«Վերջին ընտրությունները Իսլամական հեղափոխությունից հետո, կարելի է ասել՝ փառապանծ ընտրություններ էին, չնայած այն ջանքերին, որ Արեւմուտքը, ի դեմս ԱՄՆ-ի եւ Անգլիայի, գործադրեց, որպեսզի ինչ-որ խնդիրներ հարուցի Իրանում ընտրությունների հետ կապված, կարողացանք այդ բոլոր խնդիրները հարթել»,- երեկ ՄԱԱ-ում հայտարարեց ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը: Դեսպանի հավաստմամբ, կրոնական ժողովրդավարությամբ Իրանը դարձել է օրինակելի ամբողջ աշխարհում, եւ որոշ երկրներ, հիմնվելով Իրանի այդ սկզբունքների վրա, կարողանում են իրենց «ոչը» ասել գլոբալիզացիայի պայմաններում արեւմտյան մենաշնորհ ցանկացող վարչակարգերին: Լրագրողներին հետաքրքրում էր՝ ընտրություններից հետո ի՞նչ փոփոխություններ են ակնկալվում Իրանի արտաքին քաղաքականության ոլորտում: Սեյեդ Ալի Սաղայիանն ասաց. «Բոլոր 4 թեկնածուների արտաքին քաղաքականության խնդիրներում էապես տարբերություններ չկային, հատկապես, եթե ընտրվեց պարոն Ահմադինեջադը, բոլոր նախագծերը, որ նախորդ 4 տարիների ընթացքում իրագործել ենք, դրանք հետագա 4 տարիներին էլ շարունակելու են գործել»: Նրա բնորոշմամբ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունից հետո ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, այդ թվում՝ նաեւ երկաթգծի, Իրան-Հայաստան նավթամուղի հետ կապված՝ կյանքի կկոչվեն եւ շուտով փորձագիտական խումբ կայցելի Հայաստան՝ առկա խնդիրների քննարկման համար. «Եթե երկաթգիծը շարունակություն ունենա մինչեւ Սեւ ծով, դրա միջոցով, փաստորեն, մենք կարող ենք Հեռավոր Արեւելքը, Չինաստանը, Ճապոնիան կապել Եվրոպայի հետ: Մյուս կողմից, նավթազտարանի կամ նավթամթերքներ տեղափոխող խողովակաշարի կառուցումը, որը կարող է մեծ նշանակություն ունենալ տարածաշրջանային առումով եւ պայմանավորել, որ այլ շահագրգիռ կողմեր իրենց մասնակցությունը ցուցաբերեն ֆինանսավորման առումով: Ինչպես, օրինակ, երկաթգծի առումով Ռուսաստանը, Ղազախստանը եւ անգամ Թուրքմենստանը իրենց հետաքրքրությունն են ցուցաբերել այդ նախագծերին մասնակցելու: Այնպես, որ հաշվի առնելով նրանց տարածաշրջանային նշանակությունը, շատ տարբեր կողմեր կարող են իրենց ֆինանսական մասնակցությունը բերել այդ նախագծերին»,- նշեց դեսպանը: Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ՝ բանախոսն ինչպես կմեկնաբանի Իրանի ԶԼՄ-ներում հրապարակվող այն տեղեկատվությունը, թե Իրանի հետընտրական բողոքի ցույցերի կազմակերպման գործում մասնակցություն է ունեցել նաեւ Ադրբեջանը եւ նաեւ այն, թե ինչ կասի Բաքվից Իրանի դեսպանի՝ Թեհրան հետկանչի մասին: Սեյեդ Ալի Սաղայիանը պատասխանեց. «Տարբեր լուրեր շրջանառվեցին, ընտրության հետ կապված պետք է ասեմ, որ հաշվի առնելով այն պատմական հարաբերությունները, որ Իրանն ունի հարեւանների հետ, այդ թվում նաեւ Ադրբեջանի, փոխայցելությունները նախագահների մակարդակով, որ տեղի են ունեցել, բնականաբար, այդ տեղեկությունները մեր կողմից չեն հաստատվում եւ նման բան չկա: Իրանի Ատրպատականի ժողովրդի մասին էլ պետք է ասեմ, որ նրանք իրենց համարում են իրանցիներ: Ինչ վերաբերում է դեսպանի հետկանչմանը, դա եղել է քննարկումների համար եւ այն մշտական բնույթ չի կրում»: