Լրահոս
Օրվա լրահոսը

Թվացյալ զեղչեր՝ հանգստյան տներում

Հուլիս 02,2009 00:00

Ճգնաժամը 500 դրամով ազդել է ճոպանուղու վրա

Ամռանը բոլորն էլ ցանկանում են հանգստանալ: Մեր քաղաքացիների մի մասը նախընտրում է հանգստյան վայր ընտրել Հայաստանում, մի մասն էլ Հայաստանից դուրս, բայց, ցավոք, բնակչության միայն մի մասին է հաջողվում իրենց կանոնավոր հանգիստը կազմակերպել: Այսօր հայաստանցիներից շատերն են ցանկանում հանգստանալ հայրենիքում, բայց միշտ չէ, որ ցանկությունը համապատասխանում է հնարավորություններին: Եվ պարզվում է, որ Հայաստանում հանգստանալը շատերի համար թանկ հաճույք է, որովհետեւ արդեն մի քանի տարի է՝ ինչ տուրիստական գործակալություններն առաջարկում են առավել մատչելի գներով հանգստանալ, օրինակ, Անթալիայում, Եգիպտոսում, Վրաստանում եւ այլուր:

Բնականաբար, ճգնաժամը չի շրջանցել նաեւ հանգստի գոտիները ու թեեւ ըստ մեր քաղաքացիների շրջանում անցկացրած հարցումների՝ գները շարունակում են բարձր մնալ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, այնուամենայնիվ, նախորդ տարիների համեմատությամբ՝ փոփոխություն է նկատում: «Շատ հյուրանոցներ առաջարկում են մատչելի գներ, նույնիսկ հայտարարություններ եղան… Օրինակ, Ջերմուկում պատրաստակամ են մատչելի գներ առաջարկելու»,- նկատեց նա, իսկ որպես գների իջեցման կոնկրետ օրինակ՝ առանձնացրեց Ծաղկաձորի որոշ հանգստյան տներ: Այդ զեղչերին փորձեցինք ծանոթանալ նաեւ մենք՝ զանգելով, օրինակ, պարոն Ապրեսյանի մատնանշած «Կեչառիս» հյուրանոց, որտեղից էլ պատասխանեցին, որ անցյալ տարի գներն ավելի թանկ էին, ճգնաժամ չկար, մարդիկ ավելի շատ էին հաճախում:

Իսկ մեր հարցին՝ եթե իրականում գներն իջել են, այդ դեպքում ինչո՞ւ են հայաստանցիները, այնուամենայնիվ, նախընտրում հանգստանալ դրսում, Մեխակ Ապրեսյանն այսպես պատասխանեց. «Օրինակ, նախորդ տարիների համեմատությամբ՝ բավականին նվազել է Վրաստան գնացողների թիվը: Ինչ վերաբերում է գներին, եթե մարդն ուզում է գնալ ծով, մեկ է՝ գնալու է, անկախ գներից»:

Հավելենք նաեւ, որ գների թվացյալ իջեցումը չի ազդել ճոպանուղու վճարի վրա. Եթե նախորդ տարի մեկ տոմսի արժեքը 1000 դրամ էր, ապա այս տարի դարձել է 1500: Ճոպանուղու տնօրեն Ասատուր Պողոսյանն էլ թանկացումը պայմանավորեց հոսանքի սակագնի բարձրացմամբ:

Հայաստանյան հանգստի գների տարեցտարի բարձրացումը, անկախ նրանից՝ ճգնաժամ է, թե ոչ, Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանը նորմալ երեւույթ է համարում: Նրա ձեւակերպմամբ էլ. «Սա բիզնես է, որն իր կանոններով է շարժվում, իսկ քաղաքապետարանը ոչ իրավունք եւ ոչ էլ լծակներ ունի այդ գների վրա ազդելու համար: Գների վրա ամենալավն ազդում է շուկան: Եթե գները բարձր են, բայց միաժամանակ այս կամ այն հյուրանոցային համալիրի պահանջարկ կա, ապա ոչ ոք չի կարող ստիպել մասնավորին՝ իջեցնել գները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել