Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏՐԱՆՍՊՈՐՏՆԻԿՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է

Հուլիս 02,2009 00:00

Օրերս «Առավոտի» խմբագրություն էր դիմել տրանսպորտի ոլորտում երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող ինժեներ Էդիկ Համբարձումյանը՝ իր անհանգստությունը հայտնելով մայրաքաղաքի հետագա ճակատագրի վերաբերյալ. «Ես ծնվել եւ մեծացել եմ Երեւանում, ուստի նրա հետագա ճակատագիրն ինձ անհանգստացնում է: Երեւանի գլխավոր հատակագիծը նախատեսված է մինչեւ 2020 թիվը: Ես գտնում եմ, որ այս ժամանակը շատ կարճ է քաղաքի հետագա կառուցման համար: Պետք է վերցնել առնվազն 2040 թիվը, որի ընթացքում էլ քաղաքի բնակչությունը կկրկնապատկվի, մինչ այդ թիվը Հայաստան կներմուծվի մոտ մեկ միլիոն ավտոմեքենա, ուստի քաղաքը պետք է կառուցվի՝ հաշվի առնելով այդ բոլոր հանգամանքները: Ես երկար տարիների տրանսպորտնիկ եւ ինժեներ եմ, եւ կարծում եմ, որ Սարալանջ-Մոնումենտ ճանապարհը պետք է կառուցվեր օդային տարածքով: Այսօր հրամայական պահանջ է փողոցները հանել 2-րդ հարկ, դրանով կտնտեսենք հարյուրավոր հեկտար հող: Ուզում եմ քաղաքապետի ուշադրությունը դարձնել Աջափնյակ-Դավիթաշեն մետրոյի կառուցմանը: Նպատակահարմար է, որպեսզի այն կառուցվի օդային տարածքով, որը ավելի էժան կլինի, քան գետնի տակով: Երեւանը այլեւս ընդարձակվելու տեղ չունի: Հետո ուզում եմ նշել կառուցման կուլտուրայի մասին: Վերջերս ցույց տվեցին Աստանա քաղաքի հատակագիծը. բոլոր բարձրահարկ շենքերը կենտրոնացված էին մի տեղ, համարյա քաղաքի ծայրամասում, իսկ մեզ մոտ նայեք՝ ինչպես են կառուցում բարձրահարկ շենքերը: Կամ օպերայի տարածքում կառուցում են 500 տեղանոց ավտոկայանատեղի, բայց հաշվի չեն առնում, որ օպերայի տարածքը հանդիսանում է հանգստյան գոտի եւ այդ մեքենաների արտանետած գազերը կվնասեն մարդկանց առողջությունը: Ինձ խիստ մտահոգում է նաեւ այն, թե նորընտիր քաղաքապետն ինչպես պետք է աշխատի ավագանիների հետ. նրանցից գրեթե ոչ ոք չունի արտադրության կամ քաղաքաշինության փորձ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել