Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԹԵՍՏԸ

Հուլիս 03,2009 00:00

\"\"Բաց նամակ Մովսես Խորենացուն

Սիրելի՛ Քերթողահայր:

Պաշտելի ուսուցչիդ ուղղված նախորդ նամակում արդեն խոսեցի այս տարվա քննական թեստի՝ հայոց լեզվին վերաբերող հարցերի մասին: Հիմա ուզում եմ խոսել գրականության մասին:

Ծանր ու դառնաշունչ քո օրերում դու շատ ես տեսել տգետ եւ չարախոս մարդկանց զրպարտություններ եւ հալածանքներ: Այդ հտպիտների ժառանգները, որ այժմ «կոլեգաներ» անհաճո բառով են հորջորջվում, ողջ եւ զգոն են նաեւ հիմա եւ լուտանքներ են թափում հայ գրականության եւ նրա մշակների հասցեին:

Գրականության մի քանի վաստակավոր ուսուցչուհիներ եւ մի դասախոսուհի «Առավոտ» թերթի հունիսի 10-ի համարում բաց նամակ են տպագրել («Որոգայթներով լեցուն թեստեր»), որի մեջ լեզվի հարցերը տգիտորեն «լուծելուց» հետո գրոհում են հայ գրականության վրա: «Նվիրյալ ուսուցիչներից շատերը» իբր ժամանակին ողջունել են «գրականության հարցերի տեղադրումը միասնական հարցերի մեջ», իսկ այսօր «զղջում են, քանի որ նորօրյա թեստ կազմողները ո՛չ դպրոց գիտեն եւ ո՛չ դպրոցական ծրագիր. այսինքն՝ առաջադրված հարցերը աշակերտի համար չեն»: Ու բերում են իրենց ահեղ հերքումը ցուցադրող թեստային հարցերից մի քանիսը:

ա. Մեջբերում եմ ամբողջությամբ. «Ա 41 բովանդակային հարցի փոխարեն երեխան դիպաշարից պետք է հիշի Աղասուն ուղղված մոր եւ Նազլուի նամակները»:

Այդպես էլ չի հասկացվում՝ այս հարցի ինչն են սխալ կամ վատ համարում ուսուցչուհիները: Բովանդակային հարցերը իրականում Բ մակարդակի համար են, իսկ Ա մակարդակում ի թիվս այլ հարցերի ստուգվում է երկի դիպաշարի (սյուժեի) իմացությունը դիմորդի կողմից: Այս տարի թեստում դրված էին այդպիսի երկու հարցեր: Մյուսը Թումանյանի երկերի մասին էր (Ա 45), ստուգում էր մեծ բանաստեղծի միանգամից չորս գլուխգործոցների ընթերցման փաստն ու որակը եւ իբրեւ այդպիսին՝ թեստի ամենից իմաստալից հարցերից մեկն էր: Այդ հարցին, ի դեպ, ճիշտ էր պատասխանել դիմորդների 60%-ից ավելին (այսինքն՝ ավելի քան 7200 երեխա), բայց թեստի հակառակորդները կառչեցին «Փարվանային» վերաբերող պատասխանի մի արտահայտությունից եւ այնպիսի վայնասուն բարձրացրին, որ նսեմացան թե՛ հարցը, թե՛ ճիշտ պատասխանողների բազմությունը:

Հունիսի 13-ին ԳԹԿ-ում կայացած բանավեճի ժամանակ ես նշեցի, որ էական չէ՝ որտեղ եւ որ պահին են թիթեռ դառնում Փարվանա կտրիճները, բայց լեգենդի բնագրի տրամաբանությունը հուշում է, որ դա եղել է կրակի մոտ: Ի վերջո, սակայն, որոշվեց բարձրացնել այդ պատասխանը տվող դիմորդների գնահատականը՝ նկատի ունենալով բնագրի եւ թեստի ձեւակերպման մասնակի անորոշությունը: Հիմա նույն այդ ուսուցիչները, նամակը ստորագրողների մի քանի տասնյակ անդեմ բազմության հետ միասին, մի երկրորդ՝ գռեհիկ վերնագրով նամակ են հղել այս անգամ երկրի ղեկավարությանը («Առավոտ», հունիսի 23), որի մեջ ԱՐԴԵՆ ՎԵՐԱՆԱՅՎԱԾ առաջադրանքի մասին նետում են որքան անգրագետ, նույնքան էլ անբարո մի ռեպլիկ. «Ի՞նչ կարիք կա համառորեն պնդել (պետք է լինի պնդելու – Ս. Գ.), թե երբ են Փարվանա կտրիճները թիթեռ դառնում՝ մինչեւ կրակին հասնե՞լը, թե՞ դրանից հետո: Մի՞թե գրականություն իմանալն այն է, որ պարզեն՝ կրակից մեկ մե՞տր, թե՞ մեկ կիլոմետր հեռվում են թիթեռ դառնում»:

Ընդգծեմ, որ ո՛չ թեստում, ո՛չ թեստի հեղինակի բանավոր պարզաբանման մեջ մետրի ու կիլոմետրի մասին խոսք չկա: Դա նամակագիրների երեւակայության արգասիքն է, զրպարտության փորձ՝ դրված բարձր ատյաններին ուղղված համախոսականի մեջ:

Վերադառնալով «Վերք Հայաստանի» վեպին վերաբերող հարցին՝ երկրորդեմ, որ այն նույնպես ստուգում է դիմորդի ընթերցանությունը, պարզում է՝ ով է կարդացել վեպը եւ ով՝ ոչ: Նամակների դրվագը Աբովյանի վեպի ամենից կարեւոր հատվածներից է, կազմում է 8-9 էջ (տե՛ս Խ. Աբովյան, Երկեր, Ե., 1984, էջ 185 – 193): Նամակները մեջբերված են ամբողջովին, նույնությամբ, դրանք հուզմունքով կարդում է վեպի գլխավոր հերոս Աղասին, որ գյուղից փախել էր Լոռի, լուր չուներ հարազատներից եւ հենց այս նամակների միջոցով է տեղեկանում նրանց վիճակի մասին:

Ի դեպ, պարտաճանաչ դիմորդների մի մասը գերադասում է կարդալ վեպի՝ հատուկ դպրոցականների համար Ստ. Զորյանի եւ Հր. Քոչարի ձեռքով համառոտած տարբերակը, որի մեջ նույնպես սեղմ վիճակում պահպանված են Աղասու մոր եւ կնոջ նամակները (Խ. Աբովյան, Վերք Հայաստանի, Ե., 1975, էջ 111 – 115): Իսկ դպրոցական դասագրքի վերլուծության մեջ այդ նամակները նշված են որպես հայ մարդու հոգեւոր հարստությունը վկայող օրինակներ:

Այս ամենը ճշմարտություն է, հետեւաբար Ա 41 թեստում ո՛չ սուտ բան կա, ո՛չ սխալ, ո՛չ մեթոդական շեղում: Բայց զրպարտագրի հեղինակները մերկապարանոց ու անմիտ մի նախադասությամբ փորձում են ստվերել այդ պարզ ճշմարտությունը՝ թաքցնելու համար «Վերք Հայաստանի» վեպի իրենց չիմացությունը (ԳԹԿ-ի հայտնի քննարկման ժամանակ բաց նամակի դասախոս հեղինակը պնդում էր, թե համառոտած տարբերակում նամակները չկան):

Բայց ի հեճուկս ուսուցիչների՝ բարեբախտաբար կան հայ գրականության բնագրերը, անգամ դժվարընթեռնելի «Վերքը» կարդացող եւ յուրացնող շատ երեխաներ. Ա 41 առաջադրանքին ճիշտ է պատասխանել դիմորդների մոտ 65%-ը, այսինքն՝ գրեթե 8000 դիմորդ: Այս դեպքում էլ, ինչպես երեւում է, ուսուցիչների համակրանքը չկարդացող եւ ծույլ 4000-ի կողմն է:

բ. Դժգոհում են, թե ինչու աշակերտը պիտի իմանա Վահան Տերյանի բանաստեղծական շարքերը: Իսկ ինչո՞ւ չպիտի իմանա, այն էլ սոսկական թվարկումով, եթե դրանք հիշատակված են դպրոցական դասագրքում (էջը նշված է թեստի հեղինակային խմբի՝ հունիսի 13-ին տպված պարզաբանման մեջ):

Փաստորեն այս անգամ էլ թեստում մատնանշված սխալ չկա, կա միտք, թե իրենց կարծիքով այդպիսի հարց չպիտի լիներ: Բայց դա իրենց՝ անգրագիտություն քարոզող կարծիքն է: Տերյանի բանաստեղծական շարքերի իմացությունը ստուգող Ա 47 հարցին ճիշտ է պատասխանել դիմորդների գրեթե կեսը՝ շուրջ 6000 երեխա:

գ. Մոտ 3500 երեխա էլ (30%-ը) ճիշտ է պատասխանել «Դեպի լյառը Մասիս» պոեմին վերաբերող Բ 79 հարցին: Քննադատների անգետ եւ չարամիտ վերագրմամբ այդ հարցը իբր թե վերաբերում է «Խմբապետ Շավարշը» ոչ ծրագրային պոեմին: Այս առթիվ հայ գրականության ուսուցիչ կոչվածները անում են այնպիսի ցածրամակարդակ դատողություններ (օրինակ՝ հայոց գրարվեստի ամենից ողբերգական կերպարներից մեկի կարծեցյալ հարբեցողության մասին), որ որոշեցի չսահմանափակվել ասվածով եւ այդ մասին հանդես գալ հատուկ հոդվածով: Իսկ այստեղ տալիս եմ միայն մեկ հռետորական հարց:

Եթե Բ 79-ը ոչ ծրագրային հարց է, ծուղակ, ինչպե՞ս է այդ վայրենի հարցին ճիշտ պատասխանել 3500 աշակերտ: Ովքե՞ր են նրանք՝ թեստ կազմողների դիմորդնե՞րը, թե՞ պատահական խաչ դնողներ (այդ դեպքում թող մյուս 8500-ն էլ պատահականորեն ճիշտ պատասխանեին):

դ. Մեջբերում եմ ամբողջությամբ. «Ինչո՞ւ պիտի երկհատոր վեպից երեխան հիշի Մեծ տիկնոջ այս խոսքերը՝ «Շապուհը դարձվորել է շիրմից»: Ի՞նչ է տալիս այս հարցը, կապո՞ւմ, թե՞ վանում է երեխային գրականությունից: Հետաքրքիր է՝ ի՞նչն է կարեւոր հարցադրողի համար. աշակերտին մտածե՞լ սովորեցնել, կապել գրականությա՞նն ու մայրենիի՞ն, թե սարսափ ու ատելություն ներարկել»:

Հարցերի անիմաստ շարան է, որին ես էլ եմ ուզում հարցերով պատասխանել.

1. Աշակերտ – դիմորդը պետք է կարդա՞ Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» վեպը, թե՞ ոչ:

2. Պետք է հիշի՞ գոնե դասագրքում եղած 10-ի չհասնող մեջբերումները:

3. Մեծ տիկնոջ խոսքը դասագրքում կա՞, թե՞ չկա:

4. Թեստը ճի՞շտ է մեջբերել վեպի (եւ դասագրքի) հատվածը. «Շապուհը դարձվորե՜լ է շիրմից, գալիս է Հայոց աշխարհի արմա՜տը հանի»:

5. Ուսուցիչները ճիշտ եւ լրի՞վ են մեջբերել Մեծ տիկնոջ խոսքը. «Շապուհը դարձվորել է շիրմից»:

6. Ուրեմն ովքե՞ր են սխալ, անգրագետ եւ չարամիտ՝ թեստի հեղինակնե՞րը, թե՞ վաստակավոր ուսուցիչները (վերջիններս թեստ կազմողների նենգության, չարության, հայ երեխաների նկատմամբ տածած թշնամանքի մասին իրենց գլխավոր եզրահանգումը անում են Մեծ տիկնոջ խոսքից անմիջապես հետո):

7. Եթե Ա 48 հարցին ճիշտ են պատասխանել մոտ 10 000 դիմորդներ (հանձնողների 80%-ից ավելին), սարսափ եւ ատելություն ներարկողը ովքե՞ր են:

Պարզ է՝ սարսափ ու ատելություն ներարկողը «Վարդանանքին» անհաղորդ 2000 աշակերտների սիրահար ուսուցիչներն են:

Սիրելի՛ Քերթողահայր, մեզ մեղադրում են, որ բարդ թեստեր կազմելով՝ սթրեսի ենք ենթարկում խեղճ աշակերտներին եւ նսեմացնում նրանց ուսուցիչներին: Քո օրերում քեզ էլ շատ մեղադրանքներ են մատուցվել, այլապես քո «Ողբում» այդպիսի անխնա-դաժան տողեր չէիր գրի որոշ աշակերտների եւ նրանց ուսուցիչների մասին: Դրանք հիշեցի ակամա, երբ ամբողջ այս ամսվա ընթացքում մտածում էի, թե ինչ նպատակներ են հետապնդում անվերջանալի այս արշավանքի կազմակերպիչները: Հասկացա, որ հիմա էլ «հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը»:

Սիրելի՛ պատմահայր, չարափառության այդ սեւ ոգիները չեն խորշում նույնիսկ քո ոսկեղենիկ լեզվի նմուշները անգոսնելուց: Այնպես է ստացվել, որ Ա մակարդակում գրականության առաջին եւ վերջին հարցերը քո «Հայոց պատմություն» գրքից են: Եվ երբ ասում են, թե գրականությունից «առաջադրված հարցերը աշակերտի համար չեն», նկատի ունեն նաեւ այդ երկու հարցերը (այս վատ թեստում փաստորեն գրականության 15 հարցերից երկուսը Խորենացի են): Առաջինի մասին ասում են, թե ինչ պարտադիր է, որ աշակերտը իմանա «Հեծաւ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ» Գողթան երգի առաջին տողը (Ա 39): Ոչ մի նշանակություն չունի, որ այն ծրագրային պարտադիր անգիր է, ոչ էլ այն, որ սա մեր գրականության արշալույսի ադամանդյա բեկոր է, Խորենացու փրկած արվեստավոր մի նշխար, եւ քննական թեստը հենց հատուկ միտումով է այսպիսի ճաշակավոր մուտք ապահովել գրականության հատվածի համար:

Իսկ ավարտը որոշվել է ոսկեզօծել նույն «Հայոց պատմության» մի պերճախոս հատվածով, ուր Երվանդակերտ քաղաքը պատկերավոր խոսքով համեմատվում է կնոջ դեմքի հետ (Ա 50): Ինչ ասես, որ չասվեց այս առաջադրանքի մասին: Իբր աշակերտից պահանջում են անգիր իմանալ ամբողջ «Հայոց պատմությունը» (հատվածը դասագրքից է): Իբր քաղաքի անունը պետք է լիներ Երվանդաշատ (պատմությանդ մեջ եւ դասագրքում Երվանդակերտ է):

Այսպես է, որ որոշ ուսուցիչների եւ դասախոսների որոգայթն են ընկնում նաեւ անմեղ հոգիները, ովքեր իրենց չիմացածը փորձում են արդարացնել թեստով: Վանաձորցի մի դիմորդուհի «168 ժամ» թերթի թղթակցին ասում է. «Շատ պահանջներ խճճված ձեւակերպումներ ունեին… օրինակ, թեստում կար Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից» մի հատված, ես շփոթել էի «Լիլիթի» հետ: Էնտեղ բառեր կան, որ նման են «Լիլիթին», ասենք՝ շուրթերի պահը»: Այսինքն՝ եթե լեզվաբանական համալսարանի դիմորդուհի Լիլիթ Թորոսյանը պատմիչիդ հատվածը շփոթել է Ավ. Իսահակյանի «Լիլիթի» հետ, ուրեմն մեղավորը խճճված պահանջն է եղել:

Իսկ գիտե՞ս՝ որն է Ա 50-ի պահանջը. «Ո՞ր ստեղծագործությունից է հետեւյալ հատվածը»: Այսպիսի պարզ, հայտնի, ուղեցուցային պահանջ մեր թեստում այլեւս չկա: Չմոռանանք նաեւ, որ թե՛ «Հայոց պատմությունդ», թե՛ «Լիլիթը» ծրագրային են, պարտադիր ընթերցանության նյութ:

Ահա ինչի է կոչված եւ ուր է հասցնում տգիտությամբ հիմնավորված չարափառությունը:

Լույսի պես հստակ, անսխալ, ծրագրային Ա 50 հարցին ճիշտ է պատասխանել քննություն հանձնածների 60%-ից մի քիչ պակաս մասը՝ ավելի քան 7000 երեխա:

Լիլիթ Թորոսյանը սխալ պատասխանած 5000-ից է մեկն է: Եվ փոխանակ տխրելու, որ չի սովորել, փոխանակ մտածելու, որ իր մայրենին չիմանալով՝ ուզում է անգլերենի մասնագետ դառնալ (երեւի անգլերենից էլ շատ բարձր է ստացել), փոխանակ վերջապես բացելու իրեն հանձնարարված գեղարվեստական գործերն ու դասագիրքը, «մանկավարժների» սադրանքով գտնում է քավության նոխազ. «Ուղղակի խնդիրը հայոց լեզվի քննության այն էր, որ շատ պահանջներ խճճված ձեւակերպումներ ունեին»:

Ահա թե ինչու, սիրելի՛ Քերթողահայր, ողբալով ուսուցիչներիդ՝ Մաշտոցի եւ Սահակի մահը, հարցնում էիր, թե «ո՞վ պետք է զսպի առողջ վարդապետության հակառակ դուրս եկողների հանդգնությունը»:

Եվ դեռ հիշում ենք, տակավին երկար կհիշենք ու ցավով կոգենք «Ողբիդ» բառերը.

«Աշակերտները՝ սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած՝ աստվածաբան են…»:

Ու նաեւ եւ հատկապես սրանք.

«Ուսուցիչներդ՝ տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած եւ ոչ աստծուց կոչված, փողով ընտրված եւ ոչ սուրբ հոգով. ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ աստված է բնակվում, եւ գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել