Լրահոս
Օրվա լրահոսը

Անկեղծ զրույց

Հուլիս 03,2009 00:00

Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը՝ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 2-ին հանդիպել է մաթեմատիկայի «Կենգուրու» միջազգային մրցույթի հաղթող եւ մարզերում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտների եւ այս տարվա մեդալակիր շրջանավարտների հետ: «Վստահ եմ, ձեզնից շատերը ծնողներից լսել են՝ «Սովորեք, որ մարդ դառնաք»: Ովքեր տարիքով ավելի մեծ են, երեւի թե, բազմաթիվ անգամներ կասկածել են այդ պարզ ու ճշմարիտ մտքի իրական լինելու մեջ, բայց նաեւ առիթներ են ունեցել համոզվելու, որ դա, իրոք, այդպես է: Վստահ եմ, որ այսօր բոլորս համոզվել ենք, որ լավ սովորելը, գիտելիք ունենալը լավ քաղաքացի, լավ մարդ դառնալու համար շատ կարեւոր նախապայման է: Ձեր առավելությունը ձեր հասակակիցների նկատմամբ նաեւ նրանում է, որ դուք ոչ միայն ավելի շատ գիտելիքներ ունեք, այլեւ դուք առանձնանում եք ձեր լավագույն հատկանիշներով, դա նշանակում է լինել ուժեղ մարդ, լավ մարդ, լինել պատրաստ դիմակայելու բոլոր այն մարտահրավերներին, որ դեռեւս կյանքը ձեզ կառաջադրի»,- ասել է Ս. Սարգսյանը:

Հանդիպմանը ակտիվ երկխոսություն է ծավալվել երեխաներին հետաքրքրող հարցերի շուրջ: Ավագ դպրոցականները նախագահի կարծիքն են հարցրել քննությունների թեստային համակարգի մասին: Ս. Սարգսյանի խոսքերով, թերություններ ունեին ե՛ւ թեստերը, ե՛ւ ընդհանուր թեստային համակարգը, ե՛ւ կազմակերպիչները, բայց գաղափարն ինքնին դրական է: Նա նշել է, որ քննական գործընթացում օբյեկտիվության հասնելու ամենաուղիղ ճանապարհներից է մարդկային միջամտության նվազեցումը, ինչին ուղղված է թեստային համակարգը: Ըստ Ս. Սարգսյանի, արձանագրված թերությունները շտկելով՝ համակարգը հաջորդ տարիներին ավելի արդյունավետ կգործի՝ լիարժեք ապահովելով արդարացի եւ թափանցիկ ընտրված ուսանողներ:

Հարցին՝ ճի՞շտ է արդյոք վաղ տարիքից որեւէ կուսակցության անդամագրվելը եւ քաղաքականությամբ զբաղվելը, նախագահը պատասխանել է, որ քաղաքականությամբ զբաղվել նշանակում է ծանոթ լինել գաղափարախոսություններին, ծրագրերին եւ ընտրություն կատարել դրանց միջեւ: Սակայն չի նշանակում, թե պետք է անպայման որեւէ կուսակցության անդամագրվել: Նա նկատել է, որ կուսակցական լինելը չպետք է դիտարկվի որպես պաշտոն ստանալու, հասարակությունում ավելի տեսանելի դառնալու հնարավորություն:

Բարձր դասարանցիները հարցրել են ՀՀ նախագահի կարծիքը 18 տարեկանում՝ ուսումն ընդմիջելու եւ պարտադիր զինծառայության անցնելու խնդրի վերաբերյալ: Ս. Սարգսյանն ասել է, որ յուրաքանչյուր երիտասարդ պետք է իր ավանդը բերի հայրենիքի պաշտպանության սուրբ գործին՝ անկախ գիտելիքներից: «Մենք փոքր պետություն ենք, բայց ստիպված ենք մեծ բանակ պահելու: Այդ մեծ բանակը պահանջում է ոչ միայն մեծ միջոցներ, այլեւ մեծ թվով ունակ մարդիկ»: Ս. Սարգսյանի խոսքով՝ նրանք, ովքեր իրոք ուզում են գիտությամբ զբաղվել, դա կարող են անել նաեւ հայրենիքի հանդեպ պարտքը կատարելուց հետո: Ս. Սարգսյանը նշել է, որ ասվածը չի նշանակում, թե անմիջապես օրենք է ընդունվելու 18 տարեկանից զորակոչելու մասին: Նա որպես տարբերակ նշել է պետպատվերի համակարգում փոփոխություններ կատարելու հնարավորությունը: Որ գիտության քողի տակ զինծառայությունից խուսափելու պրակտիկա կա՝ Ս. Սարգսյանը փաստարկել է նաեւ նրանով, որ ասպիրանտուրայում գրեթե առանց բացառության միայն տղաներ են սովորում:

Դպրոցականները դժգոհել են հեռուստատեսությամբ կրթական եւ ուսումնական ոլորտին ցուցաբերվող անբավարար ուշադրությունից, ինչին Ս. Սարգսյանը համակարծիք է եղել: Նա հույս է հայտնել, որ հանդիպմանը ներկա ԶԼՄ-ների ներկայացուցիչներն այս հարցադրումից եզրակացություններ կանեն, եւ հեռուստաեթերում ուսումնակրթական ծրագրերի մասով նկատվող առաջընթացի միտումները կդառնան օրինաչափություն:

Հանդիպման ավարտին Ս. Սարգսյանը մաթեմատիկայի «Կենգուրու» միջազգային մրցույթի հաղթողներին եւ այս տարվա մեդալակիրներին հանձնել է պարգեւներ ու հուշանվերներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել