Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏ ՉԿԱ

Հուլիս 04,2009 00:00

\"\"Երեկ ՀԱԿ-ի ներկայացուցիչները ասուլիսներ են տվել

Չնայած ամռան շոգին, հայաստանյան ընդդիմությունը՝ ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, շարունակում է իր քաղաքական ակտիվ գործունեությունը: Խոսքը ոչ միայն հանրահավաքների կամ «քաղաքական զբոսանքների», այլեւ մամուլի տարբեր ակումբներում Կոնգրեսի ներկայացուցիչների կողմից իրենց դիրքորոշումները հանրությանը ներկայացնելու մասին է: Երեկ «Հայացք», «Հայելի» եւ «Տեսակետ» ակումբներում Հայաստանի ներքաղաքական եւ տնտեսական ոլորտներին են անդրադարձել Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, ՀԺԿ մամուլի խոսնակ Ռուզան Խաչատրյանն ու ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը:

«Հայացք»-ում

ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, անդրադառնալով մինչեւ հուլիսի 1-ը հետախուզման մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ իրավապահներին ինքնակամ ներկայանալուն եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը ընտրելու դատարանի կայացրած որոշմանը, արձանագրեց, թե ԵԽ խորհրդարանական վեհաժողովի նոր ընդունված թիվ 1677 բանաձեւում ամրագրված դրույթներից մեկը ՀՀ իշխանություններն արդեն խախտել են: Խոսքը բանաձեւի 5.3-րդ կետի մասին է, որով, հիշեցնենք՝ Վեհաժողովը ՀՀ իշխանություններին կոչ է արել՝ «թույլատրել», որ «Մարտի 1»-ի գործերով մեղադրվող եւ հետախուզման մեջ գտնվող անձինք, ովքեր մինչեւ 2009 թ. հուլիսի 31-ը կներկայանան իշխանություններին, ազատության մեջ լինեն մինչեւ իրենց գործերի դատական քննության ավարտը:

Ա. Մուսինյանը խոսեց նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունների մասին եւ, վկայակոչելով ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին, կանխատեսեց, թե այդ հարցում այս ամսին լուրջ զարգացումներ են լինելու: Նա հայտարարեց, որ ՀԱԿ-ը ողջունում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի բարձրաձայնած դիրքորոշումը, ըստ որի՝ ԼՂՀ-ն բանակցային գործընթացի լիիրավ մասնակից պետք է լինի, ու միաժամանակ հավելեց, որ ցանկության դեպքում Բ. Սահակյանը կարող է կես ժամում լուծել այդ հարցը: ՀԱԿ մամուլի խոսնակի ասելով, դրա համար անհրաժեշտ է, որ նա ընդամենը ստորագրի համապատասխան փաստաթուղթ, որով ՀՀ-ին կզրկի բանակցություններում ԼՂՀ-ն ներկայացնելու իրավունքից:

Անդրադարձ եղավ նաեւ հունիսի 30-ին Աբովյան փողոցում տեղի ունեցած միջադեպին: Հիշեցնենք, որ այդ օրն ու այդ վայրում ՀԱԿ-ի ակտիվիստներից մի քանիսը առաջիկա հանրահավաքի վերաբերյալ իրազեկող թռուցիկներ տարածելիս հարձակման ու ծեծի էին ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից: Հարձակվողները, որ եղել էին քաղաքացիական հագուստով, ըստ Ա. Մուսինյանի, որեւէ փաստաթուղթ չէին ներկայացրել: Ավելի ուշ էր պարզվել, որ նրանք ոստիկանության աշխատակիցներ են, թեեւ անգամ այդ դեպքում նրանք իրավունք չունեին արգելելու թռուցիկներ տարածել: Ա. Մուսինյանը արձանագրեց, որ միջադեպի առնչությամբ քր. գործ է հարուցվել: Միջադեպի արդյունքում մարմնական վնասվածքներ ստացած 3 երիտասարդներից 2-ը հրավիրվել են ոստիկանություն, որտեղ նրանց ասել են, թե կասկածվում են իշխանության ներկայացուցչին կյանքի համար վտանգավոր բռնության ենթարկելու մեջ։ Կոնգրեսի խոսնակի ասելով, հիմա ոստիկանությունը փորձում է ծեծվածներին ներգրավել գործում որպես մեղադրյալների, իսկ նրանց ծեծողներին ներկայացնել որպես տուժածներ։ Նա միաժամանակ շեշտեց, որ դեպքի առնչությամբ ոստիկանության տարածած հաղորդագրությունը, թե ՀԱԿ-ի երիտասարդներն են ծեծի ենթարկել ոստիկաններին, ծայրից ծայր սուտ է, եւ կոչ արեց ոստիկանությանը՝ ավելի խելամիտ գտնվել, հատկապես հաշվի առնելով այն, որ միջադեպը ֆիքսված է տեսագրություններով եւ լուսանկարներով։

Նա նաեւ հայտարարել է, թե ընդդիմության քաղաքական պայքարը եւ մեկ տարվա ընթացքում իշխանությունների նկատմամբ համակարգված ճնշումը, դրան զուգահեռ՝ նաեւ այն պրոբլեմները, որոնց առջեւ կանգնած է ռեժիմը, նաեւ այն ձախողումները, որոնք իշխանությունները կամա թե ակամա իրագործում են, հանգեցնելու են նրան, որ իշխանությունն այլեւս հնարավորություն չի ունենալու կառավարել երկիրը եւ ստիպված է լինելու գնալ ընտրությունների։

«Հայելի»-ում

Երեկ ներքաղաքական թեմաներով ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ բանավեճի ընթացքում ՀԺԿ խոսնակ Ռուզան Խաչատրյանը հակադարձելով իր ընդդիմախոսի ստացած այն տպավորությանը, թե հուլիսի 2-ի հանրահավաքում ազատ արձակված քաղբանտարկյալները հակասահմանադրական կոչեր են արել, թե ինքը չի հասկանում՝ ի՞նչ է նշանակում պայքար, պայքար մինչեւ վերջ, ո՞րն է այդ վերջը եւ այլն, ասել է. «Իսկ դուք սպասում էիք, որ նրանք սողալով պետք է գան, ձեզնից ներողությո՞ւն խնդրեն»: Ռ. Խաչատրյանը միաժամանակ նկատեց, որ ստացվում է՝ Սահմանադրությունն ու սահմանադրական ճանապարհը միայն ընդդիմության համար են, մինչդեռ իշխանությունն ամեն քայլափոխի է ոտնահարում Սահմանադրությունը՝ կեղծելով ընտրություններն ու ծեծի ենթարկելով իրազեկված հանրահավաքի մասին թռուցիկներ բաժանող երիտասարդներին: Նա էլ համոզմունք հայտնեց, որ երկրում լինելու են արտահերթ նախագահական ընտրություններ, ու դրանք օր առաջ անցկացնելու ուղղությամբ ընդդիմությունը ամեն ինչ անելու է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել