Լրահոս
Օրվա լրահոսը

Թթենու օգտակար հատկությունները

Հուլիս 03,2009 00:00

Գիտե՞ք, արդյոք…

\"\"Ամառ է, եւ մենք հնարավորություն ունենք ըմբոշխնել թթենու թարմ, համեղ պտուղները, իսկ ի՞նչ գիտենք նրա օգտակարության մասին…

Բնագետներին հայտնի է թթենիների 24 տեսակ, որ հիմնականում աճում են Հարավ-Արեւելյան Ասիայում, Հյուսիս-Արեւմտյան Ամերիկայում եւ Հարավային Եվրոպայում: Այդ տարածաշրջանների «երջանիկ» երկրներից է նաեւ Հայաստանը: Հայերիս համար թթենին ավանդական եւ շատ սիրելի ծառերից է, եւ մեր հանրապետության տարածքում երեւի չգտնվի մեկը, որն իր կյանքում գոնե մեկ անգամ վայելած չլինի հենց ծառից թութ ուտելու հաճույքը։ Թթենու պարծանքը նրա պտուղներն են՝ քաղցր, հյութալի ու հրապուրիչ, որոնք օգտագործվում են ինչպես թարմ, այնպես էլ պահածոյացված՝ կոմպոտների, մուրաբաների, դոնդողի, սիրոպների, արհեստական մեղրի, գինու, քացախի, սպիրտի եւ այլ վիճակում:

Բնութագիրը: Թթենու պտուղները հիմնականում քաղցր են: Տերեւները լինում են նաեւ դառնահամ: Ճյուղերի համը դառն է կամ չեզոք:

Ազդեցությունը: Թթենու պտուղները փորը թուլացնող, տոնուսը բարձրացնող ազդեցություն են ունենում մարդու օրգանիզմի վրա:

Տերեւների հիմնական արժանիքը՝ հակաբակտերիալ, քրտնաբեր, հազը փափկացնող ազդեցությունն է:

Թթենու ճյուղերը հակառեւմատիկ, ցավազրկող հատկություն ունեն եւ նպաստում են արյան ճնշման իջեցմանը:

Թթենու կեղեւը միզամուղ է, հազը փափկացնող եւ, միեւնույն ժամանակ, նպաստում է արյան ճնշման իջեցմանը։

Ժողովրդական բժշկության մեջ թարմ, կիսահաս թութը, թթի սիրոպը կամ թուրմը օգտագործում են փորլուծության դեմ, հասած պտուղները, ընդհակառակը՝ ունեն թեթեւ թուլացնող ազդեցություն: Ստամոքսի, լյարդի կանոնավոր աշխատանքի համար օգտակար է հատկապես սեւ թութը, որը նաեւ նպաստում է արյան բաղադրության մեջ հեմոգլոբինի բարձրացմանը, ապաքինող ազդեցություն ունենում վերքերի համար: Սպիտակ ու սեւ թթերի թուրմը կամ հյութը համարվում է միզամուղ եւ քրտնաբեր միջոց: Կովկասյան երկրներում սեւ թթից եփված սիրոպով ողողում են բերանի խոռոչն ու կոկորդը՝ դրանց խոցային վարակների դեպքում: Գիտականորեն ապացուցված է, որ ե՛ւ սպիտակ, ե՛ւ սեւ թութը, ինչպես նաեւ դրանցից եփված սիրոպը կամ թուրմը ունեն հակասեպտիկ հատկություն:

Կորեական ավանդական բժշկությունը խորհուրդ է տալիս ամռանը հավաքել եւ չորացնել թթենու պտղի միջուկը (կոթը), որոնցից պատրաստված թուրմը շատ օգտակար է ճարպակալման եւ սրտանոթային հիվանդությունների բուժման համար: Թութն օգտագործում են նաեւ ժամանակակից բժիշկները: Ժողովրդական բժշկության մեջ՝ որպես վերքերի ապաքինման միջոց, գործածվում է նաեւ թթենու կեղեւը: Դրա համար թթենու կեղեւի փոշին խառնում են բուսական յուղի հետ (1:30) եւ ստացված հեղուկը քսում մակերեսային քերծվածքների, կտրված վերքերի, խոցերի վրա: Շատ դեպքերում թթենու կեղեւից եփված թուրմը խորհուրդ է տրվում հիպերտոնիայի բուժման համար: Այն օգտակար է նաեւ բրոնխիտի, բրոնխիալ ասթմայի եւ այլ դեպքերում:

Եվ ավանդական, եւ ժամանակակից բժշկությունը շաքարախտի եւ ճարպակալման դեպքում խորհուրդ են տալիս անսահմանափակ քանակությամբ թարմ թութ կամ թթի հյութ օգտագործել: Շաքարախտով հիվանդները թութը կարող են օգտագործել նաեւ չորացրած վիճակում. 20 գ թթի չիրը եփել 2 բաժակ եռման ջրում, ընդունել ուտելուց հետո՝ կես բաժակ: Այս եփուկը օգտակար է նաեւ անգինայի, բերանի խոռոչի խոցերի դեպքում՝ որպես կոկորդը ողողելու միջոց:

Չինացիները սպիտակ թթի տերեւներով սովորաբար բուժում են նաեւ բարձր ջերմությամբ, գլխացավերով եւ ֆարինգիտով ուղեկցվող մրսածությունը:

Ի դեպ, նշենք, որ հասած թութը հակացուցված է փորլուծության, թոքերի հիվանդությունների դեպքերում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել