Վրացի քաղաքագետի գնահատականները
Վահագն Չախալյանի նկատմամբ դատավճիռը միանգամայն տեղավորվում է կլանային եղանակներով Վրաստանը կառավարելու Միխայիլ Սահակաշվիլիի ձգտման շրջանակում, «Արմինֆոյին» ասել է Վրաստանի ընդդիմադիր Հանրապետական կուսակցության անդամ, Զարգացման եւ համագործակցության կենտրոնի ղեկավար Պաատա Զաքարեիշվիլին:
«Չախալյանի դատապարտման խնդրում դեռ հարկավոր է լուրջ պարզաբանում: Քանի որ, շեշտը դնելով տեղական կլանների վրա, Սահակաշվիլին դրանով իսկ վարում է անընդունելի եւ իր հետեւանքներով սարսափելի ներքին քաղաքականություն: Դժբախտաբար, Ջավախքի հայ հասարակության ներսում էլ կան ինչ-որ հակասական հարաբերություններ տեղական կլանների միջեւ, եւ Սահակաշվիլիի քաղաքականությունն է ամենակեղտոտն ու սխալը, երբ նա ձգտում է տարածաշրջանները կառավարել կլանային եղանակներով` խնդիրներ ստեղծելով հասարակության ներսում»,- նշել է Պաատա Զաքարեիշվիլին:
Ըստ նրա, կառավարման նման ձեւը միջնադարյան է եւ ժողովրդավարական չափանիշներին չհամապատասխանող: «Չախալյանի գործում շատ բան պարզ չէ, թեեւ իրավական տեսակետից, կարծես, նրա ձերբակալության համար հիմքեր, այնուամենայնիվ, եղել են: Ես դժվարանում եմ ասել, թե նրա ձերբակալությունը որքանով ճիշտ էր քաղաքական տեսակետից, քանի որ միշտ դեմ եմ եղել այնպիսի գործողությունների, որոնք կարող են հարուցել քաղաքական լարվածություն: Ամեն դեպքում, մեզ հարկավոր է անել ամեն ինչ՝ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ խնդիրներ չստեղծելու համար»,- ասել է Պաատա Զաքարեիշվիլին:
«Ես մեծ երախտագիտություն եմ տածում Ջավախքի հայ բնակչության հանդեպ, որը ոչ մի անգամ չի օգտագործել, կարծես, բարենպաստ պահը եւ ջուր չի պղտորել, երբ նրան դրդել են այդ բանին: Ընդհակառակը, ջուրը միշտ պղտորել են կենտրոնում, հենց Թբիլիսիում: Չեմ բացառում «Մոսկվայի ձեռքի» ազդեցությունը Ջավախքում: Սակայն, եթե Ռուսաստանը, ունենալով հսկայական ռեսուրսներ, Ջավախքում որոշակի սցենար իրականացնելու անհրաժեշտություն զգար, նա վաղուց դա կիրագործեր: Ես կարծում եմ, որ մենք Ջավախքում զգալիորեն ավելի քիչ խնդիրներ ունենք, քան կարող էինք ունենալ»,- ասել է Պաատա Զաքարեիշվիլին: