Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ ՇՆՈՐՀԱԿԱԼ Է ՆԱԵՎ ՀԱՋԻԲԵՅԼԻԻՑ

Հուլիս 04,2009 00:00

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Սարգիս Հացպանյանը հուլիսի 2-ին զանգահարելով «Առավոտ»՝ ասաց. «Ես՝ քաղբանտարկյալ, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանս, ուզում եմ շնորհակալություն հայտնել Զարուհի Փոստանջյանին՝ Ստրասբուրգում իր կատարած քայլի համար: Մարդը մարդ է ծնվում՝ ո՛չ հայ, ո՛չ ճապոնացի, ո՛չ էլ ֆրանսիացի: Իր արածը համամարդկային արժեք է՝ մարդու իրավունքներից է բխում, ժողովրդավարությունից, եւ մեծ մարդասիրություն է: Եթե իր առաջարկների տակ որեւէ թուրք կամ ադրբեջանցի պատգամավոր է ստորագրել՝ ես շնորհակալություն եմ հայտնում նաեւ այդ ադրբեջանցի եւ թուրք պատգամավորներին, որոնք մի քայլ առաջ են իրենց մտածողությամբ եւ կեցվածքով Արցախում հայրենիք պաշտպանած ազատամարտիկի հանդեպ: Այժմ «Վարդաշենում» են գտնվում բազմաթիվ նախկին ազատամարտիկներ, որոնք քաղբանտարկյալներ չեն, բայց Հայրենիքի պաշտպանության համար ժամանակին կռված, իրենց պարտքը կատարած մարդիկ են: Նրանք եւս այս մասին մտածում են այնպես, ինչպես ես: Եվ չեմ հասկանում՝ Հայաստանի իշխանությունը ներկայացնող կուսակցությունների գործիչներն ի՞նչ երեսով են այսօր դատափետում ՀՀ մի սքանչելի քաղաքացու՝ Զարուհի Փոստանջյանին, կեղծ հայրենասիրական իրենց լոլոներով: Եթե այդ բոլոր մարդիկ այդքան հայրենասեր էին՝ երբ Արցախը վտանգի մեջ էր, թող այնտեղ ցույց տային իրենց հայրենասիրությունը: Հպարտանում եմ Զարուհի Փոստանջյանով, անձամբ խոնարհվում եմ եւ շնորհակալություն հայտնում նրան, որ իմ եւ մեր ընկերների դատն է պաշտպանել Ստրասբուրգում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել