Երեկ Ժնեւում վերսկսվեցին Կովկասում անվտանգության հարցերով քննարկումները, որոնք խոստանում են ընթանալ առավել կոշտ պայմաններում: Այս մասին գրում է «Կոմերսանտը»: Թբիլիսին մտադիր է պահանջել միջազգային ոստիկանական ուժերի տեղակայում Աբխազիայում եւ Հարավային Օսիայում, իսկ Մոսկվան՝ Թբիլիսիի, Ցխինվալիի եւ Սուխումի միջեւ ուժի չկիրառման մասին համաձայնագրի ստորագրում: Երկու կողմի պահանջներն էլ, ըստ էության, իրարամերժ են, այդ պատճառով էլ Ժնեւում բանակցությունների վեցերորդ փուլը կարող է դառնալ վերջինը՝ Կովկասում իրադրության կարգավորման շուրջ 1 տարի շարունակվող գործընթացում:
Ժնեւում բանակցությունների հերթական փուլը կնվիրվի տարածաշրջանի ամենաակտուալ խնդրին՝ Աբխազիայում եւ Հարավային Օսիայում միջազգային վերահսկման լիակատար բացակայության պայմաններում իրադրության նոր սրմանը եւ անգամ պատերազմի հավանականությանը: