Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՉԻՆՉ ՄԵՐ ՄԱՍԻՆ` ԱՌԱՆՑ ՄԵԶ»

Հուլիս 03,2009 00:00

Լատվիայի SUSTENTO հասարակական կազմակերպության ընտրած այս կարգախոսն առավել քան լավ է բնութագրում հատուկ կարիք ունեցող երեխաների եւ նրանց ծնողների մոտեցումը՝ իրենց առնչվող խնդիրների լուծմանը:

Ինչպես արդեն երեկվա համարում տեղեկացրել ենք, հուլիսի 1-2-ին, «Կոնգրես» հյուրանոցում կայացավ «Հատուկ կրթության բարեփոխումների հեռահար նպատակները. նոր հայացք, նոր մոտեցումներ» խորագրով միջազգային խորհրդաժողովը, որը կազմակերպել էին ՀՀ ԿԳՆ-ն եւ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը՝ Բաց հասարակության ինստիտուտի հիմնադրամի հայկական մասնաճյուղի  եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ: Խորհրդաժողովին, որը երեկ նույնպես շարունակեց իր ընթացքը, մասնակցում էր Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրների՝ Հունգարիայի, Չեխիայի, Սերբիայի, Լատվիայի, Լիտվայի, ինչպես նաեւ ՀՀ ավելի քան 120 մասնագետ:

Քննարկվում էին հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաների խնդիրները, հատուկ կրթության ոլորտում մեր երկրում կատարված աշխատանքները, այլ երկրների փորձը, այն բարեփոխումները, որ արդեն այս դարում սկսվել են մեր երկրում եւ շարունակվում են՝ ոլորտի նվիրյալների շնորհիվ: Խորհրդաժողովին ներկա էին քննարկվող խնդրին առնչվող բոլոր շրջանակների մարդիկ՝ հատուկ դպրոցների եւ ներառական կրթություն իրականացնող դպրոցների ներկայացուցիչներ, ԿԳՆ համապատասխան պաշտոնյաներ, հաշմանդամ երեխաների հարցերով զբաղվող տարբեր հասարակական կազմակերպությունների ղեկավարներ եւ այլք: Քննարկումները ոչ միայն օգտակար էին, այլեւ հաճախ՝ բուռն, քանի որ երբեմն շահերի բախում էր տեղի ունենում: Կարծրատիպը, որ դեռեւս մեծ չափերով կա մեր երկրում, թե հատուկ կարիքներ ունեցողները պետք է սովորեն հատուկ դպրոցներում, դեռ չի հաղթահարվել, թեեւ արդեն շատ դպրոցներում ներառական կրթություն է իրականացվում, մասամբ՝ հաջողված:

Զեկուցողներից նրանք, ովքեր ներկայացնում էին հատուկ դպրոցները, ասում էին, որ հաճախ ներառական կրթությունը չի ծառայում իր բուն նպատակին. հատուկ կարիքով երեխան ուղղակի նստում է դասարանում, եւ նրա կրթական կարիքները չեն հոգում հավուր պատշաճի, նույնիսկ հատուկ դպրոցներից մեկի տնօրենը պատմեց, որ երբեմն իրենց մոտ են բերում մի քանի տարի հանրակրթարանում սովորած երեխայի, որն այդպես էլ անտառաճանաչ է մնացել: Եվ ամիսների ընթացքում, որ իրենց մոտ է սովորում, երեխան կտրուկ առաջընթաց է գրանցում: Հետաքրքիր է, որ ճիշտ հակառակ պատկերն էլ էր ներկայացվում, որ հատուկ դպրոցներում ապարդյուն ժամանակ վատնած եւ ոչ մի բան չսովորած երեխան, մտնելով հանրակրթական դպրոց, ներառվելով մյուս երեխաների շրջանակում, մեծ առաջընթաց է ունենում գրագիտության առումով:

Հետաքրքիր էր նաեւ այն պահը, երբ ներառական կրթության մեծ ջատագով եւ այդ ոլորտում կատարված բարեփոխումների մեջ մեծ լումա ունեցող «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադեւոսյանն իր զեկույցում ներկայացրեց ներառված երեխաների լուսանկարներ, որոնք երջանիկ ժպտում էին. դա հարուցեց հատուկ դպրոցների տնօրենների դժգոհությունը՝ «Ի՞նչ է, ուզում եք ասել, որ մեր դպրոցների երեխաները չե՞ն ժպտում»: Տիկին Սուսաննան պարզաբանեց, որ մասնավորապես այս հավաքի եւ ընդհանրապես կրթական ոլորտում բարեփոխումների նպատակն այն է, որ բոլոր երեխաները եւ բոլոր դպրոցներում ժպտան, ու պետք չէ հակադրել մեկը մյուսին, որովհետեւ ոչ ոք չի ժխտում հատուկ դպրոցների դերն ու փորձառությունը, առավել եւս՝ այդ դպրոցների կադրերի անհրաժեշտ օգնությունը ներառական դպրոցների ուսուցիչներին վերապատրաստելու հարցում:

Ի դեպ, վերապատրաստման մասին. եթե, օրինակ, ՀՊՄՀ Հատուկ կրթության ամբիոնի վարիչ Զաբելա Զոհրաբյանը վստահ էր, որ ինչպես ներառական կրթություն իրականացնող, այնպես էլ հատուկ դպրոցների ուսուցիչների վերապատրաստումը պիտի իրականացնի իրենց ամբիոնը, ապա Արմավիրի թիվ 1 հատուկ դպրոցի տնօրեն Լիլյա Ասատրյանն այն կարծիքին էր, որ տեսական գիտելիքը գուցե դասախոսները տան, սակայն իրենք, որ օրնիբուն աշխատում են հատուկ կարիք ունեցող մտավոր զարգացման խնդիրներով երեխաների հետ, շատ ավելի լավ կարող են վերապատրաստել եւ իրենց փորձը փոխանցել մյուսներին: Ընդհանուր առմամբ, համաժողովին կարմիր թելի պես անցնում էր հետեւյալ միտքը. «Կարեւոր չի, թե երեխան որտեղ է սովորում՝ հատուկ դպրոցում, թե ներառական կրթություն իրականացնող հանրակրթականում, կարեւորն այն է, որ երեխան իրեն հասարակության մաս զգա եւ բավարարի իր կրթական կարիքը»:

Հետաքրքիր էր լսել նաեւ հյուրերին: Մասնավորապես, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ UNISEF-ի ներկայացուցիչ, իտալուհի Քրիստինա Ռոսելլան ներկայացրեց իր երկրի փորձը. Իտալիայում 1970-ականներին միանգամից, հեղափոխական ճանապարհով լուծեցին այս հարցը: Ուղղակի փակվեցին բոլոր հատուկ դպրոցները: Ճիշտ է, տիկին Ռոսելլան խոստովանեց, որ հարցի նման լուծումը՝ «վերեւից», չի կարողացել ամբողջովին լուծել պրոբլեմը եւ մինչեւ այսօր էլ, արդեն ավելի քան երեսուն տարի անց, դեռ պարբերաբար խնդիրներ են առաջանում, սակայն երկիրը հետդարձի ճանապարհ չի տեսնում: Այլ երկրներում դեպի ներառական կրթություն ճանապարհը եղել է ոչ կտրուկ: Մեր երկիրը նույնպես ընթանում է ոչ հեղափոխական ուղիով, սակայն ինչպես «Առավոտին» ասաց «Հույսի կամուրջի» ղեկավարը՝ գոնե իրենց կազմակերպության տեսլականը լրի՛վ ներառական կրթության անցած Հայաստանն է:

Սակայն թե երբ կհասնենք այդ երազանքի իրականացմանը՝ մեծ հարց է, որովհետեւ մեր երկրում ոչ միայն հասարակությունն է կաղապարված հին մտածելակերպով եւ դժվարությամբ է ընկալում իրենից տարբերվող մարդկանց եւ երեխաների ներկայությունն իր կողքին, այնպես էլ՝ երբեմն այդ երեխաների ծնողները: Օրինակ, World Vision Armenia կազմակերպության ներկայացուցիչը պատմեց մի 14 տարեկան աղջնակի մասին, որին ծնողները 14 տարի շարունակ թաքցրել էին հասարակությունից, եւ նա դպրոց չէր հաճախել միայն այն պատճառով, որ մի ձեռքի դաստակի թուլություն ուներ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել