Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԵ՛Մ ՏԱ»

Հուլիս 02,2009 00:00

\"\"ՎՊ ուսումնասիրություններից հետո մշակույթի նախարարը եւ գոհ է, եւ ոչ

«Առավոտը» բազմիցս անդրադարձել է մշակույթի նախարարությունում տիրող մթնոլորտին ու այս գերատեսչությանը բնորոշ աղաղակող խախտումներին (24.05.2008՝ «Ծառայողական քննություն՝ նախարարությունում», 07.16.2008՝ «Գավառամտությունից չեն ձերբազատվում», 07.23.2008՝ «Ո՞ւր են գնում պետության փողերը», 07.01.2008՝ «Արատավոր շրջան» եւ այլն): Այս նախարարության համար սովորական երեւույթ է իր ՊՈԱԿ-ների միջոցով փողերի յուրացումը, լավագույն մասնագետներից ձերբազատվելը, նրանց յուրայիններով փոխարինելը, մտերիմներին աշխատավարձի տասնապատիկի չափով պարգեւավճարներ հատկացնելը, զանազան պատրվակներով նույն մարդուն մի քանի անգամ որակավորման արտերկրյա դասընթացների ուղարկելը, նախարարության կառուցվածքը նախարարի ճաշակով վերակազմակերպելը եւ դժվար պահերին պատասխանատվությունից նախարարի խուսափելն ու ենթականերին «զոհ» տալը: Օրինակ, անցյալ տարի մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Վարդան Բարսեղյանի ծառայողական պարտականությունների կատարումը կասեցվեց, իսկ Քաղծառայության խորհուրդը ծառայողական քննություն անցկացրեց: Ընդ որում, պարոն Բարսեղյանի՝ աշխատակազմի ղեկավար դառնալուն հենց Հ. Պողոսյանն էր նախապատվություն տվել՝ հրաշալի իմանալով, որ նա մշակույթի հետ բնավ կապ չունի. նախկինում աշխատել է ՀՀ առեւտրի, տրանսպորտի եւ կապի նախարարություններում, Հայլեռտեխհսկողության վարչությունում, Հայջրտնտպետկոմիտեում եւ այլուր: Էականն այն էր, որ Հ. Պողոսյանին ուղղակի ձեռնտու էր թույլ աշխատակազմի ղեկավար ունենալը, որովհետեւ այդ պարագայում նախարարությունում հարցեր կլուծեին ինքն ու իր մերձավորներից՝ իրավաբանական վարչության պետ Արեգ Հայրապետյանը, գումարների ելումուտին էլ տեղյակ կլինեին միմիայն իրենք: Կամ օրերս աշխատանքից ազատվեց փոխնախարար Գագիկ Գյուրջյանը, որի բուն լիազորությունները վերջին երկու տարում խիստ նեղացված էին, գումարած նաեւ այն, որ տիկին Պողոսյանը նրան տանել չէր կարողանում:

Հունիսի 30-ի ասուլիսում Վերահսկիչ պալատի (ՎՊ) նախագահ Իշխան Զաքարյանը անդրադարձավ նաեւ մշակույթի նախարարությանը։ Նա ներկայացրեց այնպիսի աղաղակող խախտումներ ու պետբյուջեի յուրացումներ, որոնք մշակույթի նախարարությանը բարձր «ռեկորդայնություն» են հաղորդում:

Օրինակ, ՎՊ-ն մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ներում հայտնաբերել է 24 մլն դրամի չարաշահում, նախարարության պահուստային ֆոնդում՝ 61,4 մլն դրամի, իսկ հուշարձանների պահպանության ծրագրի դեպքում՝ 118,5 մլն դրամի յուրացում։ ՎՊ նախագաhի բնորոշմամբ, ամենատխուր պատկերը հուշարձանների վերականգնման ծրագրում էր. «Գուգարք» ընկերությունը պետք է վերականգներ 10-րդ դարի Քոբայրավանքն ու Հնեավանքը, մինչդեռ «4-5 գույնի քարերով վերականգնել են Հնեավանքի համալիրը, սկսած՝ հղկված տրավերտինից, բազալտից ու տուֆից: Մի այլանդակ պատկեր է ստացվել…»: Նաեւ 57 մլն դրամի չհիմնավորված ծախս է արձանագրվել: Կամ, Ի. Զաքարյանին ապշեցրել էր այն, որ նախարարության իրավական ակտերը կազմելու համար 19 մլն 960 հազար դրամ է փոխանցվել ինչ-որ «Օմեգա ֆայնեյշն սերվիս» ընկերության երեւանյան «Ինօրինետ» մասնաճյուղին, որը գտնվում է, ոչ ավել, ոչ պակաս, Վիրջինյան կղզիներում ու ապահովագրական խորհրդատվական ընկերություն է, ոչ թե իրավական ակտեր կազմող:

«Առավոտը» Հասմիկ Պողոսյանին խնդրեց մեկնաբանել պարոն Զաքարյանի բացահայտումները: Մշակույթի նախարարն ասաց, որ ՎՊ եզրակացության մեջ կետեր կան, որոնք մեկնաբանելու տեղիք են տալիս: «Օրինակ, «Սայաթ-Նովա» օպերայի դեպքում՝ մասնավորապես: Գումարը չի յուրացվել, պարզապես օպերան չի բեմադրվել մի շարք գեղարվեստական խնդիրների պատճառով. այն սկզբում Գեղամ Գրիգորյանը պիտի աներ, հետո Ստուրուան, որը երկու անգամ եկավ-գնաց ու անձնական պատճառներով հրաժարվեց: Այլ խնդիր է, որ այդ գումարը երեք տարի պահել ու չենք վերադարձրել»,- ասաց տիկին Պողոսյանը: Նրան հարցրինք՝ Գագիկ Գյուրջյանի պաշտոնազրկվելը կապ ունի՞ ՎՊ բացահայտումների հետ: Նախարարն ասաց, որ առայժմ չի ցանկանում կատարվածը մեկնաբանել: Մեր դիտարկմանը, որ քաղաքակիրթ երկրներում երբ խոսք է գնում աղաղակող չարաշահումների ու խախտումների մասին, տվյալ կառույցի ղեկավարը հրաժարական է տալիս, Հ. Պողոսյանը ընդդիմացավ. «Իսկ ինչո՞ւ պիտի հրաժարական տամ»: Պնդեցինք, որ թեկուզ այն պատճառով, որ ՎՊ եզրակացության համաձայն՝ մշակույթի նախարարությունը խախտումներով ռեկորդակիր է այլ գերատեսչությունների համեմատությամբ: Տիկին նախարարը տեղի չտվեց. «Թող այդ հարցը ինքը մեկնաբանի, ես չեմ կարող մշակույթի նախարարությունը այլ նախարարությունների հետ համեմատության մեջ դնել, ոչ էլ նման ցանկություն ունեմ»: «Առավոտի» հաջորդ հարցին՝ մի՞թե գոհ է նախարարության աշխատանքից, Հ. Պողոսյանը պատասխանեց. «Ո՞նց կարող եմ գոհ լինել… բայց մյուս կողմից էլ՝ գոհ եմ նրանից, որ ֆորմալ չենք վերաբերվում աշխատանքին ու թերությունները չենք ծածկում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել