Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՉԸՆԴՀԱՏՎՈՂ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 03,2009 00:00

Սակայն ամեն ինչ այնքան էլ այդպես չէր, քանի որ նորածին երեխան բոլորովին էլ կարիք չուներ, որ իրեն տաճար տանեին, այլ ինքն էր տաճարն արդեն: Եվ որովհետեւ լույս աշխարհ գալուց անմիջապես հետո, երբ տատմերը սրբում է նրա աչքերի փառը, նորածինն անմիջապես զարմանում է, թե ովքեր են այս մարդիկ, որ շրջապատել են իրեն՝ հաստատ այնպիսի հավակնությամբ, թե ինքը միշտ կար, իսկ մյուսները չկային, եւ զարմանում, թե որտեղից հայտնվեցին: Ու այդպես ծնվում է ինքնիշխան, ինքնատաճար եւ ինքնասիրահարված մարդը, որ ի սկզբանե զարմանա ուրիշների տարօրինակ ներկայության համար: Այնինչ նորածինը, թերեւս, ինչպես ծառը, ոչինչ չգիտի իր մասին եւ չի ենթադրում նաեւ այն մեծագույն գաղտնիքը, որն իր հետ աշխարհ է բերել: Մի տարաշխարհիկ հանելուկ, որը հայտնվում է ոչ նրա համար, որ ճանաչենք ու հասկանանք, այլ միշտ լինի, մնա փակ ու շարունակ հանգիստ չտա մեզ: Եվ անճանաչելիությունն այդ մարդկանց այնքան է հեռացնում իրարից, որ նրանք սկսում են բարեկամություն փնտրել Աստծու հետ, որպեսզի հետո խաչեն Նրա Որդուն: Քանի որ չէին կարողանում հաղթահարել իրենց ներսի վախն ապրողների մեջ եւ հաստատումն իրենց փնտրում էին անցյալի մարտադաշտերում՝ որպես թե եկել են այնտեղից եւ եկել են հաղթական: Եվ այդ չհաղթահարված վախն է նշանը, որ մարդիկ բաժանվում են խմբերի՝ ընդդեմ եւ հանուն՝ ցանկացած ընտրություններից առաջ: Ու երբ սրճարաններում տեսնում ես քո ծանոթներին, բարեւելուց հետո ուզում ես հարցնել՝ ներեցեք տղերք, այս անգամ ո՞ւմ դեմ եք սուրճ խմում..

Այո, գրեթե համոզված եմ, որ դա այդպես է, լույս աշխարհ եկող երեխան միշտ զարմանում է՝ տեսնելով իրեն շրջապատողներին, չէ՞ որ ինքը միշտ կար, իսկ շրջապատողները չկային: Եվ որովհետեւ չկային, ուրեմն ինքն է կենտրոնը եւ տաճարն է ինքը: Ափսոս… Կամ գուցե հրաշալի է, որ այդպիսին է մարդու բնությունը: Մարդուն եւ մարդկանց, որոնց ես իմ կյանքի ընթացքում պատիվ եմ ունեցել ճանաչելու, տեսել ու հասկացել եմ նրա թաքուն մղումները, ով իր վախը չէր հաղթահարել եւ մնում էր անվերջ նորածին: Մարդ, որի մոտ երբ խոսում էիր Արարատ լեռան շքեղ գեղեցկության մասին կամ հիանում էիր Մոնա Լիզայի հմայքով, նա վիրավորվում էր, որովհետեւ իրենով հիանալու փոխարեն ես հիանում էի Արարատով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել