Լրահոս
Օրվա լրահոսը

Զագրեբի «Դինամոյի» մարզիչը Երեւանում էր

Հուլիս 03,2009 00:00

\"\"Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում Երեւանի «Փյունիկի» մրցակից Զագրեբի (Խորվաթիա) «Դինամոյի» մարզիչ Կրունոսլավ Յուրչիչը հունիսի վերջին ժամանել էր Երեւան՝ անձամբ դիտելու Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հերթական տուրում ապագա մրցակցի եւ Աշտարակի «Միկայի» միջեւ սկզբունքային հանդիպումը, որում Հայաստանի բազմակի չեմպիոնը 3:0 հաշվով հաղթանակ տարավ:

Խաղի ավարտին «Դինամոյի» գլխավոր մարզիչը լրատվամիջոցներին հայտարարել է. «Փյունիկը» կուռ եւ կարգապահ թիմ է, որը մեզ հետ կայանալիք խաղում լավ հնարավորություններ ունի: Իսկ ամենագլխավորն այն է, որ նա կազմակերպված ֆուտբոլ է խաղում: Այնպես որ, մենք պետք է լրջորեն նախապատրաստվենք հանդիպմանը: Մենք չպետք է այդ խաղերում մեկ րոպե անգամ թուլանանք, որովհետեւ «Փյունիկը» պայքարում է ամբողջ 90 րոպե»: Յուրչիչը զարմացել է, որ Հայաստանի առաջնության հանդիպումների մուտքը ֆուտբոլասերների համար անվճար է եւ որ այդ խաղը սպասարկել են արտասահմանցի մրցավարները: Խորվաթ մասնագետն ապագա հանդիպման հնարավոր գլխավոր գործոններից է համարել Երեւանի եղանակը, որը նրան չափից ավելի տատանվող է թվացել: «Մեզ համար շատ դժվար կլինի, քանի որ Հայաստանում ջերմաստիճանն օրվա ընթացքում շատ հաճախ է տատանվում: Ցերեկը լինում է +35 աստիճան, իսկ երեկոյան՝ զով: Այդ առումով մեզ համար կարեւոր է լինելու իմանալ հանդիպման ճիշտ ժամանակը, որպեսզի կարողանանք հարմարվել»,- ասել է նա լրատվամիջոցներին: Չնայած Յուրչիչի առաջին հայացքից մտահոգվածությանը, «Փյունիկի» եւ «Դինամոյի» հնարավորությունները որակավորման փուլի հանդիպումներում մոտավորապես գնահատվում են 20-80 տոկոսային հարաբերակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել