«Ժառանգություն» կուսակցության հաղորդագրությունը
Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ստեփան Սաֆարյանը եւ Անահիտ Բախշյանը հանդես են եկել «Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործառույթը» թիվ 1677 (2009) բանաձեւում հեռարձակման արտոնագրերի բաց, արդարացի եւ թափանցիկ մրցույթի անցկացման, «Ա1+» հեռուստաալիքին հեռարձակման լիցենզիա չտրամադրելու գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռը ի կատար ածելու կապակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարելուն ուղղված ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» անվանումով օրենսդրական նախաձեռնությամբ:
Այն օրենքով սահմանված կարգով հուլիսի 3-ից կդրվի շրջանառության մեջ: ԱԺ որոշման նախագիծը նպատակ ունի կատարելու ԵԽԽՎ թիվ 1374 (2004), 1609 (2008), 1620 (2008), 1643 (2009) բանաձեւերի պահանջները եւ հատկապես՝ 1677 (2009) «Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործառույթը» բանաձեւով Հայաստանի ստանձնած պարտավորություններից երկուսը. հեռարձակման արտոնագրերի բաց, արդարացի եւ թափանցիկ մրցույթի անցկացումը եւ «Ա1+» հեռուստաալիքին հեռարձակման լիցենզիա չտրամադրելու գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճռի ի կատար ածումը: Այս պարտավորության չկատարումը արձանագրվել է 2004թ.-ից մինչեւ այսօր ԵԽԽՎ ընդունած մի շարք բանաձեւերում, եվրոպական կառույցների այլ նորմատիվ ակտերում:
Հանձնաժողովի առջեւ դրված խնդիրներն են. ա) հաճախականությունների տիրույթների անկախ եվրոպական վերլուծաբանի պատրաստած զեկույցի հիման վրա հեռարձակման արտոնագրերի բաց, արդարացի եւ թափանցիկ մրցույթ անցկացնելու նպատակով օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը, բ) «Ա1+» հեռուստաալիքին հեռարձակման լիցենզիա չտրամադրելու գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռն ի կատար ածելուն խոչընդոտող օրենսդրական նորմերն ուսումնասիրելը եւ դրանք վերացնելը, գ) այդ պարտավորությունների կատարմանը խոչընդոտող հանգամանքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը, վերլուծումը եւ դրանց մասին Ազգային ժողով եզրակացությունների եւ տեղեկանքների ներկայացումը: