Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՉԷ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Հուլիս 02,2009 00:00

\"\"Արդարադատության նախարարության «Վարդաշեն» ՔԿՀ դատապարտյալները երեկ «Առավոտին» փոխանցեցին այն նամակ-դիմումը, որը ուղարկել են ՀՀ նախագահին՝ հունիսի 19-ի համաներման ակտի կապակցությամբ:Ստորեւ տպագրում ենք դատապարտյալների պահանջն ամբողջությամբ:

«Մեծարգո պարոն նախագահ: Հայտնում ենք Ձեզ մեր շնորհակալությունն ու գոհունակությունը, Ձեր կողմից կատարված մարդասիրական քայլի՝ համաներում հայտարարելու կապակցությամբ:

Արդարադատության նախարարության «Վարդաշեն» ՔԿՀ-ում ներկայումս գտնվում են դատապարտյալներ, որոնց վրա համաներումը տարածվում է, սակայն այն չի կիրառվում: Այն կապված է համաներման ակտի 8-րդ կետի՝ կատարված հանցագործությամբ պատճառված նյութական վնասը չվերականգնելու խնդրի հետ:

Նշված կետը կոպտորեն խախտում է ՀՀ սահմանադրությունն ու ՀՀ օրենքները:

Մեզանից շատերը դատավճիռներով ճանաչվել են սնանկ, ՀՀ ԴԱՀԿ ծառայությամբ ավարտվել է կատարողական վարույթները կամ դրանք կասեցվել են: Նշված կետից պարզ է դառնում, որ ՀՀ-ում կայացված դատարանների վճիռները, որոնք պարտադիր են կատարման, չեն կատարվում համաներման ակտի 8-րդ կետով, ինչպես նաեւ ոչ մի երկրում կամ համաներման ակտերում պետությունը դատապարտյալի հետ չի մտնում շուկայական հարաբերությունների մեջ: Հանցագործություն կատարած անձի դեմ դրվում է պայման, թե քեզ համաներում կշնորհվի, եթե դու վերականգնես պատճառած նյութական վնասը: Վերջիվերջո, գտնվելով ազատազրկման մեջ, ինչ պայմաններով եւ կամ ինչպես պետք է դատապարտյալը վերականգնի պատճառված վնասը:

ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս քրեական վարույթից տարանջատել քաղաքացիաիրավական վարույթը, ուղարկել վարչական դատարան, վարչական դատարանն էլ լուծի քաղհայցի հարցը եւ մեր հանդեպ կիրառվի համաներում:

Համաներման ակտն ինքն իրենով մարդասիրական քայլ է հանցագործություն կատարած անձին ներելու եւ հասարակությանն ինտեգրելուն ուղղված, այլ ոչ թե պայմանագիր դատապարտյալի եւ պետության միջեւ:

Դիմելով Ձեզ, խնդրում ենք Ձեր միջամտությունը նշված հարցը ՀՀ սահմանադրությամբ եւ ՀՀ օրենքներով լուծելու:

Նախապես հայտնում ենք մեր շնորհակալությունը, ակնկալելով, Ձեր մեծահոգությունը:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը:

Հովհաննես Բաղդասարյան, Վահե Բեկնազարյան, Վաղարշակ Քյարունց, Հովհաննես Տեր-Հարությունյան, Սարգիս Բաբայան, Հովհաննես Ֆիդանյան

«Վարդաշեն» ՔԿՀ դատապարտյալներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել