Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆ. ՄԱՐՏԻՑ ՀԵՏՈ «ՔԻՆԳ-ՔՈՆԳԸ» ԿՎԵՐԱԾՎԻ «ՇԻՄՊԱՆԶԵԻ»

Հուլիս 03,2009 00:00

\"\"Հուլիսի 11-ին ԱՄՆ-ի Սանրայզ քաղաքի «BankAtlantic Centr» մարզասրահում առաջին թեթեւագույն (մինչեւ 52,2 կգ) քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը («Կատաղի Ցուլ») մենամարտելու է մինչեւ 53,6 կգ քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն՝ գանացի Ջոզեֆ Ագբեկոյի («Քինգ-Քոնգ») հետ: Մարտն ընթանալու է վերջինի չեմպիոնական գոտու համար:

Մենամարտից մի քանի օր առաջ ԱՄՆ-ում ապագա մրցակիցների միջեւ հեռախոսային մամուլի ասուլիս է կազմակերպվել: Երկու բռնցքամարտիկներն էլ, որոնք հայտնի են պրոֆեսիոնալ ռինգում նոկաուտով տարած մեծաքանակ հաղթանակներով, միմյանց սպառնացել են ու յուրաքանչյուրն իր հերթին իր երկրպագուներին խոստացել՝ մրցակցի համար իսկական ծեծուջարդ կազմակերպել:

Ագբեկոն, մասնավորապես, հայտարարել է. «Բռնցքամարտում անհրաժեշտ է մենամարտել ուժեղագույնների հետ, որպեսզի ինքդ ուժեղագույնը հռչակվես եւ ես ցանկանում եմ, որպեսզի Վիկն իմանա, որ սա լինելու է իմ ամբողջ կյանքի մենամարտը: Նա ինձ մրցակից է ընտրել, որովհետեւ կարծում է, թե կարող է շրջանցել ինձ: Սակայն թող գիտենա նաեւ, որ դա նրա կարիերայի ամենամեծ սխալն է, քանի որ դաժան ծեծի է ենթարկվելու: Նա ինչի՞ այսպես չէր խոսում, երբ Դոները նրան նոկաուտի ենթարկեց: Վիկը պիտի գիտակցի, որ ես նրան ավելի ուժեղ եմ քոթակելու: Տեղյակ եմ, որ նա հարված ունի եւ լիովին պատրաստ եմ դրան: Ռինգում նա երբեք ինձ նման ուժեղ հարվածող մրցակցի չի հանդիպել: Մեր մարտում ես կանեմ այն, ինչ ցանկանամ»:

Բնականաբար, Վախթանգը պարտքի տակ չի մնացել՝ պատասխանելով. «Մարտից հետո մրցակցիս մականունը կփոխվի՝ դառնալով «Շիմպանզե Ագբեկո»: Մարմնիդ ո՞ր մասին ես ցանկանում ցավոտ հարվածներ ստանալ. գլխի՞դ, թե՞ իրանիդ: Ես չեմ կարող իմ ամբողջ կարիերան անցկացնել միայն չեմպիոնական գոտիներ պաշտպանելով: Ինձ անհրաժեշտ է անընդհատ վեր բարձրանալ եւ նոր տիտղոսներ նվաճել: Իմ հզորությունն ի վիճակի է ոչնչացնել ցանկացածի: Կտեսնեք, ես նրան նոկաուտ կանեմ: Հուսով եմ, նա ջանադրաբար է նախապատրաստվում մեր մենամարտին: Չեմ ուզում, որպեսզի մարտը չափազանց թեթեւ լինի: Ցանկանում եմ նրա մղձավանջը դառնալ մարտից հետո, այլ ոչ թե առաջ, որպեսզի կարողանա նախորդ գիշերը քնել»:

Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ լրագրողները Վիկին եւ նրա պրոումոթեր Գերի Շոուին հարցրել են նաեւ ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ ռեւանշ մրցամարտի մասին: Վիկը խոստացել է ֆիլիպինցուն ջնջխել: Իսկ Շոուն նշել է, թե դա չի մտնում իրենց մոտակա ծրագրերի մեջ: Իսկ քանի դեռ Վիկը մենամարտում էր Միխարեսի եւ Արսեի հետ, Դոներն ընդհանրապես անհետացել էր տեսադաշտից. «Վիկը շաբաթ օրը մենամարտ ունի, որում մենք պետք է հաղթենք: Եվ եթե դա հաջողվի, կմտածենք. մնում ենք ա՞յս քաշային կարգում, վերադառնում առաջին թեթեւագո՞ւյն կարգ, թե՞ բարձրանում առաջին կիսաթեթեւ կարգ՝ Ռաֆայել Մարկեսի, Իսրայել Վասկեսի կամ մեկ ուրիշի հետ հանդիպելու: Վիկը մենամարտում է փողի, այլ ոչ թե ռեւանշի համար»:

Վերջում ծանոթացնենք բռնցքամարտիկների մարզական այցեքարտերին:

Վախթանգ (Վիկ) Դարչինյան: Մականունը՝ «Կատաղի Ցուլ»: 33 տարեկան: Մինչեւ 52,2 կգ քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն: Պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 34 մենամարտ, հաղթել՝ 32-ում, 26-ը՝ նոկաուտով, պարտվել՝ 1-ում, 1 մարտում արել ոչ-ոքի:

Ջոզեֆ Ագբեկո: Մականունը՝ «Քինգ- Քոնգ»: 29 տարեկան: Պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 27 մենամարտ, հաղթել է 26-ում, 22-ը՝ նոկաուտով, կրել մեկ պարտություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել