Կարծում է Հայաստանում ՍԴՀԿ կենտրոնական վարչության ներկայացուցիչ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:
– Համամի՞տ եք իշխանական ճամբարից հնչող այն տեսակետին, որ համաներումը թուլացրել է ներքաղաքական լարվածությունը:
– Ինչպե՞ս կարելի է ներել անմեղին։ Անմեղ կալանավորվածին, դատապարտվածին արդարացնում են։ Իշխանությունը չի հետապնդել ներքաղաքական լարվածության թուլացման նպատակ։ Այլապես տղաները կազատվեին արդարացված եւ կրած վնասների փոխհատուցման որոշումներով: Եվ նույնիսկ այդ դեպքում լարվածության թուլացում չէր լինի։ Ներքաղաքական լարվածության ակունքները շատ ավելի խորն են, եւ վարչակազմը իր գործունեությամբ միայն ավելացնում է դժգոհությունների եւ հուսախաբությունների շարքը, էլ ավելի վտանգավոր դարձնում ազգային անվտանգության առկա սպառնալիքները: Իսկ համաներումը ուղղորդված էր դեպի Եվրոպա, այլ ոչ դեպի հայ հասարակություն:
– Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ-ի ընդունած վերջին բանաձեւը գնահատելով` իշխանական գործիչները հայտարարում են, որ այն իշխանության եւ ընդդիմության երկխոսության լավ հնարավորություններ է տալիս: Կիսո՞ւմ եք այդ մոտեցումը. ասենք, ըստ Ձեզ, ի՞նչ պետք է հիմա անեն կողմերը:
– «Իշխանական գործիչների» մտավոր կարողության եւ հոգեւոր կերպարի ճշգրիտ ցուցանիշն է դա։ Ուրեմն, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից օր օրի մեծացող ճնշումը, Արցախի վրա սպառնալիքների կուտակումը, երկրի ամայացումը արտագաղթով, Ջավախքի ծանր վիճակը, ամբողջ հասարակության ընդդիմադիր եւ փոփոխություն պահանջող կեցվածքը, աղանդների, թմրամոլների, մարմնավաճառների քայքայիչ եռանդը անհապաղ երկխոսության համար բավարար չե՞ն։ Պետք է, որ Եվրոպա՞ն երկխոսության հիմքեր տա, հա՞: Իսկ Եվրոպային արդյոք պե՞տք է միասնական եւ համերաշխ Հայաստան։ Այսօր Անդրկովկասում Եվրոպայի գլխավոր խնդիրը «Նաբուկոյի» կառուցումն է՝ որպես էներգետիկ անվտանգության երաշխիք: Անկախացած Արցախը լուրջ խոչընդոտ է: Ուրեմն Եվրոպային, որը նաեւ հսկայածավալ ներդրումներ է արել ադրբեջանական նավթարդյունաբերությունում, ինչպիսի՞ Հայաստան է պետք: Իհարկե՝ թույլ եւ քայքայված։ Ի՞նչ պետք է անեն կողմերը: Եթե կողմերը հետապնդում են նույն նպատակների իրականացում, ասենք՝ Արցախի անկախության ճանաչումը, կառուցում, բնակեցում, Հայաստանի հզորացում, արդարության, օրինականության եւ հավասարության հաստատում, ապա համագործակցության եւ երկխոսության դաշտ հաստատ կլինի, իսկ եթե նպատակներում ընդհանուր եզր չկա, ուրեմն չկա երկխոսություն եւ համագործակցություն:
Կարող է այդպես էլ լինել, բայց դա կլինի ձեւական, Եվրոպայի աչքերին թոզ փչել, ինչը նրան շատ է դուր գալիս: Իսկ իրական երկխոսությունից Հայաստանի իշխանությունը խուսափում եւ վախենում է:
– Վերջին շրջանում հայ-վրացական հարաբերություններում առկա անհարթությունների պարագայում` Ջավախքում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներ եւ դրանց արդյունքում եղած ձերբակալություններն ու դատերը, հայ պատգամավորի մուտքի արգելում՝ Վրաստան եւ այլն, ադեկվա՞տ էին Վրաստանի նախագահի մեծարման եւ բարձրագույն պարգեւ շնորհելու արարողությունները Հայաստանում:
– Ադեկվատ քայլ Հայաստանի իշխանություններից վաղուց չեմ տեսել: Երկու տարի դեռ չի անցել Ազգային անվտանգության հայեցակարգի ընդունումից, բայց կյանքը արդեն հակասում է նրա դրույթներին բազմաթիվ կետերում: Հակասում է ռազմավարական պնդումներում եւ Թուրքիայի, եւ Վրաստանի, եւ Ռուսաստանի պահով: Դա շատ վտանգավոր է:
Ջավախքը երբեք չի եղել Հայաստան-Վրաստան ղեկավարների քննարկման առարկա։ Քոչարյանի համար Ջավախքը պարզապես գոյություն չի ունեցել, իսկ Սերժ Սարգսյանը չունի ծրագիր, մոտեցում եւ անհանգստություն ջավախահայության համար: Կարծում եմ՝ այս հանդիպումն էլ հայ եւ վրաց ժողովուրդների հետ կապ չի ունեցել: Պարզապես իշխանության գլխին հայտնված երկու մարդիկ փորձում են անձնական կապերի միջոցով կայունացնել իրենց աթոռները։ Բայց այսօր Ջավախքը դարձել է Անդրկովկասի կարեւորագույն քաղաքական գործոններից մեկը։ Եթե Հայաստանը չի տեսնում կամ ժամանակ չունի դրանով զբաղվելու, ապա մեկ ուրիշը այդ գործոնը կօգտագործի Հայաստանի դեմ, եւ մենք շուտով դրան ականատես կլինենք: