Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՐՁԸ ԶՈՐՅԱՆԻՑ ԵՎ ՔՈՉԱՐԻՑ Է ՍԿՍՎԵԼ

Հուլիս 03,2009 00:00

Պնդում են հաստափոր վեպերը սեղմողները

2007 թվականը հայ գրականությանը նվիրեց նիհարած «Քաոս», «Գեւորգ Մարզպետունի», «Սամվել»…, իսկ հայոց լեզվին նոր բառ՝ «սեղմավեպ»: «Ձեռքի հետ» կարդալու հաստություն ունեցող սեղմավեպերը շարունակում են հրատարակվել՝ արժանանալով սուր քննադատությունից մինչեւ անկեղծ գովեստի…

Սեղմավեպերի հեղինակ Արփինե Ավետիսյանին վերջերս մի գրող է զանգել ու խնդրել. «Հինգ հարյուր էջանոց պատմավեպ եմ գրել, ուզում եմ դարձնեք… սեղմավեպ»: Տիկին Ավետիսյանը չի հիշում, թե երբ էր «վերջերսը» եւ ով էր «մի գրողը», բայց վերջինիս խնդրանքի պատճառը գիտի. «Մտածում է՝ ո՞վ է հինգ հարյուր էջանոց պատմավեպ կարդալու. գոնե սեղմավեպը կկարդան»:

Հայ դասականները չեն կարող զանգել Արփինե Ավետիսյանին ու հայտնել իրենց կարծիքը սեփական ստեղծագործությունների սեղմման հարցում. չնայած դրան՝ նրանց երկերը «Գիտանք» հրատարակչության տնօրեն Ալեքսանդր Աղաբեկյանի նախաձեռնությամբ հերթով բարակում են:

«Գիտանքը» դասական գրականությունը համառոտելու նպատակները ներկայացնում է սեղմավեպերի առաջաբաններում, այն է՝ սփյուռքահայերին եւ օտարերկրացիներին կարճ ժամանակում ծանոթացնել հայ վիպագրությանն ու հայերեն սովորեցնել: Ալեքսանդր Աղաբեկյանն ուզում է, որ դասական գրականությամբ սովորած հայերենը կիրառելի լինի. այդ նպատակով Արփինե Ավետիսյանը ոչ միայն համառոտել է վեպերը, այլեւ որոշ դեպքերում փոխել լեզուն. «Վերք Հայաստանին» հիմնականում «բարբառազտվել» է, իսկ «Նահանջ առանց երգի»-ն՝ դարձել արեւելահայերեն: Արդյո՞ք դա չի նշանակում՝ խաղալ վեպերի ճակատագրի հետ: Ըստ պարոն Աղաբեկյանի, եթե իրենք վատ բան արած լինեին, ուշադրության չէին արժանանա: Օրինակ, Սփյուռքի նախարարությունը ոչ միայն անտարբեր չէ սեղմավեպերի հանդեպ, այլեւ առաջարկել է դրանք թարգմանել երեք լեզվով՝ անգլերեն, թուրքերեն, ռուսերեն: Ըստ տիկին Ավետիսյանի, Սփյուռքի նախարարությունից պակաս ոգեւորված չէ Սփյուռքը. Գլենդելում երկու խանութ կա, որտեղ արդեն վաճառում են սեղմավեպեր:

Գրականագետները, սակայն, կերպարանափոխված վեպերի դեմ պայքարի մեջ են, իսկ պատճառն այն վախն է, որ դպրոցականներն այլեւս չեն հետաքրքրվի բնագրերով: Արփինե Ավետիսյանը չի ժխտում, որ սեղմավեպերը ամենից շատ աշակերտներին են հետաքրքրել, բայց ինքը մի քանի տասնյակ տարի դպրոցում աշխատել է եւ կարծում է, որ սեղմավեպերը հրատարակելուց առաջ էլ աշակերտները գիրք չէին կարդում: «Կամ էլ կարդում էր մի հոգի եւ մնացածին պատմում,- ավելացնում է Ալեքսանդր Աղաբեկյանը,- ավելի լավ չէ՞, որ սեղմավեպի միջոցով գոնե գրքի բովանդակությանը բոլորը ծանոթ լինեն»: Գուցե լավ է, բայց եթե լավ է, ինչո՞ւ կրթության նախարարության կողմից սեղմավեպերը ուսումնական ձեռնարկ չեն համարվում: Հետաքրքիր է, որ առաջին չորսը՝ «Գեւորգ Մարզպետունին», «Քաոսը», «Վարդանանքը», «Սամվելը» արժանացել են այլ բախտի. ուսումնական ձեռնարկ են համարվել եւ ազատվել ավելացված արժեքի հարկից: Հինգերորդը՝ «Վերք Հայաստանին» այդ պատվին չի արժանացել: «Փոխվել էր ոչ թե կրթության նախարարության կարծիքը, այլ նախարարությունում սեղմավեպերը գրախոսող փորձագետը»,- բացատրում է Ալեքսանդր Աղաբեկյանը: Արդեն հասկանալի է, որ պետական վերաբերմունք սեղմավեպերի հանդեպ դեռեւս ձեւավորված չէ: Մինչդեռ՝ այդպես չպետք է լիներ. չէ՞ որ դասական գրականությունը համառոտելու փորձը հեռավոր արմատներ ունի: 1948 թվականին լույս տեսավ սեղմավեպերի նախահայրը՝ համառոտված «Վերք Հայաստանին»՝ առանց «Զանգի» հավելվածի: Պարզապես՝ այդ ժամանակ նախաձեռնողը Խաչատուր Աբովյանի մահվան հարյուրամյակի հոբելյանական կոմիտեն էր, իսկ սեղմողները՝ հայտնի գրողներ Ստեփան Զորյանն ու Հրաչյա Քոչարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել