Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նոր թափով են ցույցի գնալու

Հուլիս 03,2009 00:00

Երեկ կառավարության շենքի դիմաց կրկին հավաքվել էին իրացվող տարածքների բնակիչները: Նրանք վարչապետ Տիգրան Սարգսյանից պահանջում էին իրենց նամակին գրավոր պատասխան տալ ու վերջապես ասել՝ զբաղվելո՞ւ է իրենց հարցերով, թե՝ ոչ: Սակայն, ինչպես մեզ հետ զրույցում նշեց «Սեփականության իրավունքների պաշտպանություն» հ/կ-ի նախագահ Վաչագան Հակոբյանը, կառավարությունից պատասխանել են, որ իրենց նամակը ուղարկվել է Երեւանի քաղաքապետարան: Հիշեցնենք, որ մոտ 3 շաբաթ առաջ իրացվող տարածքների բնակիչները կառավարությանը նամակ էին հղել՝ գրելով, որ տեր կանգնեն իրենց տված խոստմանն ու վտարված բնակիչներին ապահովեն բնակարաններով կամ էլ վերանայեն փոխհատուցման պայմանագրերը:

«Որ մեզ պետք լիներ քաղաքապետարանի պատասխանը, մենք նրանց կդիմեինք, ոչ թե՝ կառավարություն: Կառավարությունը, ինչպես միշտ, չի ցանկանում իր վրա վերցնել մեր խնդիրը»,- դժգոհեց Վ. Հակոբյանը: Նա ասաց նաեւ, որ եկող երկուշաբթի օրվանից իրենց պայքարը նոր թափ է առնելու, որովհետեւ գնալու են նախագահականի դիմաց՝ ցույցեր անելու եւ նախագահից պահանջելու, որ զբաղվեն իրենց հարցով ու հիշեցնեն, որ նախագահ Սերժ Սարգսյանը դեռեւս վարչապետ եղած ժամանակ է խոստացել իրացվող տարածքի բնակիչներին փողոցներում չթողնել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել