Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԺԱՆԻ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՉԵՆՔ ՏԱԼԻՍ»

Հուլիս 03,2009 00:00

\"\"Հասարակական գործիչ Վահե Հովհաննիսյանը գտնում է, որ պետք է արձագանքել, երբ մեր պետությանը վիրավորում են

– Դուք եւս ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ պետք է անցնեիք Վրաստանի սահմանը՝ Նաումանի ֆոնդի կազմակերպած սեմինարին մասնակցելու նպատակով, եւ փաստորեն ականատեսն եք այն ամենի, ինչ կատարվել է ԱԺ պատգամավորի եւ սահմանապահների միջեւ, իրականում ի՞նչ է եղել:

– Հայաստանից մեկնում էինք Վրաստան՝ վրացական կողմի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման, այս այցը պլանավորված էր մեկ-երկու ամիս առաջ, Նաումանի ֆոնդի նախաձեռնությամբ: Պատվիրակության մեջ ես էի, վարչապետի նախկին խորհրդական Ստեփան Մարգարյանը, «Հզոր Հայրենիք» կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյանը եւ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Ուշ երեկոյան հայ-վրացական սահմանի մոտ հատեցինք հայկական սահմանը, խմբի բոլոր անդամներով առանց որեւէ խնդրի անցանք վրացական սահմանը, իսկ Շիրակ Թորոսյանին մոտ ժամուկես թույլ չէին տալիս հատել սահմանը: Հետաքրքիրն այն էր, որ նա սկզբում փորձում էր անցնել ՀՀ սովորական անձնագրով, բայց երբ առաջին անգամ մերժեցին, ներկայացավ որպես ԱԺ պատգամավոր, ներկայացրեց իր դիվանագիտական անձնագիրը, սակայն սա եւս բացարձակ որեւէ ազդեցություն չունեցավ: Վրացի սահմանապահները շատ հարգանքով էին վերաբերվում, ոչ մի ավելորդ բան իրենց թույլ չէին տալիս, առաջարկեցին սուրճ, թեյ, մինչեւ Թիֆլիսից կգա պատասխանը: Մոտավորապես ժամ, ժամուկես հետո Թիֆլիսից զանգահարեցին եւ ասացին, որ Շիրակ Թորոսյանի մուտքը վրացական պետություն անցանկալի է եւ արգելվում է: Մենք շատ արագ տեղում խորհրդակցեցինք եւ որոշեցինք, որ մեր գնալը եւս անիմաստ է՝ նախ, մեր ընկերոջը թույլ չտվեցին, եւ դրան պետք էր ինչ-որ վերաբերմունք ցույց տալ, եւ երկրորդ՝ ծիծաղելի էր այդ միջադեպից հետո գնալ Վրաստան, նրանց ԱԳՆ-ում քննարկել երկխոսության հետ կապված խնդիրներ, խոսել կովկասյան համերաշխության եւ համագործակցության մասին, երբ նույն պատվիրակությունից մեկին, այն էլ՝ ՀՀ ԱԺ պատգամավորի, առանց որեւէ բացատրության, մերժեցին անցնել հարեւան-բարեկամ երկրի սահմանը:

– Դուք կարծում եք՝ այն, ինչ մեր երկրում տեղի ունեցավ, համարժե՞ք էր կատարվածին, նկատի ունեմ՝ մեր հասարակությունը եւ իշխանությունը այդ ամենից հետո համարժեք քայլեր արեցի՞ն:

– Շատ հետաքրքիր է հենց դա, ես ուզում եմ էմոցիոնալ մասերը հանել եւ ներկայացնել զուտ փաստերը: Փաստացի ի՞նչ է տեղի ունեցել՝ արգելվել է հարեւան երկիր մուտք գործել մեր երկրի օրենսդիր իշխանության ներկայացուցչին: Մոռանանք Շիրակ Թորոսյան անուն-ազգանունը, նկատենք, որ նա մեր 131 պատգամավորներից մեկն է եւ անտեսվել է նրա դիվանագիտական անձնագիրը: Այս ամենին ի պատասխան՝ Երեւանում չեղավ որեւէ պաշտոնական արձագանք՝ ոչ ԱԳՆ-ն, ոչ ԱԺ-ն, ոչ էլ այն խմբակցությունը, որի անդամ է Շիրակ Թորոսյանը, որեւէ կերպ չարձագանքեցին այս ամենին: Իսկ ո՞ւմ են արգելել անցնել Վրաստան՝ ԱԺ պատգամավորի, որը երբեւէ չի վիրավորել վրացական պետությանը, չի վիրավորել Վրաստանի նախագահին, իշխանություններին, Ջավախքի անկախության հարց երբեք չի դրել, չկա որեւէ հրապարակային ելույթ, փաստ, հոդված, որ Շիրակ Թորոսյանը այդ երեք բաները արած լինի: Նա միայն խոսել է Ջավախքի սոցիալ-կրթամշակութային խնդիրներից: Ամենից հետաքրքիրն այն է, որ այս միջադեպից երկու-երեք օր անց Վրաստանի նախագահը գալիս է Հայաստան, եւ, որքան ինձ հայտնի է հրապարակային արձագանքներից, այս հարցը վրացական կողմի առաջ չի բարձրացվել, ավելին, Վրաստանի նախագահը թե ԵՊՀ-ում եւ թե այլ տեղերում բավականին կոպիտ ձեւակերպումներով խոսեց այդ թեմայի շուրջ: Ինչ-որ անհասկանալի է այս ամենը՝ եկավ-պարգեւատրվեց եւ ետ գնաց իր երկիր: Տպավորություն ունեմ, որ արդեն վատ ավանդույթ է դառնում, երբ մեր երկրին վիրավորում են, պատիվը, արժանապատվությունը վիրավորում են, եւ այդ ամենին համարժեք հակահարված չի տրվում: Կամ՝ դիվանագիտական լեզվին ոչ հարիր բառերով վերջերս խոսեց Էրդողանը, բայց արձագանք չեղավ, մեզ մոտ ասում են՝ դա ներքին օգտագործման համար էր: Սակայն կոնկրետ ինձ համար հասկանալի չէ, թե ինչպես Թուրքիայի նման երկրի վարչապետը կարող է ներքին օգտագործման համար նման բառեր ասել, եւ մեզ ասեն՝ դուք մի լսեք: Ի՞նչ անենք, փակե՞նք ականջներս: Սա չի՞ նշանակում, որ մեզ չեն հարգում դրսում, եթե ավելի խորքային նայենք, սա այն պատճառով է, որ մենք ինքներս մեզ չենք հարգում:

– Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ է այդպես:

– Ինձ չի հետաքրքրում վրացական կողմի դիրքորոշումը, ինձ ավելի շատ հետաքրքրում է մեր երկրի դիրքորոշումը, մինչդեռ Հայաստանը դիրքորոշում ցույց չի տալիս, մենք մեզ ներշնչել ենք, որ անմարդկային, աստվածային չափերով կախվածության մեջ ենք Վրաստանից եւ չենք կարող թույլ տալ որեւէ կոշտ քայլ: Մինչդեռ սա իրականության հետ որեւէ կապ չունի, որովհետեւ ինչքան մենք ենք կախված Վրաստանից, Վրաստանը նույնքան կախված է մեզնից:

Հ. Գ. Վահե Հովհաննիսյանի հետ խոսել ենք նաեւ ԵԽԽՎ 1677 բանաձեւի եւ Ստրասբուրգում առաջացած հայկական «անառողջ» աղմուկի շուրջ: Հարցազրույցի այդ հատվածը՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել