Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի փառատոներում Հայաստանը ներկայացել է մի շարք ֆիլմերով: Ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռները» մրցութային ծրագրում ներկայացվել է Մոսկվայում, սակայն մրցանակ չի ստացել: «Փառատոներին մասնակցելը լավ է մրցանակ ստանալու համար: Բայց, ինչպես Մոսկվայի փառատոնը ցույց տվեց, մրցանակաբաշխության հարցում մեծ դեր ունի քաղաքականությունը. 8 գլխավոր մրցանակներից 5-ը տվել են ռուս կինեմատոգրաֆիստներին: Մինչդեռ, օրինակ, Վենետիկի կինոփառատոնում բացառվում է, որ 8 մրցանակից 5-ը ստանան իտալացիները»,- ասաց Հ. Գալստյանը: Նրա համոզմամբ՝ վրացական ֆիլմը կոպիտ կանոնադրական խախտումներով է հայտնվել մրցույթի ծրագրում. 2 օր առաջ հաստատված է եղել 13 ֆիլմ, իսկ հետո ավելացվել 14-րդը՝ կոչվելով 13+1 ֆիլմ-անակնկալ, վերջում հենց այդ ֆիլմն էլ արժանացել է մրցանակի: Սանկտ Պետերբուրգի փառատոնին մասնակցած Արմեն Ռոնովի «Աննան եւ Կարենինը» ֆիլմն արժանացել է մրցանակի եւ դիպլոմի, սակայն չի ընդգրկվել «Ոսկե ծիրանին», պատճառաբանել են, որ չի համապատասխանում այդ փառատոնի ճաշակին: Ֆիլմի պրոդյուսեր Գուրգեն Գադաչիկն ասաց. «Չի նշանակում, որ եթե ֆիլմում չկա թրիք, լաչակ, ապա մնացած սուրբ բաներն էլ չկան, կարելի է ֆիլմ նկարել ռեալիզմով»:
«Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ հայկական ֆիլմերը չեն ընդգրկվում «Ոսկե ծիրանի» մրցութային ծրագրում, Ազգային կինոկենտրոնի փոխտնօրեն, «Ոսկե ծիրան» փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանն ասաց. «Մենք ունենք մեր ճաշակը, ֆիլմերի ընտրման մեր մոտեցումը: Հիմա արդեն նոր ծրագիր ենք մտցրել, որը կոչվում է՝ «Արտադրված է Հայաստանում», որտեղ ե՛ւ կինոկենտրոնի, ե՛ւ «Հայկ» ստուդիայի ու անկախ արտադրողների ֆիլմերը կցուցադրվեն «Ոսկե ծիրանում»: Մրցութային ծրագրում չընդգրկվելու մասին էլ Հ. Խաչատրյանը կարծիք հայտնեց. «Զարմանալի կոմպլեքսներ ունեն ռեժիսորները, այդ թվում եւ ես, չեն ուզում ցուցադրվել Հայաստանում եւ հանկարծ մրցանակ չստանալ: Ի տարբերություն Մոսկվայի, որ գտնում է, թե հենց ռուսական ֆիլմերին պետք է մրցանակ տալ ու նացիոնալիզմն էլ իրենց խեղդել է, մեզ մոտ այդպես չենք անում»: Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը պատասխանելով մեր հարցին՝ ասաց. «Եթե երկիրը փառատոն է ստեղծում իր ֆիլմերի համար, պետք է առնվազն 30 ֆիլմ ունենա: Մեր փառատոնը մեր ֆիլմերի մրցույթի համար չէ, դա ավելի շատ դրսից եկող ֆիլմերի համար է: Այսինքն, եթե տարվա մեջ մեկ- երկու ֆիլմ նկարենք ու դնենք մրցույթի մեջ, կնշանակի՝ պիտի կաղապարվենք մեր երկրի մեջ, դուրս չգանք արտաքին աշխարհ: Իսկ այն ֆիլմերը, որոնք արդեն դուրս են եկել, մասնակցում են նաեւ «Ոսկե ծիրանին»: Օրինակ՝ Հովհաննես Գալստյանի ֆիլմը կմասնակցի»:
Գ. Գեւորգյանից հետաքրքրվեցինք նաեւ կինոկենտրոնի եւ «Ոսկե ծիրանի» համագործակցության մասին: «Մենք շատ ենք օգնում «Ոսկե ծիրանին», բացի նրանից, որ ֆիլմերն են մասնակցում, նաեւ տեխնիկական, կազմակերպչական, ֆինանսական օգնություն ենք ցույց տալիս: Իհարկե, դա այդպես էլ պետք է լինի, որովհետեւ «Ոսկե ծիրանը» կինոյի փառատոն է, մենք էլ կինոն զարգացնելուն ու տարածելուն ենք կոչված»,- ասաց կինոկենտրոնի տնօրենը: