Շատ այլ կառույցների թվում, Վերահսկիչ պալատը ստուգել է նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնանաժողովի 2007-2009 թթ. ֆինանսատնտեսական գործունեությունը: Հունիսի 30-ին լրագրողներին ներկայացրած Վերահսկիչ պալատի հաշվետվության համաձայն, հանձնաժողովի նկատմամբ արձանագրել են 444 մլն 240 հազար դրամ լրացուցիչ բյուջե մուտքագրվող գումարներ: Դրանք այն գումարներն են, որոնք չեն գանձվել ռադիոհաճախականությունների օգտագործման համար, արբանյակային (ինտերնետ) կապի ծառայության համար (41,1 մլն դրամ), ռադիոմոդեմային կապի համար (14 կազմակերպությունների գծով՝ 337 մլն դրամ) եւ այլն: Թեեւ Վերահսկիչ պալատի խորհրդի նիստի ընթացքում վստահեցվեց, որ հանձնաժողովից այս առնչությամբ ոչ մի առարկություն չեն հայտնել, սակայն երեկ հանձնաժողովը խորը մտահոգություն է հայտնել Վերահսկիչ պալատի խորհրդի նիստի ընթացքում հրապարակված ուսումնասիրությունների արդյունքների, հնչեցված մեկնաբանությունների եւ մեղադրանքների կապակցությամբ: Հանձնաժողովի պաշտոնական կայք-էջում տեղադրված հաղորդագրության համաձայն, «կտրականապես մերժելով հնչեցված անհիմն գնահատականները եւ մեղադրանքները, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարում է, որ մոտ օրերս պաշտոնական հաղորդագրություն կհրապարակի՝ նպատակ ունենալով հավաստի տվյալներ ներկայացնել հանրությանը՝ Վերահսկիչ պալատի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ»: