Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ» ԱՅՆՔԱՆ ԷԼ «ՇՏԱՊ» ՉԻ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ

Հուլիս 02,2009 00:00

\"\"Նման դժգոհություն են հայտնում այդ ծառայությունից օգտվողները

«Բնակչության առողջապահական կուլտուրան բարձրացել է: Նախորդ 5 տարիների համեմատությամբ՝ այժմ հաճախ են դիմում բժշկի: «Շտապօգնություն» են կանչում նույնիսկ հարբուխից կամ մրսածությունից ջերմության առկայության դեպքում՝ ասելով, որ դա խիստ անհանգստացնում է իրենց: Սակայն մրսածության պարագայում մենք ավելին չենք կարող անել, քան այդ պահին ջերմիջեցնող կամ հանգստացնող դեղ տալը»,- «Առավոտի» հետ զրույցում այսպես պատասխանեցին մեր հարցին «Շտապօգնության» աշխատակիցներից ոմանք, երբ նրանց փոխանցեցինք ահազանգերին ուշ արձագանքելու վերաբերյալ քաղաքացիների դժգոհությունները: Մեզ հետ զրույցում մի կին, որը չցանկացավ ներկայանալ, պատմեց, թե ինչպես է վերջերս ականատես եղել «Շտապօգնության» ուշ արձագանքմանը, ինչի հետեւանքով լրացուցիչ «զոհեր» են եղել: Նրա խոսքերով. «Վերջերս կենտրոնի թաղամասերից մեկում նոր սուպերմարկետ էր բացվել, որի ցուցանակի «Ս» տառը, ըստ երեւույթին, լավ չէր ամրացված եւ ընկավ սուպերմարկետի հաճախորդներից մեկի պարանոցին: Տղամարդը հարվածի ուժգնությունից ուշաթափվեց, եւ ես անմիջապես «շտապօգնություն» կանչեցի: Մինչ այն կժամաներ, հավաքված մարդիկ, այդ թվում նաեւ ես, փորձում էինք ուշքի բերել այդ տղամարդուն: Սուպերմարկետի աշխատակիցներից մեկը շտապում էր սառը ջուր հասցնել տղամարդուն ուշքի բերելու համար եւ չէր նկատել, որ խանութի թափանցիկ դռները փակ են եւ արագության տակ հարվածեց դռներին ու վայր ընկավ՝ թափելով ձեռքի ջուրը: Սուպերմարկետի մեկ այլ աշխատող վազեց, որ օգնի ընկածին ու սայթաքելով՝ ընկավ, քանի որ սալահատակը թաց էր. նա էլ կոտրեց ձեռքը: Այս դեպքերից մոտ 15-20 րոպե հետո միայն «շտապօգնությունը» ժամանեց, երբ մենք արդեն հասցրել էինք ուշքի բերել այն տղամարդուն, որը ուշաթափվել էր, ոտքի կանգնեցնել այն կնոջը, որը շտապում էր ջուր հասցնել տուժածին, միայն մնացել էր ձեռքը կոտրողին գիպս դնելը, եւ նրանք շարունակեցին մեր կիսատ թողած գործը՝ նրան տեղափոխելով հիվանդանոց»:

Ի տարբերություն «Շտապօգնության»՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի «Անհետաձգելի բուժօգնություն» ծառայությունը ստանում է առավել մեծ բարդություններ ներկայացնող կանչեր: Այս բաժանմունքը սպասարկում է ոչ միայն Երեւան քաղաքը, այլեւ ՀՀ բոլոր մարզերը: «Մենք սպասարկում ենք ՀՀ բոլոր մարզերը, Երեւան քաղաքը, Լեռնային Ղարաբարի Հանրապետությունը, ինչպես նաեւ Վրաստանը: Մեր ծառայությունները, իհարկե, վճարովի են եւ մեզ ավելի շատ դիմում են այն ժամանակ, երբ հիվանդի վիճակը շատ ծանր է, կամ երբ նրան այլ հիվանդանոցներում չեն կարողացել տալ այն բուժօգնությունը, որը կարող ենք տալ մենք: Սա ունի իր օբյեկտիվ պատճառները, որոնցից ամենագլխավորը տեխնիկական հագեցվածության խնդիրն է: Շատ են դեպքերը, երբ դիմում են տեղափոխման համար, քանի որ «Էրեբունու» այս ծառայությունը միակն է, որը կարող է անհրաժեշտ բուժօգնություն ցույց տալ նաեւ ճանապարհին»,- ասաց «Անհետաձգելի բուժօգնության» աշխատակազմի ղեկավար Տիգրան Խուդավերդյանը:

«Անհետաձգելի բուժօգնության» ծառայության ավագ բուժքույր Զինա Լսկավյանի խոսքերով՝ «Էրեբունի» բուժկենտրոնում մեր բաժանմունքը գործում է 2002թ. սկսած, փորձը ցույց է տալիս, որ մեզ դիմում են հիմնականում ծանր դեպքերում, երբ այլ հիվանդանոցներից հույսները կտրած են լինում: Այս հանգամանքը մի փոքր բարդացնում է մեր աշխատանքը, բայց մենք ունենք բոլոր միջոցները հիվանդին անհրաժեշտ եւ բավարար օգնություն ցույց տալու համար: Յուրաքանչյուր օր մեզ մոտ աշխատում է 4 անձնակազմ՝ ընդհանուր (գծային), ռեանիմացիոն (վերակենդանացման), կարդիոռեանիմացիոն եւ վիրաբուժական: Յուրաքանչյուր տարի միջին հաշվարկով մենք ունենում ենք մոտ 4000 կանչ»:

Կարդիոռեանիմացիոն անձնակազմի սրտաբան Տիգրան Պողոսյանի հավաստմամբ՝ «Բնակչության շրջանում առավել տարածված են սրտային հիվանդությունները, ինչը ապացուցում են նաեւ անցյալ տարվա վիճակագրական տվյալները, ըստ որի՝ 15-ական տոկոս կազմել են ընդհանուր եւ վիրաբուժական ուղղվածության կանչերը, 25%՝ ռեանիմացիոնը եւ 45%՝ կարդիոռեանիմացիոնը, որից մոտ 30%-ը տղամարդիկ են, մնացած 15%-ը՝ կանայք: Ցավալին այն է, որ հիվանդությունը երիտասարդացել է. եթե մի քանի տարի առաջ սրտային հիվանդություններ հանդիպում էին 40 եւ ավելի տարեկան մարդկանց մոտ, ապա հիմա նվազագույն տարիքը 25-ն է: Սրա հիմնական պատճառներից մեկը ծխախոտի չարաշահումն է եւ նստակյաց ապրելակերպ վարելը»:

Ըստ աշխատակազմի ղեկավար Տիգրան Խուդավերդյանի՝ բաժանմունքը համագործակցում է Երեւանի բոլոր հիվանդանոցների հետ, այդ թվում՝ նաեւ «Շտապօգնության» հետ: «Երբ լինում են դեպքեր, որոնք մեր սպասարկման շրջանակներից դուրս են, միեւնույն է, մենք արձագանքում ենք, ինչպես, օրինակ՝ մանկական կանչերը, որոնք մեծ մասամբ սպասարկում են մանկական հիվանդանոցների «շտապօգնությունները»: Բայց եթե բանը հասել է նրան, որ մեզ են դիմել, մենք մեզ պարտավորված ենք զգում անհրաժեշտ բուժօգնությունը ցույց տալու: Լինում են նաեւ դեպքեր, երբ «Շտապօգնությունը» ինքն է մեզ դիմում, որ փոխարինենք իրեն»,- ասաց Տ. Խուդավերդյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել