Լրահոս
Օրվա լրահոսը

«Դավիթիս հետ հայերեն կսովորեմ»

Հուլիս 03,2009 00:00

Ասում է ռեժիսոր, լրագրող, օպերատոր եւ գնդապետ Ցվետանա Պասկալեւան

\"\"
Ց. Պասկալեւան հերթական մրցանակն է ստանում:

Աշխարհում մի շարք կանայք, հատկապես Կենտրոնական Եվրոպայի եւ արեւելյան երկրների, դարձել են հայերիս բարեկամը, նպաստել ինչպես Հայ դատի լուսաբանմանը, հայ որբերի փրկությանը, այնպես էլ հայ գրական-մշակութային արժեքների տարածմանը: Մեր ժամանակներում բուլղարացի ռեժիսոր, լրագրող եւ օպերատոր Ցվետանա Պասկալեւան առաջին արտասահմանցի լրագրողն է, ով 1991-94թթ. գործել է Ղարաբաղում եւ հիմնախնդիրը ներկայացրել միջազգային հանրությանը: Նա հայտնի «Կոլցո» գործողության ժամանակ եղել է Շահումյանի շրջանում, հայ բնակչության դեմ կատարվող բռնարարքների, տեղահանության վերաբերյալ պատրաստել բացառիկ ռեպորտաժներ, ռազմաճակատի թեժ կետերից էլ հեռուստահաղորդումներ՝ հեղինակավոր CNN, NBC, Antene-2, բուլղարական ազգային, ռուսական, գերմանական հեռուստաընկերությունների, «Ռոյթեր» գործակալության համար: Նա նկարահանել է արցախյան ազատագրական պայքարին նվիրված 7 վավերագրական ֆիլմ՝ «Ղարաբաղի վերքերը» ընդհանուր խորագրով: Դրանք արժանացել են Շվեյցարիայի, Հոլիվուդի, Օհայոյի միջազգային կինոփառատոների մրցանակներին: 1993-1994-ին էլ Ցվետանան ԱՄՆ-ի կոնգրեսում, Կանադայի խորհրդարանում, ՄԱԿ-ում եւ այլուր ցուցադրել է իր ֆիլմերը, ելույթներ ունեցել ի պաշտպանություն արցախահայության ազատագրական պայքարի:

Այսօր «Ա. Խաչատրյան» համերգասրահում կկայանա Ց. Պասկալեւայի «Իմ թանկագին ողջեր եւ մեռածներ» ֆիլմի ցուցադրումը եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության սահմանած «Կարպիս Փափազեան» ամենամյա մրցանակի հանձնման արարողությունը՝ Ղարաբաղի պաշտպանության բանակի գնդապետ Պասկալեւային: Ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ (դիրիժոր՝ Էդ. Թոփչյան) կհնչի ֆիլմի երաժշտությունը՝ Ա. Տերտերյանի 3-րդ սիմֆոնիան:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից երեք անգամ հեռակա կարգով մահապատժի դատապարտված Ց. Պասկալեւան պատմեց, որ 1991-ին լինելով Մոսկվայի կինեմատոգրաֆիստների պետական ինստիտուտի ասպիրանտ ու լսելով Գետաշենից, Մարտունաշենից հայերի տեղահանման մասին, ունենալով Հարավային Օսեթիայում մի քանի ամսվա «ռազմական փորձ» եւ, որ ամենավճռորոշն է՝ տեղեկանալով Գետաշենի գրավման ժամանակ հայ լրագրող Վարդան Հովհաննիսյանի անհետացման մասին, որոշում է կայացրել մեկնել Ղարաբաղ՝ կորած լրագրողի հետքերով եւ կատարվածը ներկայացնել աշխարհին: «Երբ Մոսկվայից հասա Ստեփանակերտ, ադրբեջանցիներն ինձ երկու օր պահեցին: Այդ ընթացքում ինձ օգնեց թատրոնի ռեժիսորիս մասնագիտությունը… Եվ ես հասա նպատակիս. նախ նկարահանեցի հայաթափ Գետաշենը, պարզեցի, որ Վարդանը գտնվում է Գյանջայի բանտում: Մի խոսքով, հասա նրան, որ կարողացա ազատել Վարդանին: Դա իմ առաջին մարդկային հաղթանակն էր (մայիս-հունիսին էր): Պատկերացնո՞ւմ եք, առաջին անգամ փրկեցի մարդու»,- պատմեց մեր զրուցակիցը: Տիկին Պասկալեւան նշեց, որ ինքն այլեւս չէր կարող հեռանալ Ղարաբաղից. «Մարդիկ երբ տեսնում էին տեսախցիկը ձեռքիս, կարծում էին, թե ես իրենց ամենափրկիչն եմ: Մանավանդ, պատերազմական գործողությունների սկզբում լրագրող չէր հայտնվում «թեժ» գծում: Այստեղ էլ որոշեցի, որ ի՜նչ Մոսկվա, ի՜նչ դիսերտացիա… Ու տեսնելով մարդկանց անօգնական վիճակը, մնացի Ղարաբաղում, երդվեցի մեռածների ու ողջերի առջեւ… Հպարտ եմ այնքանով, որ ամեն քայլափոխի զգում եմ հայերիդ վերաբերմունքն իմ հանդեպ: Ճիշտ է, դեռ հայերեն խոսել չգիտեմ, բայց քանի որ Դավիթս այս տարի դպրոց է գնալու, նրա հետ էլ կսովորեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել