Նրանք խոստացան շարունակել պայքարել անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների եւ ժողովրդի ազատությունների համար:
Երեկ Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքը, որին մասնակցում էին նաեւ ազատ արձակված քաղբանտարկյալները, վարեց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Առաջինը ելույթ ունեցավ արդեն նախկին քաղբանտարկյալ Աշոտ Զաքարյանը. «Ողջունում եմ մեր ազատատենչ եւ հերոսական ժողովրդին, որը արդեն մեկուկես տարի անընդմեջ պայքարում է իր ազատությունների համար, որը գիտակցելով սեփական պատասխանատվության իր բաժինը Հայաստան պետության հանդեպ՝ չընկրկեց, չվախեցավ ոչ մի տեսակ բռնություններից, հալածանքներից, կալանավորումներից, անգամ մարտիմեկյան սպանդից ու այսօր, այստեղ իր վճռական խոսքն է ասում մեր ժողովրդի ազատագրական պայքարի գործում: Մեր պայքարը ոչ թե հանուն իշխանության է, այլ՝ հանուն քաղաքացու, մեր ազատությունների եւ հանուն Հայաստանի անվտանգության եւ մեր պետականության շարունակականության»: Նա անդրադարձավ նաեւ հայտարարված համաներմանն ու ընդգծեց, որ այն տեղի է ունեցել ոչ թե ռեժիմի բարի կամքի դրսեւորման կամ «եվրոպական բյուրոկրատական կառույցների ճնշման ներքո», որոնք «Հայաստանի նման երկրների վրա թքած ունեն», այլ՝ բացառապես ժողովրդի հետեւողական պայքարի արդյունքի շնորհիվ, եւ դա համարեց «համաժողովրդական շարժման եւ ժողովրդի՝ ազգային-ազատագրական պայքարում տարած մի փոքրիկ հաղթանակ», ու վճռականություն հայտնեց Կոնգրեսի եւ նրա առաջնորդ ՀՀ առաջին նախագահի գլխավորությամբ ամեն ինչ անել, որպեսզի ժամ առաջ անազատության մեջ գտնվող մյուս քաղբանտարկյալները եւս հայտնվեն դրսում. «Նրանց ազատության մեջ հայտնվելը պետք է պայմանավորված լինի ոչ թե համաներմամբ, այլ մեր վերջնական հաղթանակով: Հետեւաբար՝ պայքար, պայքար մինչեւ վերջ»:
Հաջորդ ելույթ ունեցողը «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ, ազատ արձակված քաղբանտարկյալ Պետրոս Մակեյանն էր: Նա էլ համոզված էր, որ իրենց ազատ արձակումը պայմանավորված էր միմիայն ժողովրդի հետեւողական պայքարով, այլ ոչ թե իշխանության բարի կամքի դրսեւորմամբ. «Ո՞վ կհավատա, որ ընտրությունները կեղծած, մարդկանց Երեւանի կենտրոնում գնդակահարած, հազարավոր մարդկանց հալածող, հարյուրավոր մարդկանց բանտերում փակած, առանց որեւէ հիմնավորման եւ մեղքի որեւէ ապացույցի տարիուկես բանտարկած ռեժիմը կարող է բարի կամք դրսեւորել, համաներում հայտարարել ու ազատ արձակել քաղբանտարկյալներին: Դուք հավատո՞ւմ եք, որ այն մարդիկ, ում իշխանության օրոք տեղի է ունեցել «Հոկտեմբերի 27» եւ «Մարտի 1»-ի սպանդ, ում ձեռքերը թաթախված են արյան մեջ, կարող են մարդասիրական քայլ անել»: Պ. Մակեյանը խոսեց նաեւ «Մարտի 1»-ի էջը փակելու մասին ու ասաց, որ դա կլինի այն դեպքում, երբ Ռոբերտ Քոչարյանն ու նրա շտաբի բոլոր անդամները, բոլոր այն մարդիկ, ովքեր կրակել են ժողովրդի վրա եւ այդ հանցագործությունները պարտակողները ենթարկվեն պատասխանատվության, «երբ մեր երկիրը ազատենք այս բանդայից»: Պ. Մակեյանը հույս հայտնեց, որ դա շուտով կլինի, ու հավելեց, թե գործող իշխանությունների հույսն այն է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ «սիլիբիլի անելով», մեկին՝ խոստանալով ուրանալ Ցեղասպանությունը, մյուսին՝ Ղարաբաղը հանձնել, բարեհաճ վերաբերմունքի արժանանալ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի կողմից, նաեւ այն է, որ «մենք հոգնելու ենք, չենք գալու հրապարակ, չենք պայքարելու»: «Բայց մենք իրավունք չունենք հոգնելու, քանի դեռ մեր երկիրը, մեր ընկերները ազատ չեն: Մենք շարունակելու ենք մեր հետեւողական պայքարը»,- իր ելույթը եզրափակեց Պ. Մակեյանը:
Խոսեց նաեւ նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթեւոսյանը, որը նախ հավաքվածներին ու հայ ժողովրդին շնորհակալություն հայտնեց քաղբանտարկյալներին ազատություն պարգեւելու համար. «Եթե չլիներ ժողովրդավարության ձգտող Համաժողովրդական շարժումը, որը հալածանքների տեւական շրջանում պահպանեց իր կայուն գոյությունը, հազիվ թե Եվրախորհուրդը շարունակաբար ընդուներ բանաձեւեր եւ հետամուտ լիներ դրանց կատարմանը»: Նա նաեւ ափսոսանք հայտնեց «Մարտի 1»-ի զոհերի կապակցությամբ ու ցավակցություն հայտնեց նրանց հարազատներին: Դ. Մաթեւոսյանը ողջունեց նաեւ Նիկոլ Փաշինյանի վերադարձը. «Թեեւ հիմա նա անազատության մեջ է, բայց ավելի ապահով է ու ավելի մոտ պայքարին, քան ընդհատակում էր: Վստահեցնում եմ, որ ազատ արձակված եւ դեռ անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալները ոչ միայն չեն կոտրվել, չեն ընկրկել, այլեւ ավելի վճռական են պայքարելու մինչեւ վերջ, մինչեւ հաղթանակ»:
ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանի գնահատմամբ էլ, եվրոպական կառույցները հայ ժողովրդի պայքարին համարժեք քայլ արեցին՝ ստիպելով գործող իշխանությանը ազատ արձակել քաղբանտարկյալների մի մասին: «Բայց դրանով մեր պայքարը չի ավարտվելու: Մենք մեր պայքարը պիտի հասցնենք հաղթական ավարտի: Համոզված եմ, որ մեր պայքարի շնորհիվ շուտով ազատության մեջ կլինեն մեր մնացած քաղբանտարկյալ ընկերները: Ազատություն բոլոր մեր ընկերներին»: Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ վերջիններիս անազատության մեջ պահելով՝ իշխանությունը էլ «ավելի է թեժացնելու ընդդիմության պայքարը, այն դարձնելու է ավելի վճռական»: Նա նաեւ նկատեց, թե՝ ոչ մի իշխանություն չէր կարող այնքան անողոք ու բիրտ գտնվել սեփական ժողովրդի նկատմամբ, ինչպիսին եղան գործող իշխանությունները. «Անգամ ադրբեջանցիները կերազեին մի օր բանտարկված տեսնել Արցախյան ազատամարտի լեգենդար մասնակիցներին, ինչը իրականություն դարձավ մեր իշխանությունների ձեռքով: Սա ամենաամոթալի արարքն էր, որ մեր պատմության էջերից չի ջնջվելու»: Մ. Մալխասյանը մատնանշեց մեկ այլ, իր ձեւակերպմամբ՝ ամոթալի ու ստորագույն փաստ. իշխանությունների կողմից անցյալ տարվա մարտի 1-ին ժողովրդի վրա կրակելն ու մարդկանց սպանությունը ընդդիմության, այդ թվում՝ ազատամարտիկների, «մեր ժողովրդի լավագույն զավակների» վրա բարդելը:
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը, որը մի քիչ վատառողջ էր, նկատեց, որ «հանցագործ ռեժիմի կամակատարները», չկարողանալով տարիուկեսում կոտրել շարժումը, ձեռք են բարձրացնում «մեր երեխաների վրա»: Ս. Այվազյանը նկատի ուներ նախորդ օրը իրազեկման թռուցիկներ բաժանող երիտասարդներին ոստիկանության կողմից ծեծի ենթարկվելը. «Ամոթ դրանց, էդ հանցագործներին»: Անդրադառնալով համաներմանը՝ բանախոսը հայտարարեց, թե քաղբանտարկյալներին ազատ արձակելով «հարցը ոչ թե փակվեց, այլ ընդհակառակը՝ նոր բացվեց: Ես սպասում եմ պատասխաններ ձեր արարքների դիմաց եւ հաստատ դրանք ստանալու եմ ե՛ւ որպես ազատամարտիկ, ե՛ւ որպես քաղաքական գործիչ, ե՛ւ որպես ՀՀ քաղաքացի: Ու դա ոչ թե անձնական վիրավորանքների կամ վրեժխնդրության դրսեւորում է, այլ՝ միմիայն արդարության հաստատում, որին սպասում է ժողովուրդը»:
Նա եւս շնորհակալություն հայտնեց հավաքվածներին՝ քաղբանտարկյալների ազատ արձակման գործին «Հյուսիսային պողոտայում» եւ «քաղաքական զբոսանքներով» նպաստելու համար, իսկ իրենց հասարակությունից մեկուսացնելու նպատակը, ըստ Ս. Այվազյանի, ժողովրդի կամքը կոտրելն էր, ինչը վարչախմբին չի հաջողվել անել: «Այսօր ես առավել քան վստահ եմ, որ թիկունքում այսպիսի ժողովուրդ ունենալով կարելի է սարեր շրջել, եւ այս ժողովրդի՝ հանուն ազատության պայքարը պարտավոր ենք հասցնել հաղթական ավարտի»,- ասաց Ս. Այվազյանը:
Նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանին հանրահավաքը վարողը այսպես ներկայացրեց՝ «այս մարդը դեռ 16-17 տարեկան հասակից պայքարում է, մեր կողքին է եւ 1988-ից մինչ օրս չի շեղվել պայքարի ճանապարհից»: Իսկ Սուրեն Սիրունյանը կարճ խոսեց ու դիմելով ներկաներին՝ ասաց. «Խոսք եմ տալիս իմ ու ընկերներիս անունից, որ ձեր, Հանրապետության նախագահի հետ միասին, իսկ ես համարում եմ, որ 2008թ.-ին ՀՀ նախագահ է ընտրվել Լեւոն Տեր-Պետրոսյանը, պայքարելու ենք, ու Հայաստանում վերականգնվելու է սահմանադրական կարգուկանոնը, եւ մեր ընկերները, որոնք գտնվում են անազատության մեջ, հայտնվելու են նույն այս հարթակում»:
Նախկին քաղբանտարկյալ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանն էլ կարճ խոսեց. «Այսօր մենք պիտի ուրախանայինք, քանի որ նորից միասին ենք եւ շարունակելու ենք մեր պայքարը: Բայց այս ուրախությունը չի կարող լիարժեք լինել երկու պատճառով: Նախ՝ մեզ, այն մարդկանց, ովքեր պայքարի են ելել հանուն իրենց իրավունքների, հանցագործ ռեժիմը «պարգեւել է» համաներում: Մենք պայքարելու ենք մեր բոլոր իրավունքների վերականգնման ու արդարացման համար: Երկրորդ՝ մեր եղբայրները շարունակում են մնալ բանտերում: Ասվում է, թե մեր ազատ արձակվելը նոր լիցք կհաղորդի մեր պայքարին, եւ հաղթանակը անխուսափելի է, որում որեւէ մեկը չի կասկածում, եւ որպես այդ հաղթանակի հետեւանք ՀՀ-ում չի լինելու եւ ոչ մի քաղբանտարկյալ: Սակայն, ինչպես ասում են՝ սկզբունքների համար պայքարելը շատ ավելի հեշտ է, քան՝ այդ սկզբունքների համաձայն ապրելն ու գործելը: Դրա համար ես ազատ արձակված բոլոր քաղբանտարկյալների անունից խոստանում եմ, որ մենք պայքարելու ենք օր առաջ նաեւ մեր մյուս ընկերներին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ազատ արձակելու համար»: Նա «անբարոյական» եւ «աներեւակայելի» համարեց շարժումը կասեցնելու նպատակով ռեժիմի կողմից իրագործված այն արշավը, որի նպատակն էր, Ալ. Արզումանյանի ձեւակերպմամբ՝ «մեր մեջ ցեց գցելով, մեկս մյուսի, մի կուսակցությանը մյուսի դեմ հանելով, տարբեր բամբասանքներով պառակտել, ջլատել շարժումը: Դա անհնար է անել, քանի դեռ մենք պայքարում ենք մեր ազատության համար»:
Հանրահավաքի մասնակիցները առանձին ջերմությամբ եւ երկար վանկարկումներով ողջունեցին ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին, որը խոստացավ. «Չենք ունենա քուն ու դադար, քանի դեռ Հայաստանում կլինի թեկուզ մեկ քաղբանտարկյալ։ Չենք վերադառնա մեր առօրյային ու հանգստին, քանի դեռ Հայաստանում չենք վերահաստատել ազատությունն ու արդարությունը, ժողովրդին չենք վերադարձրել իշխանություն ձեւավորելու նրա սահմանադրական, հիմնական առաքելությունն ու իրավունքը»։ Նաեւ արձանագրեց, թե քաղկալանավորների արդեն ավարտված դատավարությունները հայաստանյան ու միջազգային հանրության համար արձանագրեցին մի քանի կարեւորագույն բացահայտումներ, մասնավորապես. «Գլխովին տապալվեց մարտի 1–2-ի իշխանությունների ծրագրած ու հրահրած ծեծի ու ջարդի, գույքի թալանի ու հրկիզումների, խաղաղ ցուցարարների գնդակահարությունների, իշխանության բռնի զավթման ու այլեւայլ դրսեւորումների՝ ընդդիմության վրա բարդելու վարչախմբի ծրագիրը։ Ակնհայտ դարձավ, որ վարչախմբի կողմից յուրացված ու բռնազավթված է ոչ միայն գործադիր ու օրենսդիր, այլեւ դատական իշխանությունն ու ողջ իրավապահ համակարգը։ Որ այդ համակարգի աշխատակիցների մեծամասնությունը վարչախմբի պատանդներն են, եւ որ նրանք խղճահարությունից զատ այլ վերաբերմունքի ուղղակի արժանի չեն։ Հրապարակավ հիմնավորվեց ու ապացուցվեց մեզ ներկայացված մեղադրանքների կեղծ ու շինծու լինելը, դրանց քաղաքական բնույթն ու որոշիչը, հեղինակների իրավական անգրագիտությունն ու տհասությունը»։ Նա նաեւ ասաց, թե քաղբանտարկյալներն ի սկզբանե եւ սկզբունքորեն դեմ են եղել ներմանն ու համաներմանը, որովհետեւ դրանք կիրառվում են հանցանքների նկատմամբ. «Իսկ մեզ, անկախ կոնկրետ մեղադրանքներից, դատել ու դատապարտել են մեր քաղաքական հայացքների ու համոզմունքների համար, ինչը այժմ արդեն նաեւ միջազգային հանրության ու կառույցների կողմից ընդունված հանրաճանաչ փաստ ու իրողություն է»:
Գ. Ջհանգիրյանն ասաց, թե ո՛չ ինքը, ո՛չ մյուս քաղբանտարկյալները չեն հաշտվելու ոչ միայն իրենց ապօրինի ազատությունից զրկելու, այլեւ ապօրինի ազատություն վերադարձնելու վարչախմբի որոշումների հետ: «Դրանք բողոքարկելու ենք բոլոր ատյաններում, վստահ, որ հասնելու ենք մեր անվերապահ արդարացմանը, մեզ պատճառված նյութական ու բարոյական վնասի լիակատար հատուցմանը»,- ասաց բանախոսն ու հայտարարեց, թե իրենք կամավոր զինվորագրվել են ՀՀ քաղաքացու ազատության ու արժանապատվության, սահմանադրական կարգի վերահաստատման պայքարին, «իսկ կամավորականը հիասթափվելու, հոգնելու, տրտնջալու ու նահանջելու իրավունք չունի։ Մենք մեր ընտրած ճանապարհից խոտորվողը, շեղվողը չենք: Մեզ բանտարկելով ու հալածանքներով չեն վախեցնի, մեզ հետ ուժի լեզվով խոսելն անիմաստ ու անօգուտ է: Սեփական ժողովրդին հաղթելն անհնար է»:
Հանրահավաքը եզրափակեց Կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իսկ հանրահավաքին հետեւած երթը, որը տեղի ունեցավ հորդ անձրեւի պայմաններում, բացի մեկ-երկու՝ ոստիկանների կողմից հրահրված փոքրիկ միջադեպերից, ավարտվեց Հյուսիսային պողոտայում: