Երգչախումբը հոկտեմբերին կոմիտասյան համերգ-դասախոսություններով հանդես կգա եվրոպական երկրներում
Ռ. Մլքեյան
Այս տարվա հունվարի 1-ից Հայաստանի պետական կամերային երգչախումբն այլեւս անջատվել է Հայաստանի պետական կամերային նվագախմբից ու ձեռք բերել պետական կարգավիճակ: Կամերային նվագախմբի նախկին տնօրեն Արմեն Արաբյանն այժմ երգչախմբի տնօրենն է, իսկ գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը՝ «Մովսես Խորենացի» մեդալակիր, արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանը: Վերջինս երկար տարիներ աշխատել է Գյումրիի սիմֆոնիկ նվագախմբում, ղեկավարում է նաեւ Գյումրիի մանկատան երգչախումբը: Ա. Արաբյանն «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ խմբի համար մեծ հեռանկարներ են բացվել: Հիշեցնենք, որ Կամերային երգչախմբի հնչեցրած Մանսուրյանի «Արս պոետիկան» արժանացել է «5 աստղի»՝ միջազգային հանրահայտ ձայնագրման ստուդիայի կողմից, երգչախումբը համերգ է ունեցել Եվրախորհրդարանում եւ այլուր:
Տնօրենը պատմեց, որ բացի մարզերում նախատեսված համերգներից, իրենք նախաձեռնել են ակտիվ մասնակցություն ունենալ Կոմիտասի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառումներին: Հոկտեմբերի կեսերից յուրովի կնշեն Կոմիտասի հոբելյանը՝ մի քանի եվրոպական երկրներում: Ի դեպ, Ռ. Մլքեյանի ղեկավարությամբ՝ Սաղմոսավանքում կատարված ձայնագրությունը եւս մեկ անգամ փաստել է երգչախմբի լավագույնը լինելու հանգամանքը:
«Մենք դիմել էինք մշակույթի նախարարություն եւ ներկայացրել Կոմիտասի 140-ամյակի հետ կապված ծրագիր: Վերջինիս բովանդակությունն այն էր, որ բոլոր այն վայրերում, որտեղ Կոմիտասն է ուսումնառել, ստեղծագործել, ապրել եւ դասախոսել, անցկացնենք համերգ- դասախոսություններ: Կոնկրետ Ֆրանսիայի պարագայում համագործակցելու ենք նրանց մշակույթի նախարարության հետ: Մեր առանցքային կետը Ֆրանսիան է լինելու, որովհետեւ Կոմիտասն այստեղ դասախոսել է, համագործակցել այն ժամանակվա ավանգարդիստների հետ: Ուրախ ենք, որ մեր ծրագիրն արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության հավանությանը եւ չնայած ֆինանսական ճգնաժամին՝ մնացել է ուժի մեջ»,- հայտնեց պարոն Արաբյանը: Նա նաեւ հավելեց, որ համերգ-դասախոսություններին կմասնակցեն շվեյցարաբնակ երգչուհի Ջուլիետա Գալստյանը, դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանն ու, հավանաբար, երգիչ Բարսեղ Թումանյանը: Համերգներ կլինեն Հռոմում եւ Բեռլինում եւս:
Հուլիսի 8-ին Կամերայինի հերթական համերգը նվիրված է Հայդնի մահվան 200-ամյակին: Հանդես կգա ե՛ւ Կամերային երգչախումը, ե՛ւ Երիտասարդական նվագախումբը (Ս. Սմբատյան): Ա. Արաբյանը փոխանցեց, որ ծրագրում կլինեն ստեղծագործություններ, որոնք առաջին անգամ են կատարվելու, համերգն էլ կհեռարձակվի հեռուստատեսությամբ:
«Առավոտի» հարցին, եթե Հայաստանի պետական նվագախմբի անունից համագործակցության առաջարկ լինի՝ կհամաձայնե՞ն, տնօրենը պատասխանեց. «Մենք պատրաստ ենք համագործակցելու, բայց կասկածում եմ, թե կլինի նման առաջարկ»: