Նորաձեւություն՝ պայմանավորված հայ առեւտրականների ներմուծած թուրքական հագուստներով
«Դիզայներ կոչվելու համար դիպլոմն ու պրոֆեսիոնալիզմը շատ անհրաժեշտ է»,- ասում է դիզայներ, www.fashionblog.am ինտերնետ կայքի համահեղինակ, մասնագիտությամբ էկոնոմիստ-մենեջեր, 26-ամյա Ֆաինա Հարությունյանը:
Ֆաինան արդեն 5 տարի ապրում եւ աշխատում է Հայաստանում. «Ծնունդով Ղազախստանից եմ: Այնտեղ եմ ստացել էկոնոմիստ-մենեջերի ուսում: Բայց քանի որ դեռ մանկուց տարված էի նորաձեւությամբ, մասնագիտությամբ էլ աշխատելու ոչ մի նպատակ չունեի, որոշեցի դուրս գալ Ղազախստանից: Այնտեղ, որտեղ ես ապրում էի, նորաձեւության ասպարեզում գործունեություն ծավալելու մասին մտածելու կարիք չկար, որովհետեւ նորաձությունը դեր ու նշանակություն չուներ: Երբ տեղափոխվեցի Հայաստան, ինձ միայն մի միտք էր տանջում՝ այստեղ կարո՞ղ եմ անել այն, ինչի մասին այդքան երազել եմ: Բավական երկար ժամանակ ուսումնասիրեցի հայկական նորաձեւության դաշտը, ուսումնառեցի մասնագետների մոտ եւ սկսեցի աշխատել այդ ոլորտում: Չեմ թաքցնում՝ դիպլոմ չունեմ, չնայած դրա առկայությանը մեծ նշանակություն եմ տալիս: Քանի որ, ըստ իս, բոլոր ոլորտներում էլ դիպլոմն անհրաժեշտ է: Յուրաքանչյուր ոլորտում, որում դու գործունեություն ես ծավալում, պրոֆեսիոնալիզմը պարտադիր է: Այսինքն՝ եթե մեջդ ունես որոշակի ջիղ, ունակություններ, բայց ինչ-ինչ պայմաններից ելնելով դիպլոմի չես հասել, դա չի նշանակում, որ չես կարող աշխատել, գոնե ինքնակրթությամբ զբաղվել: Հիմա այնպիսի ժամանակներ են, որ հնարավորությունների պակաս չունենք. կարող ես ժամերով ինտերնետում նյութեր կարդալ, նկարել… Ես բոլոր պայմաններում ողջունում եմ դիպլոմի առկայությունը, սակայն չեմ էլ ժխտում, որ կան դիպլոմնիկներ, որոնք բացարձակ ոչնչի չեն տիրապետում»:
Օրեր առաջ համացանցը դիզայներ Ֆաինայի եւ ոճաբան Արմեն Գալյանի ջանքերով համալրվեց եւս մեկ հայկական fashionblog.am-ով: «Ինտերնետային կայք ստեղծելու գաղափարը վաղուց էր պտտվում մտքումս: Նորաձեւությունը դա մեր աշխատանքն է, մենք ամեն օր դրա մեջ ենք: Մտածեցի՝ ինչո՞ւ այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում այդ ոլորտում, չտեղեկացնել նորաձեւության սիրահարներին՝ ստեղծելով մի կայք, որտեղ կհամախմբվեն բոլոր fashion-գործիչները, դրան հետեւողները: Բլոգում ներկայացվում է ամեն ինչ, պատմում ենք այն, ինչ տեսել ենք, լսել, տեղեկացել: Օրինակ, դրսից եկողը կարող է տեղեկանալ՝ Հայաստանում ինչն է նորաձեւ, ինչը՝ ոչ: Ունենք հատուկ «Street fashion» էջ, որտեղ ներկայացնում ենք Երեւանի փողոցների նորաձեւությունը: Ունենք նաեւ շպարին, երեկույթներին նվիրված էջեր եւ այլն»: Չնայած դեռ մի քանի օր է, ինչ կայքը գործում է, սակայն, մեր զրուցակցի փոխանցմամբ, այն արդեն գրանցել է այցելուների մեծ քանակ. «Գրեթե հավասարվել ենք այնպիսի կայքերի, որոնք գործում են արդեն մի քանի տարի. դա դեռ մի քանի օրում: Սա խոսում է մեծ քանակով նորաձեւությամբ հետաքրքրվող մարդկանց առկայության մասին»: Ինչպես տեղեկացրեց դիզայները, կայքում ներկայացվում է ոչ միայն հայկական նորաձեւությունը, այլեւ ողջ աշխարհի. «Սակայն շեշտը դրված է հայկականի վրա: Դրսի նորաձեւությունը միայն մակերեսորեն ենք ներկայացնում: Այս բլոգը նրանց համար է՝ ովքեր սիրում են fashion: Անգամ նա, ով ունի ընդամենը մեկ աշխատանք, նրա համար բլոգի դռները բաց են»:
Դիզայներից հետաքրքրվեցինք նաեւ վերջինիս ծավալած գործունեության մասին: Նրա խոսքերով, գործունեության ոլորտը դիզայների համար չպետք է կարեւորվի. «Ես չեմ աշխատում հարուստ, բարձրաստիճան կանանց կամ շոու-բիզնեսի ներկայացուցիչների համար: Սխալ է ինչ-որ կոնկրետ ոլորտի վրա աշխատելը: Դիզայները պետք է բոլորի համար աշխատի: Եթե կենտրոնանաս ինչ-որ ոլորտի վրա, ժամանակից շուտ կսպառվես»: Հարցին, թե ո՞ր ոճում է աշխատում, Ֆ.Հարությունյանը խուսափեց պատասխանել. «Ինձ միշտ այդ հարցը տալիս են, որին ես հստակ պատասխան չունեմ: Ընդհանրապես, աշխատում եմ դասական՝ էլեգանտ ոճում, բայց դրա սահմաններից միշտ դուրս եմ գալիս՝ էլեգանտ-ռոմանտիզմ, էլեգանտ-սպորտ: Դիզայների ոճը կախված է հաճախորդի ճաշակից: Չես կարող սպորտային ոճի սիրահարին թելադրել քո դասական ոճը: Հաճախորդի ճաշակը մեծ դեր ունի, գուցե ես նայեմ նրա կերպարին եւ այնպիսի մի միտք հղանա, որ երբեւէ չէի էլ կարող պատկերացնել»:
Մեր զրուցակցի կարծիքով, ճաշակը չես սովորեցնի, այն պետք է գեների մեջ լինի. «Երբեք ոչ ոքի չես կարող ստիպել ճաշակով լինել, եթե նրա մեջ դա չկա: Կարող ես սովորեցնել գույներ համադրել, համապատասխան հագնվել, բայց դրանով տվյալ անձին չես ստիպի լինել ճաշակով կամ նորաձեւ»:
Խոսելով հայկական նորաձեւության մասին, Ֆ. Հարությունյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանում նորաձեւություն չկա, պարզապես. «Կան մարդիկ, որոնք զբաղվում են այդ գործով, փորձում եւ ցանկանում են ոլորտ ստեղծել եւ զարգացնել: Բայց ինչ դեր ունեն փորձերն ու հնարավորությունները, երբ չկա հնարավորություն, միջոցներ: Մեր նորաձեւությունն այն է, ինչ առաջարկում են խանութներն ու վաճառակետերը. տղամարդ առեւտրականները, որոնք ոչինչ չեն հասկանում նորաձեւությունից, գնում են Թուրքիա, բերում ապրանք ու ճաշակ թելադրում: Սա է մեր նորաձեւությունը: Իսկ այն, որ մենք ունենք մասնագետներ, մարդիկ, որոնք զբաղվում են այդ գործով, ստեղծում հրաշալի հագուստի նմուշներ, դա այսօր ոչ ոքի չի մտահոգում»: Դիզայներ Ֆաինան ասաց, որ նպատակ ունի Հայաստանում շրջանառել հայկական հագուստ. «Նպատակ ունեմ հայկական հագուստը արտահանել, ոչ թե Թուրքիայից էժանագին ապրանքներ ներմուծել: Չէ՞ որ ժամանակին մենք ունեցել ենք հրաշալի կարի արտադրամասեր, դերձակներ: Իսկ այս ամենը կրկին ունենալու համար պետական աջակցություն է պետք: Ես այն կարծիքին եմ, որ եթե այս ոլորտում պետական այրերն իրենց ներդրումը փորձեն ունենալ, այդ ոլորտն անմիջապես ոտքի կկանգնի»:
Ֆ. Հարությունյանը նաեւ ասաց, թե զայրանում է, որ մի քանի հագուստ ստեղծելով՝ բոլորն իրենց համարում են դիզայներ. «Մի երկու շոր կարելով, մի քանի երգիչ-երգչուհու «կպցնելով»՝ դիզայներ չեն դառնում: Ամենավատն այն է, որ այդ նույն մարդիկ իրենց սկսում են այնքան բարձր դասել, իբր հանճարեղ դիզայներներ են եւ մյուսներին չեն նկատում: Այստեղ դաշտում համագործակցություն չկա: Կարծես խուսափում են միմյանց հետ համագործակցելուց: Օրինակ, եթե մեկը առաջարկի միասին հավաքածու ստեղծել, ես չեմ մերժի, սիրով կհամաձայնեմ: Բայց երբ փորձում ես ինչ-որ մեկին առաջարկել՝ անմիջապես հրաժարվում է: Իսկ հրաժարվելու պատճառն անունն է, բոլորը կարծես համատարած ուզում են, որ միայն իրենց անունը երեւա»: Մեր զրուցակիցը նաեւ հայտնեց, որ շուտով kamoblogi.am-ի նախաձեռնությամբ կայանալու է «Holliwood night» երեկույթը, որի ստիլիստիկայով զբաղվելու է երեք դիզայներ. «Սա մի մեծ համագործակցություն է, որը Հայաստանում առաջին անգամ է իրականացվում: Հույս ունեմ, որ դրանով սկիզբ կդնենք դիզայներների համագործակցություններին»:
Իսկ ի՞նչ գնահատական է տալիս Ֆաինան հայուհիների հագուկապին. «Իրականում հայուհիները շատ գեղեցիկ են: Չի կարելի առավոտյան քաղաք դուրս գալ վառ շպարով. սա մեր աղջիկների թերությունն է: Հայուհիներն ունեն շա՜տ գեղեցիկ աչքեր, պետք չի այն ավելի ընդգծելու համար աչք ծակող շպար անել: Մի թերություն էլ կա՝ բարձրակրունկ կոշիկները: Արդեն նույնիսկ վուլգար է երեւում: Օրեր առաջ Իրանից մի աղջիկ էր եկել ինձ մոտ, ասում է, երբ ընտանիքս հետաքրքրվեց, թե ինչպիսին է Երեւանը, ինչպես են այնտեղ հագնվում, պատասխանեցի՝ ասես բոլորը ամեն առավոտ գնում են հարսանիքի: Իսկապես՝ նա ճիշտ է ասում…»: