Ի պատասխան ՀՀ ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի՝ լրատվամիջոցներին տրամադրած նամակի, ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունները կազմվում են ոչ սովորական ընթացակարգով, ուստի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Ֆրանսիա մեկնող ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են միայն ՖԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ) եւ պատվիրակության անդամ Արմեն Մելիքյանը (ԲՀԿ), ով միանալու է պատվիրակությանը Փարիզում: Պատվիրակության կազմում ընդգրկված չեն ոչ միայն Ստյոպա Սաֆարյանը («Ժառանգություն»), այլեւ ՖԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամներ Արա Բաբլոյանը (ՀՀԿ) եւ Հովհաննես Մարգարյանը (ՕԵԿ): Իսկ ինչ վերաբերում է պատվիրակության քարտուղար Ալիսա Մարտիրոսյանին, ապա նա հունիսի 28-ից հուլիսի 2-ը ԵԽ միջոցների հաշվին գործուղվել է Ստրասբուրգ, որտեղ մասնակցում է «Երիտասարդության օրակարգը ԵԽ գործունեության մեջ» սեմինարին: Տիկին Մարտիրոսյանը նույնպես կմիանա պատվիրակությանը Փարիզում: Ուզում ենք նշել նաեւ, որ Հայաստանը ՖԽՎ-ի աշխատանքներին մինչ այժմ մասնակցում է դիտորդի կարգավիճակով, որը չի նախատեսում ամբողջ պատվիրակության պարտադիր մասնակցությունը ՖԽՎ-ի աշխատանքներին: Շուտով ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը կհրապարակի ԱԺ բոլոր խմբակցությունների գործուղումների մասին տեղեկատվություն: