Լրահոս
Օրվա լրահոսը

Բարի ու առաքինի

Հուլիս 03,2009 00:00

\"\"Ֆիզիկական կուլտ ուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բազմասերի Առաքելյանը բոլորում է 60 տարին:

Շնորհալի մարզիկը, անվանի մարզիչը, ֆիզկուլտուրայի, մարզական, օլիմպիական շարժման կազմակերպիչը, մանկավարժն ու գիտնականն այս օրերին շնորհավորանքի բազմաթիվ խոսքեր է լսում:

Վահրամ Առաքելյանը բարի մարդ է, ժպտադեմ ու հոգատար, բայց նաեւ՝ արդարամիտ, ինչի համար էլ համընդհանուր սեր ու հարգանք է վայելում: Նա իր հոր՝ ըմբիշ, Հայաստանի եւ Անդրկովկասի բազմակի չեմպիոն, այնուհետեւ՝ վաստակաշատ մարզիչ Բազմասեր Առաքելյանի բարի գործի շարունակողն ու զարգացնողն է:

Եթե հայրը, թողնելով ակտիվ սպորտը, նվիրվեց հայրենի Փարպիում մարզաձեւի հիմնադրմանն ու զարգացմանը, որդին ավելի առաջ գնաց՝ առաջիններից մեկն աշխարհում գիտականորեն հիմնավորելով եւ մշակելով մենապայքարային ձեւերի մարզիկների քաշի առավել արդյունավետ եւ օրգանիզմի համար անվտանգ կարգավորման մեթոդները, որոնք այսօր մարզաշխարհում հայտնի են «Պրոֆեսոր Վահրամ Առաքելյանի մեթոդներ» անունով: Վահրամ Առաքելյանը ճանաչված է նաեւ որպես ուսանող երիտասարդների հետ տարվող աշխատանքների բազմակողմանի կազմակերպիչ, որի արդյունքներն արդեն իսկ բոլորիս աչքի առջեւ իրենց պտուղներն են տալիս: Գործընկերներն այսօր Վահրամ Առաքելյանին մաղթում են քաջառողջություն, ընտանեկան երջանկություն:

«Առավոտը» միանում է բարեմաղթանքներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել