Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՆԵՐՍԻ ՔԱՂԱՔՈՒՄ

Հուլիս 03,2009 00:00

Ապացույցները չեն գնահատվել

\"\"\"\"
Վահե Հարությունյանը ցույց է տալիս այգին եւ ճանապարհը, որն ուզում են իրենից խլել:

20-րդ դարի 40-ականների վերջերից Անտառային փողոցի 118/2 հասցեում է բնակվում Ռազմիկ Հարությունյանի բազմանդամ ընտանիքը: 59-ամյա Ռազմիկ Հարությունյանը ծնվել է այդտեղ, այգի գցել, ունեցել մեկ տղա՝ Վահեին: Նրան հայրը փեշի տակ չի պահել, երբ սահմանները պիտի պաշտպանվեին: Վահեն ազատամարտիկ է եւ մասնակցել է 1992-94թթ. մարտական գործողություններին: Պատերազմն ավարտվել է, եւ Վահեն ստիպված է պաշտպանել իր եւ երկու մանկահասակ երեխաների հողն այս անգամ՝ մայրաքաղաքում:

Ի հայտ է եկել կադաստրի նախկին աշխատակից՝ Արայիկ Ստեփանյան անուն-ազգանունով մեկը, որը փաստաթղթեր է ներկայացրել, ասելով, թե այդ հողն ինքն օգտագործում է 10 եւ ավելի տարիներ: Ռազմիկ Հարությունյանն ու հարեւանները հայտարարագիր են ուղարկել իրավապահ եւ իրավապաշտպան կառույցներին: «1988-89թթ. մութի, սովի, ցրտի տարիներին իմ տան ուղղությամբ կից՝ մինչեւ ճանապարհ, ընտանիքով տնկել, խնամել ենք 120 պտղատու ծառ: Մոտ 10 մեքենա հող ենք մաքրել ձեռքով, պատ ենք շարել, այգի հիմնել ու ցանկապատել: 2006թ. հայտնվեց Արայիկ Ստեփանյանը՝ սեփականության վկայականով, իբր օգտագործում է մեր այգու 250 քմ տարածքը, ինչը իրականությանը չի համապատասխանում»,- ասում է Ռ.Հարությունյանը:

Վերջինս, որ, իր ասելով, ծերացել է այդ անարդարությունից, դիմել է ոստիկանության Կենտրոնականի բաժին, հայտնելով, որ Կենտրոնի թաղապետարանը տվել է կեղծ վկայական, որում կան կեղծ տվյալներ այն մասին, որ «Ա. Ստեփանյանը 10 եւ ավելի տարիներ օգտագործել է Անտառային փողոցում գտնվող իր այգու 250 քմ-ն եւ այն գրանցել իր անունով»: Ա. Ստեփանյանին կանչել են ոստիկանության բաժին եւ նա բացատրություն է տվել, որ «1995թ. Անտառային փողոցի 126 հասցեում ձեռք է բերել 500 քմ հողատարածք՝ շինարարություն կատարելու համար: 2001թ. կառուցել է կիսակառույց շինություն, իսկ 2003թ. իր անունով օրինականացրել է 1500 քմ հողատարածք»: Ա. Ստեփանյանը հայտնել է, որ վիճարկվող այգին իրենն է ու ինքն է ցանկապատել:

Կենտրոն թաղապետարանը, որը կարող էր հարցին լուծում տալ, սկանդալային պատասխան է տվել անցյալ տարվա մարտի 4-ի 23/35-122/179 գրությամբ. «Անտառային փողոցի 126 հասցեի վերաբերյալ թաղապետարանի արխիվում 2003թ.-ի նյութերը չեն պահպանվել, որի հետեւանքով տվյալներ չենք կարող տրամադրել»:

Ռազմիկ Հարությունյանը 59 տարի առաջ ծնվել է այդ տարածքում, ապրել է այդտեղ, սակայն դա Կենտրոնի թաղապետարանի համար որեւէ նշանակություն չի ունեցել: Ինչպես նշանակություն չի ունեցել, երբ նրա որդին այստեղից պատերազմ է գնացել ու վերադարձել այս նույն հասցեն, իր պաշտպանած պետությունից որեւէ բան չակնկալելով:

Ոստիկանությունը թեեւ նյութերի նախապատրաստման փուլում հանգեց այն եզրակացության, որ այգին իրականում օգտագործել է Ռ. Հարությունյանը եւ ոչ թե Ա. Ստեփանյանը, սակայն ձեռք չկարողացավ բերել «վիճարկելի այգին Ա. Ստեփանյանի կողմից չտիրապետելու հանգամանքից տեղյակ լինելու փաստի վերաբերյալ ապացույցներ», հետեւաբար, քանի որ այլ «ապացույցներ» հնարավոր չէ ձեռք բերել, քրեական գործ չհարուցվեց Կենտրոնի թաղապետարանի աշխատակիցների նկատմամբ: Ոստիկանների այս որոշումը վիճարկվել է նաեւ դատարանում:

Ի դեպ, ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանն այս կապակցությամբ գնահատել էր նաեւ ոստիկանության աշխատանքը, գտնելով. «Հետաքննության մարմինը նշված հարցը պարզաբանելու ուղղությամբ հետեւողականություն չի ցուցաբերել»:

Դատարանը պարզել էր, որ թաղապետարանի «2003թ. նյութերը չպահպանվելու պայմաններում թաղապետարանում առկա է եղել վիճարկվող գրության 2-րդ օրինակը: Այս ուղղությամբ նույնպես պատշաճ քննություն չի կատարվել», ինչը հանգեցրել է Ռ. Հարությունյանի իրավունքների կոպիտ խախտմանը: Դատարանը հիմնազուրկ է համարել ոստիկանների այն պնդումը, թե սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել