Այս տարվա հուլիսի 1-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Բջնի հանքային ջրերի գործարան», «Սիլ կոնցեռն» եւ «Բջնի գրուպ» ընկերությունների հայցապահանջները՝ անվավեր ճանաչելով էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության բողոքարկման խորհրդի կողմից 2008թ. դեկտեմբերի 8-ին ընդունված որոշումները: Նշենք, «Բջնի հանքային ջրերի գործարան» ընկերությունն իր ապրանքային նշաններն օտարել էր «Սիլ կոնցեռն» եւ «Բջնի գրուպ» ընկերություններին եւ այդ օտարման գործարքները գրանցվել էին մտավոր սեփականության գործակալության կողմից:
Հիշեցնենք, որ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունը վարչական բողոք էր ներկայացրել մտավոր սեփականության գործակալության բողոքարկման խորհրդին՝ խնդրելով այդ պետական գրանցումներն անվավեր ճանաչել, ինչն էլ խորհուրդը կատարել էր: «Բջնի հանքային ջրերի գործարան» ընկերությունը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ ԴԱՀԿ ծառայության եւ մտավոր սեփականության գործակալության, նշելով, որ հարկադիր կատարողը իրավասու չէ նման բողոք ներկայացնել, իսկ գործակալությունն էլ, իր հերթին, իրավասու չէ այդ բողոքի հիման վրա կայացնելու վարչական ակտ:
Վարչական դատարանը, ուսումնասիրելով կողմերի ներկայացրած փաստերը, եզրահանգել է, որ ԱԴ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարողը իրավասու չէր ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության բողոքարկման խորհրդին ներկայացնելու վարչական բողոք: