Կարոլինա Գայտե: Սյուզի Կենտիկյան:
Կանանց բռնցքամարտի մինչեւ 51 կգ քաշային կարգում WBA/WIBF վարկածներով աշխարհի չեմպիոն՝ «Մարդասպան թագուհի» Սյուզի Կենտիկյանը հուլիսի 4-ին Համբուրգի «Color Line Arena»-ի ռինգում հանդիպելու է Արգենտինայի ներկայացուցիչ, «Chapito» մականունը կրող Կարոլինա Մարչելա Ասունա Գուտիերես Գայտեի հետ, որը մեկ աստիճան՝ մինչեւ 52,163 կգ, ավելի բարձր քաշային կարգում աշխարհի ժամանակավոր չեմպիոնուհին է:
Երեկ Սյուզին եւ նրա մարզիչ Մահոմեդ Շաբուրովը մարտից առաջ հանդիպել են այդ մենամարտով հետաքրքրված լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Կենտիկյանի մարզիչը, մասնավորապես, հայտարարել է. «Այս մենամարտը, ամենայն հավանականությամբ, այնքան էլ հեշտ չի լինի: Սյուզիի մրցակիցն արժանի է հարգանքի եւ բավականաչափ ազդեցիկ մարզական կենսագրություն ունի: Նա մեկ աստիճան բարձր քաշային կարգում WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոնուհու ժամանակավոր տիտղոսակիրն է: Սակայն մենք շատ լավ ենք նախապատրաստվել առաջիկա մրցամարտին եւ, կարծում եմ, որ Սյուզիի արագությունը հաղթանակի հասնելու բանալին կարող է լինել»:
Մարզասեր ընթերցողներին, անշուշտ, կհետաքրքրի ապագա մրցակիցների մարզական այցեքարտը:
Սյուզի Կենտիկյան: 21 տարեկան: Պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 24 մենամարտ եւ բոլորում էլ հաղթել է մրցակիցներին, ընդ որում, 16-ը՝ նոկաուտով:
Կարոլինա Գայտե: 32 տարեկան: Անցկացրել է 16 մենամարտ, որոնցից 15-ը գրանցել է իր օգտին (11-ը՝ ժամկետից շուտ): Կրել է մեկ պարտություն, այն էլ՝ նոկաուտով:
Սյուզաննան «Առավոտի» հետ հեռախոսազրույցներում բազմիցս տեղեկացրել է, որ կարոտում է Երեւանը եւ շատ է ցանկանում գալ: Բայց ամեն անգամ ինչ-որ չնախատեսված հանգամանք խանգարում էր: Մեր վերջին տեղեկություններով, «Թագուհին» այս մենամարտից հետո վերջապես իրականացնելու է ցանկությոնը: