Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՃՊԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՉԵՄ ԿԱՐՈՂ ԶԲԱՂՎԵԼ

Հուլիս 03,2009 00:00

16-ամյա Էդմոն Արամյանը սովորում է Մոսկվայի թույլ լսող երեխաների դպրոցում: 2 տարի է՝ նա հաճախում է Մոսկվայի պետական կրկեսին կից աճպարարական ստուդիան: «Շատ էի ցանկանում դպրոցից բացի զբաղվել ինչ-որ բանով: Չէի կարող ո՛չ երգել, ո՛չ նվագել: Բայց չհուսահատվեցի եւ որոշեցի ընդունվել կրկես՝ որպես աճպարար: Դա ինձ համար պարզապես զբաղմունք չէ. ես իմ ապագան տեսնում եմ կրկեսում»,- մեզ հետ զրույցում ասաց Էդմոնը: Ամեն տարի ամառային արձակուրդներն Էդմոնն անցկացնում է Դիլիջանում՝ տատի տանը: Ինչպես ինքն է պատմում, ողջ տարին սպասում է այդ ամիսներին. «Ես շատ եմ սիրում Հայաստանը՝ հատկապես Դիլիջանը: Այստեղ շատ խաղաղ է, հանգիստ: Շատ կուզենայի մշտապես այստեղ ապրել՝ տատիս հետ. եւ տատս մենակ չէր լինի, եւ ինձ համար լավ կլիներ: Բայց չեմ կարող: Ճիշտ է, վերջին տարին է, դպրոցս կավարտեմ, բայց կրկեսի պարապմունքներս չեմ կարող թողնել: Եթե Հայաստանում ապրեմ՝ չեմ կարող զբաղվել աճպարարությամբ: Երբ արդեն պրոֆեսիոնալ աճպարար դառնամ, հաստատ կգամ այստեղ ու խմբակ կհիմնեմ այստեղի երեխաների համար»,- ասաց Էդմոնը:

«Իմ կյանքում կրկեսը շատ բան է փոխել՝ սկսել եմ մարդկանց հետ ավելի շատ շփվել ու ավելի լավ ճանաչել նրանց: Նաեւ ավելի կարգապահ ու ուշադիր եմ դարձել: Մարդկանց շրջապատում ինձ արդեն ինքնավստահ եմ զգում, փորձում եմ մասնակցել այն ամենին, ինչ կատարվում է շուրջս»,- ասում է նա: Էդմոնը զբաղվում է նաեւ մնջախաղով. «Ինձ հաճելի է ասելիքս արտահայտել մնջախաղի միջոցով, քանի որ խոսելու կարիք չի էլ զգացվում. այդտեղ խոսում է լռությունը»: Էդմոնը հավաքում է նաեւ տարբեր երկրների դրոշներ: Նա նաեւ սիրում է կարդալ: Կարծում է, որ կարդալ պետք է բոլորին, լինի աճպարար, ծաղրածու, թե ինժեներ: Այս առումով էլ նրա համար «իդեալ» է Լեոնիդ Ենգիբարյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել