Մինչ դատախազությունը ուսումնասիրում է նախկին գյուղապետի գործունեությունը, վերջինս ղեկավարում է գյուղի դպրոցի կառավարման խորհուրդը եւ «դեբոշներ» սարքում:
Իսկ ոչ հաղպատցիներին տեսանելի է միայն Հաղպատի այս գեղեցիկ համալիրը:
Հաղպատի գյուղամիջում մշտապես ներկա Վանիկ Աբելյանը ցավով է արձանագրում, որ գյուղի վարելահողերը այս տարի էլ չեն մշակվել. «Հուսով էի, որ պտի ցանեին, ցավոք, չէ, չեն ցանել»,- ասաց նա: Հաղպատում վերջին տարիներին գյուղացիները մշտապես դժգոհել են Ծաղկաշատի Ժիվանք հանդամասի լեռնային աղբյուրներից եկող՝ մի քանի տարի առաջ կառուցած ոռոգման ջրագծից: Պարզվում է, Ժիվանքի այգիների մոտ՝ կենտրոնական մայրուղուց Հաղպատ թեքվող ճանապարհի եզրին կառուցված ՀԷԿ-երը կլանում են ողջ ջուրը: Դեռ 2008 թվականի նոյեմբերին՝ իր պաշտոնավարման առաջին օրերին Հաղպատի գյուղապետ Սերգո Քառյանը գյուղացիներին խոստացել էր գտնել ՀԷԿ-երի տերերին եւ Հաղպատի ոռոգման ջրի խնդիրը լուծել: ՀԷԿ-երի տերերի հետ Հաղպատի գյուղապետարանի կնքած պայմանագրերը, այլ ֆինանսական փաստաթղթերի հետ, առգրավել է Լոռու մարզային դատախազությունը՝ նախկին գյուղապետ Ռուբեն Վարոսյանի համայնքի բյուջեի ծախսերի օրինականությունը ստուգելու նպատակով: Գործող գյուղապետը ասաց, որ դատախազությունը նախկին գյուղապետ Ռուբեն Վարոսյանի գործունեության ուսումնասիրության վերաբերյալ տեղեկություններ չի տրամադրում, անգամ չեն ասում, թե երբ կվերադարձնեն փաստաթղթերը: «ՀԷԿ-երի գլավարներին դեռ չեմ գտել, զանգում էլ եմ՝ չեմ կարողանում հանդիպել, մեկի ազգանունը Օխանյան է, Սպիտակի կողմերից է, պայմանագիրն էլ դեռ դատախազությունում է, 2005-2008 հատվածում գյուղապետարանի ֆինանսական փաստաթղթերը դեռ մեզ չեն հանձնել: Բայց ջրի վրա ես եմ կոնտրոլ դրել, իմ հասանելիք ջուրը ինչքան ինձ պետք ա, լրիվ ես բերում եմ գյուղ, այժմ մեկ օրվա մեջ 400 տոննա ջուր ենք օգտագործում, դեռ պրոբլեմ չունենք: ՀԷԿ-երից մեկը, Ժիվանքի հանդամասինը, չի աշխատում, քանդած-գցած է, ես չգիտեմ ումն է եղել, փաստորեն մեկն է աշխատում, այն էլ ավելացած ջրով, որն առայժմ ինձ պետք չէ: Հետագայում եթե կարողանամ գյուղի ներքին ցանցերը նորոգել, այդ ջուրը արդեն ես լրիվ կվերցնեմ»,- հավաստիացրեց գյուղապետը:
Գյուղի ոռոգման համակարգի ներքին ցանցի վերանորոգման նախագիծ գյուղապետը դեռ չունի, նախնական հաշվարկով դրա համար 50 միլիոն դրամ անհրաժեշտ կլինի: Նորոգված ցանցը կապահովի գյուղի 147 հեկտար վարելահողերի ոռոգումը: Այսօր օրական 400 տոննա ջուրը օգտագործվում է գյուղացիների տնամերձերի եւ 40 գյուղացիների վարձակալած 20 հեկտար հողամասերի ոռոգման համար: Գյուղապետը վստահեցրեց, որ եկող տարի գյուղացիները վարելահողերը անպայման գարնանացանի տակ կդնեն:
Հաղպատում ետխորհրդային տարիներին գրեթե չի գործել գյուղի մանկապարտեզը: Գյուղապետ Սերգո Քառյանի խոսքով, «գյուղապետարանի աշխատակազմի միջոցով կարգի է բերվում մանկապարտեզի գույքը, «Վորլդ Վիժըն» կազմակերպությունը կհոգա մանկապարտեզի մեկ մասնաճյուղի վերանորոգման ծախսերը, գյուղապետարանն էլ հաստիքներ կպահի գյուղի նախադպրոցական հասակի՝ շուրջ 25 երեխայի դպրոց հաճախելուն նախապատրաստելու համար»: Այսօր գյուղացիները համայնքի բյուջեին պարտք են 1,6 միլիոն դրամ: «Ըստ նոր օրենքի, եթե գյուղացիները մինչեւ դեկտեմբերի 30-ը իրենց մայր գումար հարկերը վճարեն՝ կազատվեն տույժերից: Գյուղացիները ակտիվություն են ցուցաբերում եւ վճարում են»,- հայտնեց գյուղապետը:
Հաղպատի 2009 թվականի բյուջեով պլանավորված է 21 միլիոն դրամ եկամուտ, պետբյուջեից դոտացիան՝ 7 միլիոն դրամ: «Վեց միլիոնը պլանավորել ենք ծախսել գյուղացիների բնակարանների գազիֆիկացման վրա՝ գազիֆիկացման աշխատանքներին համայնքի ֆինանսական 10% մասնակցությունը ապահովելու համար, 2,7 միլիոն դրամով էլ գյուղացիներին ալյուր ենք հատկացնելու»,- ասաց Սերգո Քառյանը:
Ի դեպ, նախկին գյուղապետ Ռուբեն Վարոսյանը, որ գյուղում հայտնի է «Ավարա Ռուբո» անվամբ, թեեւ շուրջ մեկ տարի պաշտոնազրկված է, սակայն դեռ Հաղպատի միջնակարգ դպրոցի կառավարման խորհրդի նախագահն է: Նախկին գյուղապետին գյուղի դպրոցի խորհրդի պաշտոնում հարատեւելու գործում աջակցում է Լոռու մարզպետարանը: Գործող գյուղապետը այս տարվա ապրիլին մարզպետարան է դիմել դպրոցի կառավարման խորհրդի յոթ անդամներից երեքին փոխելու հարցով եւ մերժվել: Սրանից հետո դպրոցի կառավարման խորհրդի նախագահ, նախկին գյուղապետ Ռուբեն Վարոսյանը մայիսի 23-ին հանկարծակի այցելել է Ալավերդու «Դեբեդ» ռեստորան, ուր Հաղպատի դպրոցի շրջանավարտների կազմակերպած ավարտական խնջույքն էր եւ հայտարարել, որ իր աղջկա բջջային հեռախոսը գողացել են: «Դա անհնարին է: Մեր շրջանավարտները ընդունակ չեն դրան: Ռուբոն կանգնեց ռեստորանի դռների մեջտեղում, ասաց՝ հլա մի հատ անջատեք երաժշտությունը: Երաժշտությունը անջատեցին: Մտածում էի, թե ինչ-որ հայտարարություն կանի, մեկ էլ սկսեց հայհոյանքները, ով որ վերցրել ա՝ սենց, նենց, նենց: Անհնարին է կրկնել այդ հայհոյանքները: Շրջանավարտներն ու հավաքվածները մեծ խուճապ ապրեցին»,- պատմեց Հաղպատի դպրոցի ուսուցչուհի, ավագանու անդամ Սիրամարգ Մեջլումյանը: