Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Լավ մասնագետ լինելը քիչ է»

Հուլիս 03,2009 00:00

Ըստ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի, սա չէ լավ թեստեր ունենալու գրավականը

Երեկ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանն ամփոփեց միասնական քննությունների առաջին, հիմնական փուլի արդյունքները: Ըստ նրա, առաջին փուլը խաղաղ, արդյունավետ է անցել, տապալումներ չեն եղել. «Միայն հիմնական կրկնվող բողոքն այն էր, որ ժամանակը քիչ էր, եւ թեստերը, չգիտես ինչու, համարել էին բարդ»: Ամենաբարձր միջին գնահատականը՝ 16.5, գրանցվել է ֆրանսերենից, իսկ ամենացածրը՝ 10.1՝ ֆիզիկայից: Ամենաշատը 18-20 միավոր ստացել են անգլերենից՝ 1707 դիմորդ: Դիմում-հայտ ներկայացրած 45295 դիմորդից դրական միավորի շեմը չի անցել 5741-ը: Եթե համեմատենք հայոց լեզու եւ գրականության քննության այս տարվա արդյունքները 2007 եւ 2008թթ. արդյունքների հետ, ապա միջին գնահատականը (11.4) համապատասխանաբար նվազել է 3.7 եւ 2 միավորով: Համեմատած նախորդ տարվա հետ, հայոց լեզու եւ գրականություն, մաթեմատիկա, օտար լեզու առարկաների միջին գնահատականը երեք նիշով ցածր է: Պատճառը, ըստ փոխնախարարի, բարդ կամ դպրոցական ծրագրից դուրս կազմված թեստերն ու քննության ընթացքում սենյակի կամ դրսի հնարավոր աղմուկը չէին. «Ես մի քանի անգամ ասել եմ, որ մենք դպրոցում խնդիր ունենք. դա հնարավոր եզրահանգումներից մեկն է: Բայց այն, որ միջին գնահատականը 11 է, չի նշանակում, որ դպրոցներում վիճակը վատ է: Ամեն մարդ իր մեջ պետք է փնտրի պատճառը»:

Մ. Մկրտչյանը նշեց, որ թեեւ արդյունքները շատերի համար անսպասելի էին, բայց քիչ էին տարբերվում ընթացիկ փորձարկումների արդյունքներից: Փոխնախարարը չթաքցրեց, որ եղել են նաեւ քննության անցկացման կանոնները խախտողներ՝ կազմակերպիչներից, որոնք, սակայն, համապատասխան պատիժ են կրել: Դիմորդների կողմից խախտումներ եւս եղել են: Նրա խոսքով. «Ազգային անվտանգությունը մի ամբողջ երկխոսություն է արձանագրել, որ հեռախոսի միջոցով կատարվել է քննության ընթացքում»: Իսկ ծածկագրից օգտված չորս դիմորդներին հնարավորություն է ընձեռվել մասնակցելու լրացուցիչ քննությանը, սակայն, փոխնախարարի խոսքերով, հաջորդ տարի այլեւս նման հնարավորություն չի լինելու: Հարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդները կարող են մասնակցել լրացուցիչ քննությանը: Անդրադառնալով թեստերի որակին՝ Մ. Մկրտչյանն ասաց, թե երկու տարվա փորձը ցույց է տվել, որ լավ մասնագետ լինելը բավական չէ լավ թեստ կազմելու համար: Նա նաեւ հավատացած է, որ երկու-երեք տարի հետո կլինեն թեստ կազմող հարյուրավոր մասնագետներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել