Լրահոս
Օրվա լրահոսը

Չհամարձակվեք հայհոյել

Հուլիս 03,2009 00:00

\"\"Կառավարության երեկվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը բացատրել է ռուսական վարկի բաշխման փիլիսոփայությունը: Ըստ վարչապետի, այդ փիլիսոփայությունը հետեւյալն է. «1-ին՝ մենք պետք է այնպես վերաբաշխենք այդ միջոցները, որպեսզի նպաստենք մեր տնտեսության դիմադրողականության աճին, 2-րդ, որ այդ միջոցները կարողանանք վերադարձնել, այսինքն՝ վերադարձելիության սկզբունքով ենք բաշխել այդ գումարները, ինչը նշանակում է, որ այդ պարտքը մեր պետության վրա կծանրանա այնքանով, որքանով այդ միջոցները ուղղելու ենք անտոկոս ընթացիկ մեր ծախսերին, կապիտալ շինարարությանը»: Տ. Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել նաեւ լսելու ընդդիմախոսների կարծիքները՝ վարկային միջոցները ավելի նպատակահարմար օգտագործելու ուղղությամբ, սակայն զգուշացրել է՝ խոսքը չի վերաբերում այն քննադատությանը, որն սկսվում է հայհոյանքով եւ ավարտվում հայհոյանքով:

Տ. Սարգսյանը տեղեկացրել է նաեւ, որ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի ղեկավարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ «Եվրազեսի» հակաճգնաժամային հիմնադրամից ֆինանսավորում ներգրավելու համար: Այդ հիմնադրամի ծավալները կազմելու են շուրջ $10 մլրդ: Մեր կառավարությունը, մշակված ծրագրեր չունենալու պատճառով, ընդամենը կարողացել է հիմնադրամին ուղարկել էներգետիկայի եւ քիմիայի ոլորտներին վերաբերող 2 ծրագիր, ինչը, վարչապետի գնահատմամբ, անբավարար է: Վարչապետը նախարարներին խնդրել է նոր եւ թարմ գաղափարներով աջակցել աշխատանքային խմբին:

Ըստ Տ. Սարգսյանի, Կապանում կատարված փողի բաշխման դրական ազդեցությունը կզգանք 3-րդ եւ 4-րդ եռամսյակներում եւ ավելի շատ 2010-ին, քանի որ այդ «ծրագրերը կամաց-կամաց են թափ ստանալու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել