Աղբանոցն աճուրդով վաճառել է
Արարատի մարզի Արարատ գյուղում գտնվող 0,275 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատարածքը (ծածկագիր՝ 312-001) մինչեւ 1992թ. ծառայել է որպես աղբանոց: Գյուղապետ Գ. Մելքոնյանը 1992թ. այդ հողատարածքը լավության կարգով (աղքատ ընտանիքին լավություն անելու պատրվակով), առանց իրավաբանական ձեւակերպման տվել է գյուղի բնակիչ Արեւիկ Առաքելյանին՝ «մաքրիր եւ օգտագործիր ընտանիքդ պահելու համար»: Հողատարածքը շինարարական եւ այլ թափոններից մաքրելուց հետո Ա. Առաքելյանը ավելի քան 16 տարի օգտագործել եւ այսօր էլ օգտագործում է՝ տիրապետելով այն առանց իրավաբանական ձեւակերպման, անընդմեջ եւ բացահայտ, վճարելով գյուղապետի կողմից պահանջված հողի հարկերը:
Հողի վարձավճարը 1994-2008թթ. ընկած ժամանակահատվածի համար՝ 40 հազար դրամ, Ա. Առաքելյանից գյուղապետարանը գանձել է 2.06.2008թ., այն դեպքում, երբ մեկ տարի առաջ՝ 25.05.2007թ. գյուղապետի թիվ 120 որոշմամբ հաստատվել են 18.05.2007թ. կայացած աճուրդի արձանագրության արդյունքները եւ համայնքի սեփականություն հանդիսացող 0,275 հա գյուղնշանակության այլ հողատարածքը (նախկին նույն աղբանոցը) 20 հազար դրամով վաճառվել է Արարատ գյուղի բնակիչ Սեյրան Մանուկյանին: Հայտնի չէ գյուղապետի տրամաբանությունը, թե ինչու աճուրդից հետո միայն Ա. Առաքելյանից պահանջվեց նշված գումարը եւ ինչու հենց 40 հազար դրամ:
Աճուրդի կազմակերպման եւ անցկացման ժամանակ հիշյալ հողատարածքը Ա. Առաքելյանի կողմից ծանրաբեռնված է եղել ցանքսով եւ բերքով: Նույն այդ ժամանակամիջոցում գյուղապետ Գ. Մելքոնյանի հավաստիացումների ներքո՝ հողամասը քոնն է, գնա օգտագործիր, արագորեն աճուրդ է հայտարարվել եւ առանց այդ մասին Ա. Առաքելյանին գրավոր առաջարկ ներկայացնելու հողամասն աճուրդով ձեռք բերելու նախապատվության իրավունքի մասին եւ առանց վերջինիս կողմից գրավոր մերժման, հաստատվել են կայացած աճուրդի արդյունքները:
Այսպիսով, Արարատի մարզի Արարատի համայնքի ղեկավարը չարաշահել է իրեն օրենքով լիազորված իշխանությունը, խախտել է ՀՀ հողային օրենսդրության պահանջները, մասնավորապես՝ ՀՀ հողային օրենսգրքի 72 հոդվածով նախատեսված՝ քաղաքացու կամ իրավաբանական անձանց կողմից պետական եւ համայնքային հողերի ձեռքբերման եւ օգտագործման նախապատվության իրավունքը: Գյուղապետարանը 25.05.2007թ. կայացած աճուրդից հետո, 2.06.2008թ. թիվ 2 անդորրագրով Ա. Առաքելյանից գանձել է 40 հազար դրամ, որպես հողի վարձավճար։ Այս գումարը չհիմնավորված եկամուտ է, քանի որ հողամասը 1992թ. Ա. Առաքելյանին գյուղապետի կողմից տրամադրվել է առանց իրավաբանական ձեւակերպման. «Գնա մաքրիր, օգտագործիր»։ Իսկ ով պետք է հատուցի Արեւիկ Առաքելյանին՝ հողամասը մաքրելու եւ նրան պատճառված բարոյական եւ նյութական վնասի համար: Երեւի՝ գյուղապետը:
Ի դեպ, գյուղապետ Գ. Մելքոնյանը չի պատրաստվում պատասխանել մեր գրությանը՝ վերոնշյալ հարցերի պարզաբանման կապակցությամբ, ասելով՝ «Հասարակական կազմակերպություն չի՞ եղածը, թող հանգիստ տեղը նստի»:
Մենք հանգիստ չենք կարող նստել մեր տեղում, մինչեւ գյուղապետը չվերականգնի Ա. Առաքելյանի խախտված իրավունքները:
Երեկվա դրությամբ գյուղապետ Գ. Մելքոնյանը կատարվածի շուրջ պատասխանում է ՀՀ Արարատի մարզի դատախազության հարցերին: