Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՍԵՓԱԿԱՆ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՇԱՆՍԵՐՆ ԱՎԵԼԻ ԵՆ ՄԵԾԱՑԵԼ

Հուլիս 03,2009 00:00

\"\"Որդեգրելու փոխարեն շատ ընտանիքներ գերադասում են արհեստական բեղմնավորման ճանապարհով ունենալ սեփական երեխա:

37-ամյա Սուսաննայի փոքրիկն արդեն 6 ամսական է: Սուսաննան ամուսնացած չէ եւ իր որդուն ունեցել է արհեստական բեղմնավորման միջոցով:

«Տարիքս անցնում էր, իսկ ես ամուսնացած չէի, սակայն շատ էի ուզում երեխա ունենալ: Մտածում էի, իսկ գուցե եւ երբեք չամուսնանամ, ինչո՞ւ ինձ զրկեմ երեխա ունենալու հաճույքից: Ես մորս հետ եմ ապրում, եւ ինձ ամենից շատ նրա կարծիքն էր հետաքրքրում: Դե նա էլ, ինչպես յուրաքանչյուր հայ մայր, սարսափով ընդունեց իմ որոշումը, սակայն ես դիմեցի այդ քայլին: Հիմա, փառք Աստծո, ունեմ հրաշք որդի»,- մեզ հետ զրույցում պատմում էր Սուսաննան: Նրա խոսքերով, ինքն անգամ չգիտի, թե ով է եղել իր դոնորը, այլ կերպ ասած՝ իր երեխայի հայրը, իսկ հարազատները, որոնց համար իր քայլը սկզբում բուռն քննարկումների թեմա էր, արդեն հաշտվել են իրողության հետ եւ շատ են սիրում փոքրիկ Նարեկին:

33-ամյա Մարիայի եւ նրա ամուսնու՝ Արմենի երկվորյակ աղջիկները լույս աշխարհ կգան 2 ամսից: 10 տարի երեխա չունենալուց հետո, նրանք վերջապես որոշեցին դիմել արհեստական բեղմնավորման:

«Արդեն 11-րդ տարին է, ինչ ամուսնացած ենք եւ չէինք կարողանում երեխա ունենալ: Երեւանում էլ բժիշկ չմնաց, որ չդիմեինք, բայց՝ ապարդյուն: Խելքից դուրս բուժման կուրսեր անցանք, մի խոսքով՝ ով ինչ ասում էր՝ անում էինք ու այդպես 10 տարի»,- պատմում է Մարիան: 3 տարի առաջ բժիշկը ախտորոշեց, որ թե կինը, թե ամուսինը կատարյալ առողջ են եւ առանձին-առանձին կարող են երեխա ունենալ, սակայն միասին՝ դա հնարավոր չէ, քանի որ բնական անհամատեղելիություն ունեն: «Հայտնվել էինք ծայրահեղ հուսահատ վիճակում: Նույնիսկ մտքովս անցնում էր, որ ամուսնալուծվենք, քանի որ տեսնում էի, թե ամուսինս որքան շատ է ուզում երեխա ունենալ: Բայց նա շատ զայրացավ եւ ասաց, որ ծայրահեղ դեպքում մանկատնից երեխա կվերցնենք: Բայց երբ մեր բժշկի հետ խորհրդակցեցինք, նա մեզ առաջարկեց արհեստական բեղմնավորում կատարել: Ասաց, որ մեր անհամատեղելիությունը վերաբերում է միայն բնական ճանապարհով երեխա ունենալուն, իսկ արհեստական բեղմնավորմամբ մենք կարող ենք դա անել: Առաջին փորձը անհաջող եղավ, բայց չհուսահատվեցինք, փորձեցինք երկրորդ անգամ: Ու հիմա մեկի փոխարեն միանգամից երկու երեխա ենք ունենալու»,- ասում է Մարիան:

Պարզելու համար, թե հայ կանայք հատկապես որ դեպքերում են դիմում արհեստական բեղմնավորման, զրուցեցինք Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Նաիրա Բալայանի հետ: Նրա խոսքերով, արհեստական բեղմնավորում կատարվում է այն բոլոր դեպքերում, երբ զույգերն ի վիճակի չեն առանձին-առանձին կամ միասին երեխա ունենալ: Դա կարող է պայմանավորված լինել եւ նրանց առանձին, եւ միասնական պրոբլեմով.

«Կան դեպքեր, երբ կինը, օրինակ, ունի արգանդի բացակայություն եւ ի վիճակի չէ իր օրգանիզմում կրել պտղաձուն: Այս դեպքում իրականցվում է արտամարմնային բեղմնավորում. կենսաբանական մոր ձվաբջիջը բեղմնավորվում է կենսաբանական հոր սերմնաբջիջով եւ ստացված սաղմը տեղադրվում է մեկ այլ կնոջ օրգանիզմում, որտեղ եւ անցկացվում է ողջ հղիությունը: Այդ կինը համարվում է «սուրագաթ» մայր, նրա հետ լինում է հատուկ պայմանավորվածություն, եւ ծննդաբերելուց հետո նա երեխային հանձնում է իսկական ծնողներին»:

Բժշկուհու խոսքերով, կան դեպքեր, երբ տղամարդն ի վիճակի չէ երեխա ունենալու: Այս դեպքում կնոջ մոտ հղիությունը ստանում են դոնորական սերմի միջոցով: Դա կատարվում է արտաքին սերմնավորման կամ արտամարմնային բեղմնավորման միջոցով եւ արդեն բեղմնավորված պտղաձուն տեղափոխվում է կնոջ օրգանիզմ:

Բժշկուհու խոսքերով, այս բոլոր ճանապարհները կիրառվում են նաեւ Հայաստանում: Նա նշեց, որ վերջին տարիներին արհեստական բեղմնավորումն ավելի լայն կիրառություն ունի մեր երկրում, սակայն դա պայմանավորված է ոչ թե նրանով, որ շատացել են չբեր զույգերը, այլ նրանով, որ խնդրով զբաղվելու հնարավորություններն են մեծացել: «Առաջ բժշկության հնարավորություններն ավելի սեղմ էին, եւ չէին կարողանում վերջնական ախտորոշել չբերությունը: Շատերը հույս ունեին, որ մի օր երեխա կունենան, սակայն երբ 10-12 տարին անցնում էր՝ կա՛մ բաժանվում էին, կա՛մ երեխա էին որդեգրում: Իսկ հիմա սեփական երեխան ունենալու շանսերն ավելի են մեծացել եւ մարդիկ ձգտում են այն օգտագործել»,- նշում է Ն. Բալայանը:

Նրա հավաստմամբ, արհեստական բեղմնավորման ընթացքում հնարավոր է, որ միանգամից մի քանի պտղաձու բեղմնավորվի: Սակայն հազվադեպ է պատահում, որ այդ բոլոր պտուղները պահպանվեն, եռյակ եւ ավելի պտուղներ ավելի քիչ են լույս աշխարհ գալիս, իսկ զույգ պտուղները՝ հիմնականում պահպանվում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել