպքում շարժումն ավելի կուժեղանա, կմիանան անգամ իշխանական համակարգում գտնվող շատերը, իսկ իշխանափոխությունը կդառնա ածանցյալ, ինչպես 1990-ի իշխանությունը եղավ համակարգը փոխելու խնդրի հետեւանք: Ցավոք, համակարգը փոխվեց միայն արտաքնապես:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել