Վենեսուելայի առաջնորդ Ուգո Չավեսը երեկ կարծիք հայտնեց, որ Հոնդուրասում ռազմական հեղաշրջմամբ ստեղծված իրավիճակի հետեւանքով հնարավոր է ՄԱԿ-ի ռազմական միջամտությունը: Հոնդուրասի նախագահ Մանուել Սելայան (նկարում՝ ձախից առաջինը), որին զինվորականները ուժով տեղափոխել են հարեւան Կոստա Ռիկա, հայտարարել է, որ հինգշաբթի օրը վերադառնալու է հայրենիք: Հայտարարվում է նաեւ, որ Սելայային ուղեկցելու ցանկություն են հայտնել Արգենտինայի եւ Էկվադորի նախագահները: Մյուս կողմից՝ իշխանությունը զավթած ուժերը պնդում են, որ նախագահի վերադարձի դեպքում նրան կձերբակալեն: Երկրում գործում են արտակարգ իրավիճակ ու պարետային ժամ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ պաշտոնանկ արած նախագահի կողմնակիցները խոստացել են չորեքշաբթի «ազգովի դիմավորել» Սելայային, երբ նա վերադառնա:
Ավելի վաղ՝ երեքշաբթի օրը, Հոնդուրասի մայրաքաղաք Տեգուսիգալպեում եւ երկրի այլ հիմնական քաղաքներում միաժամանակ անց էին կացվում թե գործող նախագահի կողմնակիցների եւ թե նրա հակառակորդների զանգվածային ցույցեր: Բարեբախտաբար, դրանք չեն վերածվել զանգվածային անկարգությունների: