Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ գործող նախագահը հայտարարում է

Հուլիս 02,2009 00:00

\"\"«Հայաստանն առանցքային դեր է խաղում Հարավային Կովկասում եւ ողջ ԵԱՀԿ տարածքում անվտանգություն եւ կայունություն խթանելու հարցում: Այս համատեքստում ողջունում եմ ՀՀ կառավարության ջանքերը՝ Թուրքիայի հետ երկկողմանի հարաբերությունները նորմալացնելու ուղղությամբ»,- ասվում է ԵԱՀԿ-ում նախագահող Հունաստանի արտգործնախարար Դորա Բակոյանիսի հայտարարության մեջ, որը տարածվել է նրա Հայաստան այցի նախաշեմին: «Իմ այցը Հայաստան՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահ, տեղի է ունենում մեր կազմակերպության համար բարդ մարտահրավերների եւ մեծ հնարավորությունների ժամանակաշրջանում:

Նախորդ շաբաթվա վերջին ԵԱՀԿ արտգործնախարարները, այդ թվում նաեւ իմ գործընկեր՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Հունաստանի նախաձեռնությամբ հանդիպեցին Կորֆու կղզում՝ եվրոպական անվտանգության ներկան եւ ապագան քննարկելու համար: Այս ոչ պաշտոնական հանդիպումը կարեւոր հնարավորություն էր մեզ համար՝ ընդհանուր մտահոգությունների վերաբերյալ մեր երկխոսությունը խորացնելու եւ 21-րդ դարի Եվրոպայի անվտանգության մարտահրավերներին առավել արդյունավետ արձագանքելու համար: Մենք պե՛տք է օգտագործենք այս պահը: Ձգձգվող հակամարտությունները շարունակում են ստվեր նետել մեր տարածաշրջանի վրա՝ մի փաստ, որի մասին բոլորդ քաջատեղյակ եք: Այնուամենայնիվ, այստեղ առաջընթաց է նկատվում: Նախքան Կորֆու ժամանելը, նախարար Նալբանդյանը եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ու Մինսկի համանախագահները հանդիպեցին Փարիզում: Միայն այս տարվա ընթացքում հինգ հանդիպում է տեղի ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ՝ այս հանդիպումից առաջ: Խրախուսելի են բանակցային գործընթացի վերջին զարգացումները եւ տեղի ունեցած կառուցողական քննարկումները: Այս քննարկումները դրական ընթացք են ստացել եւ դրանք շարունակելը կարեւոր է: Ես լիովին աջակցում եմ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին, ինչպես նաեւ իմ անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի՝ վստահության ձեւավորման աշխատանքներին: Սակայն շարունակում են մտահոգություն առաջացնել տեղի ունեցած միջադեպերը եւ ես կոչ եմ անում երկու կողմերին էլ՝ լիարժեք կատարել հրադադարի համաձայնության դրույթները եւ շփման գծից հեռացնել դիպուկահարներին, ինչպես առաջարկվել էր համանախագահների կողմից»,- ասվում է ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել