Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐՋՈՐՍՆԵՐԻՑ ՎԱԽԵՑԱԾ ՈԻՍՈԻՑՉՈԻՀԻՆԵՐ

Հուլիս 02,2009 00:00

\"\"Բաց նամակ Մեսրոպ Մաշտոցին

Սիրելի՛ Ուսուցչապետ։

Այս տարի՝ յամի Տեառն ՍԹ, Հայաստանում անցկացվեց հայոց լեզվի եւ հայ գրականության հերթական քննությունը։ Քո սրբալույս տքնանքով եւ սքանչելագործ աջով ստեղծված տառերով դպրոցների շրջանավարտներին տրվեցին ստուգողական աշխատանքներ, որ քո եւ քո աշակերտների սիրած արեւմտյան մշակույթի լեզվով հիմա թեստեր են կոչվում։ Տարբեր մասնագետների առաջարկած նախնական նյութերից կազմվել, խմբագրվել եւ սրբագրվել են 80 առաջադրանքներ, որոնց նպատակը եղել է համակողմանի ստուգման ենթարկել հայ աշակերտների ճանաչած իմաստնությունները եւ խրատները։

Բայց ահա քո շառավիղներից մի քանիսը՝ գերազանցապես ուսուցչուհիներ, անվերջ դժգոհում են, որ այդ թեստը վատն է եւ չարամիտ։ Այսօր ուզում եմ քեզ ներկայացնել նրանց բերած մասնագիտական փաստարկները, որ հրապարակել են «Առավոտ» օրաթերթի բաց նամակում (2009, հունիսի 10):

Դժգոհում են, որ թեստի «հարցադրումներն ավելի շատ «սխալով ուսուցման» մեթոդով են կազմված, որը վաղուց մերժել է մանկավարժությունը»: Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե երբ է եղել այդ մերժումը: Բայց հիշում եմ, որ դու մի որոշ ժամանակ քո աշակերտներին ուսուցանեցիր դանիելյան նշանագրերով եւ տեսար, որ սխալ եւ թերի են: Եթե սովորեցնելիս այդ սխալները չտեսնեիր, կգտնեի՞ր ճիշտ եւ ամբողջական տառերը: Հիմա էլ աշխարհում՝ զարգացած արեւմտյան երկրներում, դասավանդման եւ ստուգման մեծագույն մասը արվում է թեստերով, որոնց մեջ կա՛մ չորս պատասխաններ են (երեքը՝ սխալ, մեկը՝ ճիշտ), կա՛մ մեկ պատասխան («ճիշտ է» կամ «սխալ է»): Այսինքն՝ քո օրերից մինչեւ օրս սխալով ուսուցումը ընդունված ձեւ է:

Բացի այդ՝ մեր թեստը կազմվել է մի ուղեցույցի հիման վրա, որի մեջ հենց սխալը ճշտից զատելն է գլխավոր սկզբունքը: Ընդ որում, ուսուցչուհիները շատ լավ իմացել են ուղեցույցը, չեն դժգոհել նրա սկզբունքներից, իսկ թեստերից դժգոհում են:

Մտածում եմ, որ ամբողջ կյանքը հայ դպրոցին նվիրած անձինք կարող են եւ դժգոհել ու բողոքել, եթե քննական առաջադրանքները լինեն մասնագիտորեն արատավոր: Բայց խոտելին այն է, որ արատներ նշելու փոխարեն նրանք ներկայացնում են անհիմն մեղադրանքներ, այն էլ հաճախ կոպիտ սխալներով եւ նենգափոխումներով: Հիմա ես նրանց մեղադրանքներին պատասխանում եմ իրենց իսկ ներկայացրած թվահամարներով:

1. Ասում են՝ հենց առաջին հարցի մեջ դրել եք քսան բառ: Այնինչ, իրականում թեստում դրված է տասնվեց բառ: Պարզ ասած՝ սուտ են ասում, որ վերջում տպավորություն առաջանա, որ թեստը վատն է: Կարծում եմ՝ դիտավորություն է, որովհետեւ վաստակավոր եւ բազմամյա ուսուցիչները (չորսից մեկն էլ լեզվաբանական համալսարանի դասախոս է) երեւի թե մինչեւ քսանը հաշվել գիտեն:

Չմոռանանք նաեւ, որ սա 21- րդ դարն է, որն ունի համակարգիչ եւ հաշվողական տեխնիկա: Բոլորը գիտեն, որ սխալ կամ վատ հարցին քչերը ճիշտ կպատասխանեն: Ամեն անգամ ես կնշեմ, թե իրենց քննադատած հարցերից որին որքան դիմորդ է ճիշտ պատասխանել: Եվ ուրեմն, Ա 1 հարցին ճիշտ է պատասխանել 12 000 դիմորդների 75%-ից ավելին՝ մոտ 9000 երեխա:

2. Դժգոհում են, թե ինչու դիմորդը հնչյունափոխությանը վերաբերող Ա 8 առաջադրանքին պատասխանելիս «16 բառ բառակազմորեն վերլուծելուց հետո միայն պիտի գտնի այն բառերը, որտեղ երկուսից ավելի հնչյունափոխություն կա, ի դեպ, այդ թվում եւ հնչյունի սղում եւ գաղտնավանկի ը-ի»:

Այստեղ միանգամից մի քանի նենգափոխում եւ սխալ կա: Առաջադրանքը հնչյունափոխական է եւ ոչ բառակազմական, թեեւ լավ ուսանած աշակերտը լավ գիտի նաեւ բառակազմություն: Բացի այդ՝ Ա 8-ի պահանջն է՝ «Ո՞ր շարքի բոլոր բառերում հնչյունափոխություն կա»: Երկու հնչյունափոխության մասին միտքը ներմուծել են նենգամտորեն, որովհետեւ 16 բառերից միայն մեկում կա երկու հնչյունափոխություն: Իսկ «հնչյունի սղում եւ գաղտնավանկ ը-ի» արտահայտությունը, որ հնչեցնում են իբրեւ մեղադրանք, չիմացությունից ավելի դարձյալ ստորակարգ վերագրում է՝ ղեկավարությանը եւ ընթերցողներին հավատացնելու, որ թեստում ինչ-որ վատ բան կա: Թեստը կազմվել է դպրոցական դասագրքերին եւ ծրագրերին համապատասխանեցնելու չափանիշով:

Իսկ դասագիրքը «Հնչյունափոխություն» վերնագրի ներքո տալիս է հստակ սահմանում. «Ձայնավորների ու երկհնչյունների փոփոխությունը կամ սղումը կոչվում է հնչյունափոխություն» (Է. Աղայան, Հ. Բարսեղյան, Հայոց լեզու, 4-րդ դ., 1998, էջ 35): Հետեւաբար սղումը նույնպես հնչյունափոխություն է. բոլոր սղումների մասին դասագիրքը հաջորդող էջերում տալիս է կանոններ եւ վարժություններ, իսկ գաղտնավանկ ը-ի մասին 39-րդ էջում կա առանձին թեմա: Մինչդեռ նամակագիրները այդպիսի ահազդու ոճով են գրում սղման մասին, որ մարդիկ կարծեն, թե ինչ-որ ահավոր բան է կատարվել:

Ա 8-ը անթերի, ճշգրիտ առաջադրանք է, որին ճիշտ են պատասխանել 7200-ից ավելի դիմորդներ: Այս թվերին նայելով՝ մարդ կարող է մտածել, որ բաց նամակը ստորագրողները ոչ թե առարկան իմացող 7200 երեխայի, այլ չիմացող 4800-ի կողմնակիցն ու դատապաշտպանն են:

3. Հաջորդը Ա 30 առաջադրանքն է, որ վերաբերում է շարադասական սխալին: Դժգոհում են, որ «մեկ նախադասության փոխարեն տրված է հինգ նախադասություն, ըստ որում՝ մի նախադասությունը՝ բազմաբարդ»: Բայց չէ՞ որ անցյալ տարվա թեստում արդեն եղել է չորս նախադասություն. ինչպե՞ս է հնարավոր, որ չորս պատասխան ունեցող թեստում դիմորդը որոշի՝ մեկ նախադասության շարադասությունը ճի՞շտ է, թե՞ սխալ: Սա արդեն կատարյալ անհեթեթություն է:

Անհիմն ու զավեշտալի է որպես մեղադրանք նշվող այն միտքը, թե ինչու են «բարդ նախադասության շարադասական սխալը եւ որոշիչ-որոշյալի շարադասական սխալը նույն հարթության վրա» ստուգվում (իրենք գրում են՝ «ուսումնասիրվում»): Շատ հասկանալի պատճառով. դպրոցական դասագրքերում կա եւ՛ որոշիչ-որոշյալի շարադասությունը, եւ՛ բարդ նախադասության շարադասությունը (Ֆ. Խլղաթյան, Հայոց լեզու, 8-րդ դ., 1999, էջ 23, 44 – 45), եւ ոչ մի անձի (կամ անձերի խմբի) գործը չէ արգելել ծրագրային այդ նյութի ներմուծումը քննական թեստ: Ավելացնեմ նաեւ, որ բարդ նախադասության շարադասությունը երեք օրինակով ընդգրկված է եղել նաեւ անցյալ տարվա քննական թեստում (լրացուցիչ քննություն, Բ 16), եւ այդ առիթով ոչ մի դժգոհություն չի եղել:

Այսպիսով, Ա 30-ը անսխալ, ճշգրիտ, հիմնավոր առաջադրանք է, որին ճիշտ են պատասխանել արդեն դիմորդների մեկ քառորդից ավելին՝ ավելի քան 3000 երեխա: Այս թիվը առավել եւս տպավորիչ է, որովհետեւ Ա 30-ը ձեւակերպված է «քանիսո՞ւմ սխալ կա» հարցով, որ սարսափեցրել է հայրենի մասնագետներին այնքան, որ, փաստացի ՍԽԱԼ չգտնելով թեստում, նենգամտորեն դավում են հարցին ճիշտ պատասխանած 3000 դիմորդին եւ անցնում սխալ պատասխանած 9000-ի կողմը:

4. Նամակագիրներին վրդովեցրել է, որ «փոխակերպման սխալը գտնելու համար նորից առաջադրված են հինգ նախադասություններ»: Նրանք սա մեծ թակարդ են համարում, բայց իրենք են դիմում նենգության եւ սուտ մատնության: Նախ՝ հինգ նախադասություն տրված է Բ մակարդակում (սա դժվար հարցերի բաժինն է), իսկ Ա 32՝ փոխակերպմանը վերաբերող առաջին առաջադրանքում տրված է չորս նախադասություն: Թեման իմացող դիմորդի համար մեծ տարբերություն չկա՝ տրվում է մեկ նախադասություն՝ չորս լուծումներով, թե չորս նախադասություն՝ մեկական լուծումներով: Ի վերջո, նյութը նույնն է, իսկ թեստը գոնե ինչ-որ չափով չպիտի՞ զարգանա, նույն հարցի (տվյալ դեպքում՝ փոխակերպման) սահմաններում գոնե մի քիչ էլ չպիտի՞ ստուգի դիմորդի մտածելու ունակությունը: Եվ ահա ձեւափոխված Ա 32-ին (որ շրջանցում են) ճիշտ է պատասխանել դարձյալ մոտ 5000 երեխա, իսկ Բ 70 դժվար, մրցութային հարցին՝ արդեն մոտ 2500-ը: Եվ ահա 2500 երեխայի ճիշտ պատասխանած առաջադրանքը վարկաբեկելու համար փորձում են (ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ) թեստում մասնագիտական ՍԽԱԼ գտնել եւ ընկնում են իրենց իսկ ասած մեծ թակարդը:

Մեջբերում. «Հինգերորդ նախադասության մեջ սխալը «ուշքի գալով» դարձվածքի փոխակերպումն է: Ովքեր բախտ են ունեցել Գ. Ջահուկյանի սանը լինելու, գիտեն, որ դա եւս փոխակերպում է»:

Սա արդեն կատարյալ տգիտություն է: «Ուշքի գալով»-ը դարձվածք է, կայուն բառակապակցություն կամ հարադիր բայ, որ ՄԵԿ ԲԱՌ է, ոչ թե դերբայական դարձված: Ուսուցչուհիները ճիշտ են համարում, որ այն կարող է փոխակերպվել երկրորդական նախադասության («Երբ ուշքի եկավ»), ինչպես թեստում է: Ընդ որում, այս անմտության այլ հիմնավորում չեն գտել, քան մեծ լեզվաբան Գ. Ջահուկյանի … անունը: Անունը, ոչ թե որեւէ գիտական աշխատությունը: Հանուն արդարության ասեմ, որ այս առաջադրանքում տեղ է գտել ձեւակերպման թեթեւակի թուլություն (բայց ոչ սխալ), եւ եթե դա՛ նկատեին, կլիներ բնական: Բայց ակնհայտ սխալը որպես ճիշտ ներկայացնելը արդեն աններելի է:

4-րդ դիտողության վերջում քննադատները գրում են, թե «նման բարդացումներ նկատելի են շատ հարցերում, եւ նշում են 9 առաջադրանք, որոնցից ՉՈՐՍԸ արդեն «քննադատել» (Ա 8, Ա 30, Բ 70), կամ սխալ տվյալով ակնարկել են (Ա 32) նախորդ երեք կետերում: Այսինքն՝ վատ թեստի «կերպարը» թանձրացնելու համար, արդեն իրենց կրկնելով, նշում են, որ մոտ 10 առաջադրանքներ բարդ են:

Բա՞րդ են, թե՞ սխալ: Բարդ լինելու մասին կարելի է կարծիք հայտնել, դժգոհել, բայց բարդ լինելու համար մեղադրա՞նք են առաջադրում: Որքանո՞վ է սա բարոյական: Այս հարցին դեռ կանդրադառնամ վերջում, իսկ հիմա շարունակեմ դիտողությունների շարքը: Հաջորդը մեջբերում եմ ամբողջությամբ:

5. «Դպրոցական ծրագրով գոյականն ունի յոթ հոլով, մինչդեռ Բ 64-ի հարցադրումը տրվում է հինգ հոլովով»: Սուտ է, անպատկառ զրպարտություն, որովհետեւ Բ 64-ի պահանջում տրական հոլովի հետ միասին, նրանից առաջ նշված է ՍԵՌԱԿԱՆԸ, այսինքն՝ հարցադրումը տրված է ՅՈԹ հոլովով: Հինգ եւ յոթ հոլովների հարցը մի դարից ավելի այնքան է արծարծվել, որ սա կհասկանա ամեն մի աշակերտ, ամեն մի հայ, էլ չեմ ասում (ամոթ է ասել) ամեն մի մասնագետ:

Ի դեպ, տարօրինակ թվային զուգադիպությամբ, Բ 64 հարցին ճիշտ է պատասխանել դիմորդների մոտ 64%-ը, այսինքն՝ շուրջ 7600 հոգի:

6. Սա առանձնահատուկ դեպք է: Դիտողություն անելու փոխարեն սուտ եւ նենգ հռետորական հարց են տալիս. «Ո՞ւմ դիմենք, որ մեզ բացատրի Բ 67 հարցի իմաստը՝ քանի՞սն են նախադասություն»: Ոչ ոքի դիմելու կարիք չկա. հարցը ձեւակերպված է՝ «Ընդգծվածներից քանի՞սն են նախադասություն», որ տառացիորեն համապատասխանում է ուղեցույցին (էջ 65, Բ 67): Ճիշտ նույն պահանջով հարց է եղել անցյալ տարվա՝ իրենց հավանած քննական թեստում (լրացուցիչ քննություն, Բ 17): Դիմորդը այս առաջադրանքով պիտի որոշի, թե ընդգծված միավորներից քանիսն են նախադասություն՝ լիակազմ, թերի կամ միակազմ, եւ պատրաստված դիմորդը հանգիստ որոշում է, քանի որ նախադասության մասին գիտելիքներ է ստացել ամբողջ երկու տարի՝ 7-8-րդ դասարաններում:

Բ 67՝ ուսուցիչ – դասախոսներին անհասկանալի հարցին ճիշտ է պատասխանել ավելի քան 3000 երեխա: Այսինքն՝ 16 տարեկան առնվազն 3000 երեխա գիտե այն, ինչ չգիտեն կրքերով կուրացած երեք ուսուցչուհի եւ մեկ գիտության թեկնածու:

Մեջբերում ուսուցիչների նամակից. «Տասնութ: Թվական կյանքի:

Աղավաղված է բնագիրը: Չարենցի մոտ դա «Թվական հրի» միակազմ նախադասությունն է, որը խիստ հասկանալի է, իսկ հարցը՝ ոչ»:

Մեջբերում Չարենցի «Չարենց-նամե» պոեմից.

Տասնութ:

Թվական կյանքի:

Իրիկուն: Վերադարձ: Առավոտ:

Ազատվեց հին կապանքից

Հոգիս՝ վիթխարի ցավով:

Տասնութ:

Թվական հրի:

(Ե. Չարենց, Երկերի ժողովածու, հ. 2, Ե., 1963, էջ 166)

Ի՞նչն է աղավաղված: Աղավաղված մի բան կա, բայց դա ո՛չ Չարենցի բնագիրն է, ո՛չ քննական թեստը: Աղավաղված են հայերենի մասնագետ կոչվածների հոգիներն ու ուղեղները, որոնցով փորձում են հիմարի տեղ դնել հազարավոր մարդկանց՝ բյուրեղյա ճշմարտությունը ներկայացնելով որպես սուտ: Արդեն ավելորդ է ասել, որ «Տասնութ: Թվական կյանքի» անդեմ նախադասությունները նույնությամբ տրված են դպրոցական հին դասագրքում (Սերգեյ Աբրահամյանի), որով տասնամյակներ շարունակ սերունդներ են կրթել այս աղավաղվածները, փոխանակ իրենք կրթվեին:

7. Եվ այսպես, 22 մեծադիր էջերից կազմված թեստ – գրքույկում ՄԵԿ ՀԱՏԻԿ սխալ չգտնելով՝ մի վրիպակ են գտնում Ա 28-ում, որ իրականում, ինչպես բացատրվել է առերես, դիմորդների շահերից բխող նպատակահարմար ձեւակերպում է, որի շնորհիվ այդ հարցին ճիշտ է պատասխանել դիմորդների … 93 տոկոսը: Իսկ բողոքարկել է այդ հարցը …. 0 դիմորդ:

Ուրեմն՝ ոչ մի դիմորդ չի բողոքարկել, իսկ իրենք ԿԳ նախարարին ուղղված բաց նամակում չեն խորշում անհարկի, դուրսպրծուկ պիտակավորումից:

Գրականության հարցերին պետք է անդրադառնամ առանձին բաց նամակով, ուստի ամփոփեմ այստեղ ասվածը: Ոչ մի սխալ, ոչ մի վրիպակ, ոչ մի աղավաղում չգտնելով թեստում՝ նամակագիրները միայն մտացածին «բարդացումներ» հիմնավորմամբ մի երկար պարբերությամբ վիրավորում են թեստ կազմողների ԱՆՁԸ:

Աստված իրենց հետ, սիրելի՛ Ուսուցչապետ:

Բայց ո՛չ: Մինչեւ վերջացնելը հիշեցի, որ դիտողությունների թվարկումից անմիջապես առաջ նամակագիրները գրում են, որ այս տարվա թեստում հանդիպել են, ծուղակներից բացի, նաեւ «որոգայթների, նույնիսկ արջորսների»: Ի՞նչ նկատի ունեն վախեցած այս տիկնայք:

Ծուղակ-որոգայթ-արջորս շարքը հուշում է, որ, ըստ իրենց՝ թեստում գտել են արջ որսալու թակարդներ: Դու էլ կվկայես, որ սա սակավամտություն է, որովհետեւ քո օրերից ցարդ հայերենի ԲՈԼՈՐ բառարանները անխտիր ԱՐՋՈՐՍ բառը բացատրում են որպես «արջ որսացող» մարդ: Մի՞թե նրանք կարծում են, որ հայերենի թեստում կան արջ որսացող որսորդներ: Ես ավելի հակված եմ մտածելու, որ նրանք՝ ուրիշին, անմեղ եւ անսխալ մարդուն ոչնչացնելու ելած այդ կանայք, պարզապես չգիտեն «արջորս» բառի իմաստը: Իրենց երկրորդ բաց նամակում նրանք խոսում են ընդամենը երեք-չորս բառերի մասին (իբրեւ մասնագիտական հիմնավորում) եւ դրանց իմաստն ու էությունն էլ չգիտեն:

Բայց այդ մասին՝ արդեն ուրիշ նամակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել