Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՉԻՆԱՍՏԱՆ

Հուլիս 03,2009 00:00

Երեկ, «Հյուսիս-Հարավ» երկաթուղային եւ արագընթաց ավտոմոբիլային ճանապարհների նախագծերի իրականացման հայեցակարգի շնորհանդեսի ժամանակ, տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը նշեց, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով, շատ կարեւոր է Հայաստանի տարածքում հյուսիսից դեպի հարավ երկու հարեւան պետությունների միջեւ արագընթաց ավտոմոբիլային եւ երկաթուղային ճանապարհների կառուցման գաղափարը: Այս գաղափարն իրականացնելու դեպքում, ըստ նախարարի, հնարավոր կլինի ապահովել կայուն եւ արագ հաղորդակցություն Պարսից ծոցի եւ Սեւծովյան նավահանգիստների միջեւ, ինչպես նաեւ զգալիորեն կնվազեցվեն Հայաստանի արդյունաբերողների, արտահանողների եւ ներկրողների տրանսպորտային ծախսերը: Պարոն Սարգսյանի խոսքերով՝ նախագծի իրականացման գաղափարը հետաքրքրություն է առաջացրել Վրաստանում, Իրանում, Ռուսաստանում, նույնիսկ՝ Չինաստանում եւ Ղազախստանում:

Այս նախագիծը ֆինանսավորվելու է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից տրամադրված դրամաշնորհի միջոցով. ներկայումս կատարվում են «Հյուսիս-Հարավ» ավտոմոբիլային միջանցքի տեխնիկատնտեսական հիմնավորումները: Այս տարվա սեպտեմբերին պատրաստ կլինի վարկավորման առաջին փուլը, որով նախատեսվում է Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 88 կմ հատվածը դարձնել 1-ին կարգի ավտոմայրուղի, ինչը հնարավորություն կտա Հայաստանի երկու քաղաքների միջեւ ապահովել բարձրակարգ ավտոմայրուղային կապ: Գ. Սարգսյանի վստահեցմամբ՝ շինաշխատանքները կմեկնարկեն 2010 թվականին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել