Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆԿԵՐ ԵՎ ՓՄՁ-ՆԵՐ, ՄԻԱՎՈՐՎԵ՛Ք

Հուլիս 03,2009 00:00

\"\"Ըստ միջազգային փորձագետ Վլադիմիր Սավչուկի, թե Հայաստանի բանկերի եւ թե բիզնեսմենների փրկությունը, ճգնաժամի պարագայում, միավորման մեջ է:

«Այս ճգնաժամը դեռ երկար կտեւի, եւ պետք չէ նստել ու սպասել, թե այն երբ կվերջանա, այլ անհրաժեշտ է գործել: Իմ կարծիքով, ճգնաժամի պայմաններում ապրելն ու աշխատելն ավելի հետաքրքիր է». նման կարծիքի է ռազմավարության, ներդրումային եւ ֆինանսական մենեջմենտի միջազգային փորձագետ Վլադիմիր Սավչուկը, որն օրերս Հայաստանում էր՝ հայ գործարարներին կրթելու նպատակով:

«Առավոտի» հետ զրույցում Վ. Սավչուկը ճգնաժամը հաղթահարելու իր ռազմավարությունն առաջարկեց, որը, ըստ նրա, կարելի է կիրառել գրեթե բոլոր երկրներում. «Ամեն տեղ մարդիկ նույնն են, տնտեսությունը նույնն է, լինի դա Ուկրաինա, Ռուսաստան, Ղազախստան կամ Հայաստան: Ամեն տեղ նույնը պետք է արվի, հաշվի առնելով երկրի առանձնահատկությունները: Պետք է երկրում այնպիսի պայմաններ ստեղծվեն, որպեսզի դրսի աշխարհից կախված չլինեն: Եթե դու կախված ես արտաքին շուկայից, ապա իրենք կարող են իրենց պայմանները թելադրել, եւ իրենց մոտ մի բան լինելու դեպքում՝ նույնը կլինի ձեզ մոտ»: Պարոն Սավչուկի խոսքերով՝ դրանից խուսափելու համար տվյալ երկրի կառավարությունը պետք է «ամբողջ սրտով ու հոգով» օգնի գոնե միջին արտադրողին, որպեսզի նրանք կարողանան ոտքի կանգնել: Ըստ փորձագետի, ՓՄՁ-ին միայն գումարներ տրամադրելով՝ գործը գլուխ չի գա, պետք է պետություն-ՓՄՁ միահամուռ ուժերով հակաճգնաժամային ծրագրեր կազմել, պատրաստել համապատասխան մենեջերներ, որոնք կարող են ճիշտ աշխատել ճգնաժամի պայմաններում: Մեր այն հարցին, եթե ձեռներեցը գումարի խնդիր ունի, ուսուցանելը փրկությո՞ւն է, պարոն Սավչուկն ասաց. «Եթե ես ցանկացածին գումար տամ, ապա վստա՞հ եք, որ կաշխատի: Եթե այդ ընկերությունը չունենա լավ մենեջմենտ, լավ պատրաստված մասնագետներ՝ չի աշխատի. Իսկ եթե ունենան լավ մշակված ռազմավարություն, ապա միջոցներ կգտնեն: Խելացի եւ ճարպիկ մարդը ինքնուրույն էլ գումար կգտնի»: ՓՄՁ-ին օգնելու պետության մյուս քայլը, ըստ Սավչուկի, բանկերին ոգեւորելն է, որպեսզի սկսեն ՓՄՁ-ին վարկեր տրամադրել. «Սովորաբար բանկերը վարկեր են տալիս ցածր գնահատելով գրավի արժեքը: Դրա այլընտրանքն այն պետք է լինի, որ բավականին մտերմիկ հարաբերություններ ստեղծվեն բանկի եւ ՓՄՁ-ի միջեւ, այսինքն՝ բանկը խորապես ուսումնասիրի այդ ձեռնարկության բիզնես-նախագիծը եւ եթե տեսնում է, որ դա ուղղված է ներքին սպառմանը, ապա բանկը վարկ տա այդ ընկերությանը: Եվ մեկը, եւ մյուսը պետք է հասկանան, որ իրենց փրկությունը միավորման մեջ է»:

Եթե բանկից չի հաջողվում վարկ վերցնել, ապա Վ. Սավչուկն այլընտրանք է առաջարկում: Նրա խոսքերով՝ կգտնվեն անհատներ, ովքեր բավականին խոշոր գումարներ կունենան եւ համապատասխան օրենքների դեպքում՝ կարելի է ինչ-որ միջնորդի միջոցով գտնել այդ «հարուստին, պայմանագրով վերցնել այդ գումարն ու գործի մեջ դնել: Դրանից կշահի եւ ձեռներեցը, եւ միջնորդը, եւ այն հարուստը, ով փողերը տանը քնացրել էր, եւ արդեն կարող է տոկոսներ աշխատել»: Մեր այն հարցին, տեղին չի՞ լինի ճգնաժամի պայմաններում ՓՄՁ-ի հարկերը մի փոքր նվազեցնել, պարոն Սավչուկն ասաց. «Ախր բյուջեն էլ պետք է մի ձեւով լցնել: Եվ հետո այդ բիզնեսմենը, այսպես թե այնպես, հարկ է վճարում, նրա համար, ասենք, 5%-ով իջեցնելը ոչինչ է, հո զրոյակական չե՞ն դարձնելու, ուրեմն միեւնույն է՝ 15%, թե 10% լինի այդ հարկը: Հարկերի նվազեցումն էլ փրկություն չէ»:

Մեր երկիրը համեմատելով Ղազախստանի եւ Ռուսաստանի հետ, տնտեսագետը նշեց, որ եթե երկիրը չունի բնական ռեսուրսներ, ապա պետք է այլ բան նախաձեռնել. «Մի բան հստակ է՝ մարդիկ միշտ ուզում են հագնվել, ուտել, ժամանակ անցկացնել, ուրեմն պետք է աշխատել ներքին սպառողի պահանջարկի վրա: Այսպիսի տարածված կարծիք կա՝ հայերը հպարտ ազգ են, իսկ դա նշանակում է, որ նրանք, խոնարհվելով չեն գնի իտալական հագուստ, մի կասկածեք դրանում: Իսկ եթե գումար չունեն, ապա կգնեն էլի լավը, բայց՝ տեղականը»: Փորձագետի ներկայացմամբ, այսօր ամբողջ աշխարհը թուրքական էժան անորակ ապրանք է գնում. «Իսկ ինչո՞վ են հայերը պակաս թուրքերից: Այսօր ինչո՞ւ են Թուրքիայում դրսից մեծ ներդրումներ անում, որովհետեւ նրանք գործունյա են, միջազգային շուկայի կեսը՝ թեկուզ վատ որակի, թեկուզ որոշ համաշխարհային բրենդների կեղծումով՝ իրենց ապրանքն է: Պետք է կեղծելու եւ անորակի թուրքական առանձնահատկությունը հաղթահարել եւ արտադրել այնպիսի ապրանքներ, որոնք կսպառվեն»:

Գնահատելով մեր կառավարության հակաճգնաժամային ծրագիրը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն խոսքերը, թե ճգնաժամը ձեռներեցներին նոր հնարավորություններ է տալիս, պարոն Սավչուկն ասաց. «Դա իմ կոնցեպցիան է՝ կարելի է այդ մարդուն նույնիսկ գրկել ու նրա հետ ուղիղ ռազմաճակատ գնալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել