Կայացված որոշումը բխո՞ւմ է կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների շահերից
Օրերս «Առավոտը» 11 աշխատակիցների ստորագրությամբ նամակ-դժգոհություն ստացավ Հրազդանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ դպրոցից: Նամակում նշվում է. «2008թ. օգոստոսին Հրազդանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ (օժանդակ) դպրոցի աշխատակիցներս դիմել էինք հանրապետության նախագահ Ս. Սարգսյանին՝ սեփական ուժերով շինարարություն կատարելու համար թույլտվություն ստանալու խնդրանքով, քանի որ մինչ այդ մարզպետարանը հետեւողականորեն խոչընդոտում էր շինարարությանը: Գրությունը վերահասցեագրվել է ԿԳՆ-ին: Նախարարությունը Կոտայքի մարզպետարանի հետ որոշել է վրեժ լուծել այն բանի համար, որ կոլեկտիվը հանդգնել է նախագահին նամակ գրել եւ դուրս է եկել մարզպետի տիրույթից: Նախարարությունն ու մարզպետարանը շատ են մտածում, թե քիչ՝ դա էլ իրենք գիտեն, վերցնում են ու նպատակահարմար գտնում դպրոցը միացնել Վիլյամ Սարոյանի անվան Հրազդանի թիվ 11 միջնակարգ դպրոցին եւ ստեղծել ստորաբաժանում: Հրազդանի թիվ 11 միջնակարգ դպրոցի տնօրեն Մելսիկ Զաքարյանը հաստատում է, որ նախկինում իր դպրոցի ներսում ստորաբաժանում ստեղծելու հայտ չի ներկայացրել, ինչը նախատեսում է «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքի 5/3 կետը: ԿԳՆ-ն (կատարող՝ Նուրիջան Մանուկյան) միացման համար այդ հոդվածն է հարմար գտել: Ապշելու բան է: Այդքանով հանդերձ, ՀՀ կառավարությունը 2009 թ. մարտի 19-ին որոշել է միացնել երկու դպրոցները: Որոշման գործնական կիրառման ժամկետը վաղուց է անցել, բայց այն չի միացվել: Ինչո՞ւ: Որովհետեւ միացման անկյունաքարը ճիշտ չեն դրել, պատը փլվելու է: Մեր դպրոցի տնօրեն Ա. Գյուլումյանը հոգնել է պայքարելուց. մարդուն աջ ու ձախ կտտանքների են ենթարկում, իսկ մենք էլ, տեսնելով դպրոցի նկատմամբ մարզպետարանի նսեմացուցիչ ու հալածողական քաղաքականությունը, առանձնապես ոգեւորված չենք մինչեւ արյան վերջին կաթիլը պայքարելու, քանի որ մենք էլ ընտանիք ու երեխաներ ունենք: Մեզ այս աշխատանքում գուցե ոգեւորել ու խրախուսել էր պետք եւ ոչ թե անբարյացակամ վերաբերմունք վերադասի կողմից: Ամեն մեկս մեր գլխի ճարն ենք տեսնում ու աղոթում, որ հաշմանդամ երեխաներին դռնեդուռ չգցեն: Այս իրավիճակից, ինչպես մեր հանդիպման ժամանակ մարզպետարանի մի աշխատակից ասաց՝ միայն Աստված գլուխ կհանի»:
Նշված դժգոհությունների մասին «Առավոտը» պարզաբանումներ ստացավ ԿԳՆ հատուկ կրթության բաժնի պետ Նուրիջան Մանուկյանից: Նա նշեց. «Այդ դպրոց կոչվածը չի ունեցել շենք, շինություն, ուսումնական բազա, գիշերող երեխաներ, ունեցել է 20-30 երբեմն երթեւեկող երեխաներ: Բայց ունեին մանկավարժական կոլեկտիվ, տնօրեն, հաշվապահ եւ այլն: Հետո դպրոցը տեղավորվեց 11-րդ դպրոցում, դրան տրամադրվեց մի քանի սենյակ, եւ նրանք տնվորի կարգավիճակով հայտնվեցին այդ դպրոցում, չունեին լաբորատորիաներ, արհեստանոցներ: «Կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող անձանց մասին» օրենքը թույլ է տալիս, որ դպրոցում ստեղծվի ստորաբաժանում, որտեղ կարող են սովորել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ»: Պարոն Մանուկյանին մեջբերեցինք նամակի այն հատվածը, որտեղ ասվում էր, որ Մ. Զաքարյանը ստորաբաժանում ստեղծելու հայտ չի ներկայացրել: Ն. Մանուկյանն ասաց. «Նա չէր էլ կարող ներկայացնել: Կառավարությունը որոշում է կայացրել եւ վերացրել թիվ 1 դպրոց-միավորը, ու վերացման պայմաններում խնդիր է առաջացել այդ երեխաների համար ստորաբաժանում ստեղծել: Ուստի նրանց համար օգտագործվելու է դպրոցի ողջ նյութատեխնիկական բազան, այդ երեխաները շփվելու են իրենց հասակակիցների հետ, դուրս են գալու մեկուսացումից: Այսինքն՝ ամեն ինչ արել ենք, որ նրանք ինտեգրվեն»: Հետո էլ հիշատակեցինք նամակում նշված այն փաստը, որ 2009-ի մարտի 19-ի որոշումը դեռ չի կիրառվել: Պարոն Մանուկյանն էլ պատասխանեց. «Սեպտեմբերի 1-ին գործընթացը սկսվեց, սեպտեմբերի 10-ին նրանք դիմում էին գրել, որ դպրոցում պատեր շարեն, իրենք բանտարկվեն այդ պատերի մի անկյունում: Տնօրինությունը մերժել էր, նրանք էլ բողոքել էին նախագահի աշխատակազմ: Այնուհետեւ թիվ 1 դպրոցի տնօրեն Գյուլումյանը եկավ ինձ մոտ հաղթողի կարգավիճակով, ասելով՝ դիմեցի նախագահի աշխատակազմ, չեղյալ համարեցին մարզպետի եւ ձեր որոշումները»: Անդրադառնալով բուն հարցին՝ Ն. Մանուկյանն ասաց. «Ամբողջ նպատակը եղել է այն, որ գործընթացը կատարվի ուսումնական տարվա վերջում, որ չխաթարվի ուսման բնականոն ընթացքը, որ մանկավարժներն իրենց վերջնահաշվարկները ստանան: Ամեն ինչ ավարտված կլինի սեպտեմբերի 1-ին»: Հետո Ն. Մանուկյանը նկատեց. «Գյուլումյանը, նրա կինը, քենին փափուկ անկյուն են գտել, ոչ երեխա կա, ոչ ինչ, իրենց համար աշխատավարձ են ստանում, ապրում են: Ու երբ շատից-քչից արդար վճիռ ես կայացնում, ուզում ես, որ հաշմանդամ երեխան չշահարկվի՝ ըմբոստանում են»: Հետաքրքրվեցինք՝ գործընթացը ենթադրո՞ւմ է աշխատակիցների կրճատում, Ն. Մանուկյանը պատասխանեց. «Այդ ստորաբաժանումում տնօրեն, ուսմասվար չի լինի, լավագույն դեպքում կլինի ստորաբաժանման ղեկավար: Քանի որ դպրոցը պետական ոչ առեւտրային կազմակերպություն է, հաստիքացուցակը որոշում է դպրոցի տնօրենը, որը համաձայնեցնում է պետական լիազոր մարմնի հետ: Գյուլումյանն ուզում է տնօրեն մնալ, կինը՝ տեղակալ, նրանց ցավը դա է: Ախր անազնիվ ճանապարհներով մարդիկ ինչքա՞ն պիտի յոլա գնան»: