Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հուլիս 02,2009 00:00

ԿՐԱԿԵԼ ԵՆ ԵՎ ՍՊԱՆԵԼ

Երեկ Ալավերդիում, Զորավար Անդրանիկի փողոցի 18 շենքի մոտ հրազենից կրակել են Մոսկվայից վերադարձած 30-ամյա Կարեն Սոխակյանի «Կրայսլեր 300Ե» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Վերջինս ստացել է վնասվածքներ, իսկ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Սոխակյանը մահացել է:

«Առավոտի» տեղեկություններով, երեկ մեղայականով ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժին է ներկայացել Սարահարթ թաղամասի 18 շենքի բնակիչ Սպարտակ Մանուչարյանը, որը, ըստ նախնական լուրերի, հանցաշխարհում հայտնի հեղինակություն է եւ նույնպես կապեր ուներ Մոսկվայում:

ՀԵՏ ՉԵՆ ՄՆՈՒՄ

Սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններով հետաքննության եւ նախաքննության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքներով պարզվել էր, որ 2004-2008թթ. ԱՊՀ երկրների մեջ 100 000 բնակչին բաժին ընկնող նշված հանցագործությունների միջին առավելագույն ցուցանիշ է արձանագրվել Ռուսաստանում՝ 12.7 դեպք:

Հայաստանում 2004թ. արձանագրվել է այդ բնույթի 48, 2007թ.՝ 33, 2008-ին՝ 63 դեպք:

ԳՈՒՄԱՐԸ՝ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ

Քրեակատարողական ծառայությունը եւ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը կազմակերպել են դատապարտյալների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որը տեղի կունենա հուլիսի 5-ին, ժամը 12-ին՝ Երեւանի Էրեբունի համայնքի մշակույթի կենտրոնում (հասցե՝ Էրեբունի պողոտա 15):

Ցուցահանդես-վաճառքի բացման արարողությանը ներկա կլինեն Հայաստանի արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, Քրեակատարողական վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Աշոտ Գիզիրյանը: Ցուցահանդեսը կգործի հուլիսի 5-12-ը, ժամը 11-19-ը, ողջ հասույթը կփոխանցվի դատապարտյալներին:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏ ՀԱՄԱԿԱՐԳ ԴԱՀԿ-ՈՒՄ

«Մեդիամաքսի» փոխանցմամբ, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում ավտոմատացվել են ներքին փաստաթղթաշրջանառությունը եւ հաշվառումը: Ծառայության արխիվի արդյունավետ կառավարման նպատակով ստեղծվել է վարույթների էլեկտրոնային շտեմարան, որը հնարավորություն է տալիս ցանկացած գործ գտնել վայրկյանների ընթացքում:

ԴԱՀԿԾ-ում ներդրվում է հարցումների ավտոմատ համակարգ, որի միջոցով հարկադիր կատարողները հնարավորություն կստանան ավտոմատ կերպով հարցում ուղարկել գրեթե երեք տասնյակ կազմակերպությունների՝ պարտապանների բանկային հաշիվների, արժեթղթերի կամ գույքի վերաբերյալ պարզաբանումներ կատարելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել